Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի տարօրինակ մրցավազքը

Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի տարօրինակ մրցավազքը

24/05/2021 - 16:43

2020/21 մրցաշրջանը դեռ չմեկնարկած՝ բավական տարօրինակ մրցավազք էր խոստանում Լա Լիգայում։ Երեք գլխավոր հավակնորդներից միայն «Ատլետներին» հաջողվեց նշանակալից ուժեղացնել կազմը՝ ձեռք բերելով Լուիս Սուարեսին։

Ընդհանուր առմամբ, Լուիս Սուարեսի տրանսֆերը կարող է լավագույններից համարվել  Դիեգո Սիմիոնեի թիմի պատմության մեջ։ Ուրոգվայցի հարձակվողը ոչ միայն շատ ցածր գնով բաժին հասավ «Ատլետիկո Մադրիրդին», այլև համաձայնվեց ավելի ցածր աշխաավարձին։

«Ռեալ Մադրիդը» ուժն իր հին գլադիատորներն էին , իսկ «Բարսելոնայում» ամեն ինչ խառնվել էր իրար՝ կապված Լեո Մեսսիի հնարավոր հեռանալու, ինչպես նաև նախկին նախագագ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ բողոքներով ու Ռոնալդ Կումանի նշանակությամբ թիմի գլխավոր մարզչի ղեկին։

Ահա այսպիսի պայմաններում էր մեկնարկում Լա Լիգայի 2020/2021 մրցաշրջանը։

«Ատլետիկո Մադրիդ»

«Հնդկացիները», միանշանակ, Դիեգո Սիմիոնեի օրոք հասան իրենց գագաթնակետին։ Դեռ 2011 թվականին ոչ ոք չէր պատկերացնում, որ «ատլետները» ոչ միայն երկու անգամ կնվաճեն Լա Լիգայի չեմպիոնի կոչումը, այլև կլինեն մշտական մրցակից իսպանական երկու գրանդների համար։ Այստեղ կարևոր է «մշտական» բառը, քանի որ շատ թիմեր են եղել, որոնք «Բարսելոնայի» ու «Ռեալի» հետ մրցակցել ու նաև հաղթել են Լա Լիգան, բայց աչքի չեն ընկել կայունությամբ։

2020/2021 մրցաշրջանի ընթացքում Էլ Չոլոյի թիմն արդեն 19-րդ տուրից հետո վաստակել էր 50 միավոր, ինչը ռեկորդային էր «Ատլետիկոյի» համար։ Այս ֆենոմենալ մեկնարկը նրանց տվեց 10 միավորի առավելություն հունվար ամսին, որը արդեն մարտին անհետացել էր։

Այդ պահին ամեն ինչ կարող էր փլուզվել, և «Ատլետիկոյին» հետապնդող «Ռեալն» ու «Բարսելոնան» , նույնւիսկ «Սևիլիան» ավելի իրական հավակնորդ էին դիտարկվում չեմպիոնության համար, քան Դիեգո Սիմիոնեի թիմը։ Ճնշումը ահռելի էր, յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ուներ, և արդյունքում սայթաքեցին մրցակիցները, իսկ «Ատլետիկոն» իր ավելի ամուր գտնվեց հոգեբանական առումով։

Կարևոր է նշել, որ «հնդկացիների» ֆուտբոլը փոփոխությունի է ենթարկվել․  սա լրիվ այլ թիմ է և արմատապես տարբերվում է այն նախկին «Ատլետիկոյից», որը 2013/2014 մրցաշրջանում նվաճեց Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Ունենալով Ժոաո Ֆելիշի և Տոմա Լեմարի պես ֆուտբոլիստներ՝ Դիեգո Սիմիեոնեն փորձում է այլ ֆուտբոլ ներարկել իր թիմին՝ ավելի շատ նախաձեռնող և գնդակի վերահսկողությամբ։ Այդ էր պատճառը, որ այս մրցաշրջանում Էլ Չոլոն շատ դանդաղ 4-4-2 տակտիկական դասավորությունից անցավ 3-5-2-ի, բայց բազայինը թողնելով նույն 4-4-2-ը։

«Ատլետիկոյի» համար մեծ հարված էր Թոմաս Փարթիի հեռանալը «Արսենալ» ամառային տրանսֆերային պատուհանի վերջնամասում, ինչը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, բայց սա տվեց թիմին նաև հնարավորություն․ այժմ Կոկեն արդեն կարող էր խաղալ կենտրոնական դեր երեք կիսապաշտպաններով դասավորվածության դեպքում։ Ընդհանուր առմամբ, Կոկեն մաքուր կենտրոնական կիսպաշտպան է, ով շատ է սիրում կառուցել գրոհի մեկնարկը, ինչպես նաև շատ է աշխատում։

Այս վերակառուցումը շատ դանդաղ է ընթանում «Ատլետիկոյում», և ամենակարևոր հանդիպումներում Սիմիոնեն վերադառնում է 4-4-2-ի, ինչը նշանակում է, որ 3-5-2 -ը դեռ կատարելության հասված չէ։   

«Ռեալ Մադրիդ»

«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ վերջին 11 տարիների ընթացքում մրցաշրջանն ավարտեց առանց որևէ գավաթի։

