Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն՝ ըստ Interfootball-ի
Մոտենում է ավարտին իսպանական Լա լիգայի հերթական խաղարկությունը։ հուլիսի 16-ին կայացավ մրցաշարի նախավերջին՝ 37-րդ տուրը, որի արդյունքում հայտնի դարձավ մրցաշարի չեմպիոնը։ Կորոնադադարից հետո «Ռեալը» հաղթել է անցկացրած բոլոր 10 խաղերում, ինչի արդյունքում 34-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը։
Ժամանակն է եկել, որպեսզի ամփոփենք ողջ մրցաշրջանը, քանի որ առաջնության գրեթե բոլոր հարցերը փակված են։ Interfootball.am կայքի ընթերցողների համար առանձնացրել ենք Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի համար ընտրել ենք 4-3-3 մարտավարական սխեման։ Գնացինք։
Դարպասապահ – Տիբո Կուրտուա
Ակումբ – «Ռեալ Մադրիդ»
Հանդիպումներ – 34
«Չոր» խաղեր – 18
Բաց թողած գոլեր – 20
Դարպասապահի դիրքում դժվար էր գտնել էլ ավելի արժանի թեկնածու, քան Տիբո Կուրտուան է, սակայն բելգիացի դարպասապահը մրցաշրջանի մեկնարկում պարզապես խայտառակ էր հանդես գալիս։ Նույնիսկ հանդիպումներից մեկի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այնքան դժգոհ է եղել Կուրտուայի խաղից, որ ընդմիջմանը ստիպված էր փոխարինել նրան, սակայն այդ դեպքից հետո 28-ամյա դարպասապահը միայն փայլուն հանդիպումներ է անցկացրել։
Կուրտուան առաջնության վերջնահատվածում անցկացրած 10 խաղերում բաց է թողել ընդամենը 4 գնդակը՝ դարպասն անառիկ պահելով 6 անգամ, իսկ ընդհանուր առմամբ բելգիացի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում 18 «չոր» հանդիպում է անցկացրել, ինչը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավագույն ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով Կուրտուան գերազանցում է նույնիսկ վերջին 4 մրցաշրջանների անվիճելի առաջատար Յան Օբլակին, ով 2015/16 մրցաշրջանից սկած մինչև 2018/19 մշտապես «չոր» հանդիպումների քանակով եղել է լավագույնը։ Օբլակն այդ ցուցանիշով ընթացիկ մրցաշրջանում կարող է միայն հավասարվել Կուրտուային, քանի որ անցկացրել է 17 «չոր» հանդիպում։
Աջ պաշտպան – Էմերսոն
Ակումբ – «Բետիս»
Հանդիպումներ – 32
Գոլեր – 3
Գոլային փոխանցումներ – 6
Թող ներեն «Ռեալի» և ընդհանրապես Դանի Կարվախալի բոլոր երկրպագուները, սակայն մեր ընտրությունը կանգ է առել 21-ամյա տաղանդավոր բրազիլացի պաշտպան Էմերսոնի վրա, ով «Բետսի» կազմում պարզապես փայլուն մրցաշրջան անցկացրեց։ Հավելենք, որ Էմերսոնի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»․ անդալուսական ակումբի կազմում երիտասարդ պաշտպանը հանդես է գալիս վարձավճարով։
Էմերսոնն իր կարիերայի ընթացքում առաջին ամբողջական մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայի շրջանակում և կարող ենք ասել, որ բավականին հասուն ֆուտբոլ է ցուցադրում։ Էմերսոնն ընթացիկ մրցաշրջանում ոչ միայն աչքի է ընկել պաշտպանողական հասուն խաղով, այլև իր թիմի հարձակման ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է դարձել։ Էմերսոնը Լա լիգայի շրջանակում մեկ խաղում միջինը կատարում է 0,9 «կարևոր» փոխանցում, ինչից հետո նրա խաղընկերները դեպի մրցակցի դարպասը հարված են կատարում, 0,8 անգամ հարվածում է դարպասին, 2 անգամ կատարում երկար փոխանցում, իսկ ընդհանրապես Էմերսոնի բոլոր փոխանցումների 79%-ն ավարտվում են հաջողությամբ, այսինքն, այն հասնում է իր հասցեատիրոջը։ Պաշտպանական գործողություններից էլ կարելի է առաձնանցնել այն, որ 21-ամյա բրազիլացին մեկ խաղում միջինը 2,2 անգամ կանգնեցնում է մրցակցի գրոհները, իսկ 1,4 անգամ էլ գնդակը հեռացնում է սեփական տուգանային հրապարակից։ Համաձայն ենք, որ սրանք դեռևս բարձրակարգ պաշտպանի ցուցանիշներ չեն, սակայն եկե՛ք չմոռանանք, որ Էմերսոնն իր առաջին ամբողջական մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայում և ամեն ինչ դեռևս առջևում է, հատկապես եթե հաշվի առանենք, որ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։ Չենք կարող չնշել, որ Էմերսոնը խփած 3 գոլով և 6 գոլային փոխանցումով Լա լիգայի լավագույն աջ պաշտպանն է։
Կենտրոնական պաշտպան – Սերխիո Ռամոս
Ակումբ – «Ռեալ Մադրիդ»
Հանդիպումներ – 34
Գոլեր – 10
Գոլային փոխանցումներ – 1
Սերխիո Ռամոսի մասին խոսելու շատ բան չկա, միայն նրա անունն արդեն ամեն ինչ ասում է, սակայն Ռամոսը 34 տարեկան հասակում արդյուանվետության առումով կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում և «Ռեալի» այս չեմպոիոնթյան ամենակարևոր դերակատարն է։ Ընդհանրապես, ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը հենց Սերխիո Ռամոսն է։
Ռամոսը փայլուն անցկացրեց հատկապես առաջնության վերսկսումից հետո։ Այդ ընթացքում նա մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ այդ 5 գոլերից 3-ը դարձել են հաղթական։ Ճիշտ է