Սա, իհարկե, նշանակալից բացասական հանգամանք է, բայց, որքան էլ տարօրինակ թվա, այս մրցաշրջանը չի կարելի վատը համարել  Զինեդին Զիդանի համար։ Թիմը և՛ Լա Լիգայում, և՛ Չեմպիոնների Լիգայում, չնայած ահռելի կադրային խնդիրներին, պայքարեց մինչև վերջ։ Ինչպես «Ռեալի», այնպես էլ «Բարսելոնայի» ապագայի ու նրա խնդիրների մասին պետք է առանձին խոսել իհարկե, բայց այս մրցաշրջանի մասով եթե դիտարկենք, ապա կարելի նշել հետևյալը․ Զինեդին Զիդանի թիմը հոյակապ խաղացողներ ունի, բայց 2020/2021 մրցաշրջանը ցույց տվեց, որ արմատական փոփոխությունների ժամանակն է։

«Մադրիդում» խաղը պտտվում է եռյակ կիսապաշտպանների շուրջ՝ Մոդրիչ-Կազեմիրո-Կրոս։ Իհարկե, այս ֆուտբոլիստներին հնարավոր չէ անմիջապես փոխարինել, բայց պետք է հաշվի առնել որ, օրինակ, հոյակապ Մոդրիչն արդեն 35 տարեկան է  և այս մրցաշրջանում 3000 րոպեից ավել  է խաղաժամանակ է  ունեցել, նույնը կարելի ասել Տոնի Կրոսի մասին։

 Նշված ֆուտբոլիստները չեն կարող ամբողջ մրցաշրջանը մեկ շնչով խաղալ, քանի որ կան վնասվածքներ ու ֆիզիկական խնդիրներ, իսկ պլան Բ-ն անպայման է, որն այս մրցաշրջանի «արքայական» ակումբում չկար։

Առանց գավաթների տարին նշան է, որ պետք է արմատական փոփոխություններ «Մադրիդում»․ ուղղակի այստեղ դեռ հարց է այդ փոփոխությունները կանի Զիդանը, թե մեկ ուրիշը։

«Բարսելոնա»

Դեռ 2020/2021  մրցաշրջանը չմեկնարկած՝ Կատոլիայի մայրաքաղաքում անորոշոության ուրվականն էր թափառում։ Լեո Մեսսին ցանկություն էր հայտնել հեռանալ ակումբից, այդ ժամանակվա նախագահ Բարտոմեուի հրաժարականն էր պահանջում գրեթե ողջ Բարսելոնա քաղաքը, իսկ Կումանի նշանակումն էլ միյան ավելի շատ հարցեր էին առաջացրել։

Իհարկե, նման մթնոլորտում թիմը չէր կարող նորմալ մեկնարկի մասին ակնկալել։ Բայց, ընթացքում փոթորիկը հանդարտվեց․ Բարտոմեուն հայտարարեց հարաժարական տալու մասին, իսկ Լեո Մեսսին մնաց թիմում, Ռոնալդ Կումանն էլ մի քանի տակտիկական հետաքրքիր որոշումներ ի հայտ բերեց։ Այս բոլոր հանգամանքները օգնեցին «Բարսելոնային» ավելի շատ կենտրոնանալ ֆուտբոլի վրա։

Ռոնալդ Կումանը բավականին հետաքրքիր դեր էր ընտրել Ֆրենկի դե Յոնգի համար, ով մեկնարկում էր որպես կենտրոնական պաշտպան, բայց խաղադաշտում շարժվում էր ազատ գոտիներ։ Այս մտահաղացումը հնարավոր էր դարձնում լավագույնս օգտագործել հոլանդացու խաղային որակները առկա պայմաններում։ Սակայն, Մադրիդում կայացած վերջին Էլ Կլասիկոյում, չգիտես ինչու, հոլանդացի մասնագետը հրաժարվեց այդ մտքից և հենց այդ խաղը դարձավ կրկին անկման պատճառ։

Կարևոր է նշել, որ «Բարսելոնայի» խաղային լուծումները բազային, համակարգային չեն դառնում։ Այդ է պատճառը, որ մի փոքր շեղումը շատ թանկ է նստում կատալոնակամն ակումբի համար։

«Բլաուգրանասն» արդեն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանում նվաճել Լա Լիգայի չեմպիոնի կոչումը․ վերջին անգամ նման բան պատահել էր 2006/2007 և 2007/2008 մրցաշրջաններում։ Կատալոնիայում վաղուց հասունացել և անցել է փոփոխություններ կատարելու ժամանակը։ Երբ հիվանդի բուժումն ուշացնում ես, հիվանդությունը էլ ավելի է բարդանում։ Ահա այսպիսի իրավիճակում է հայտնվել «կապտանռնագույն» ակումբը։  

Չնայած «Ռեալի» և «Բարսելանայի» խնդիրներին՝ նրանք շատ ավելի լավ մրցաշրջան անցկացրին, քան «Ատլետիկո Մադրիդը»։ Պարզապես Դիեգո Սիմեոնեի թիմը նախանձելի արդյունավետություն էր դրսևորում, ինչը, իհարկե չէր կարող չազդել մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքի վրա։

Ուշադրություն դարձրեք՝ xPTS (xG Points)-ով առաջինը «Բարսելոնան» է, այսինքն, սա ցույց է տալիս հավանական գոլերի հիման վրա հավանական ձեռք բերված միավորները, ինչը, միանշանակ, չի նշանակում, որ «Ատլետները» արժանի չէին չեմպիոնի տիտղոսին։ Իհարկե, արժանի էին, և միշտ հաղթողն է արժանի, ուղղակի սա ցույց է տալիս Լա Լիգա գլխավոր երեք թիմերի ավելի շատ խնդիրները, քան առավելությունները, այսինքն, հաղթեց այն թիմը, որը ոչ թե լավագույն մրցաշրջանը անցկացրեց, այլ այն թիմը, որը ավելի քիչ սխալներ գործեց։

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023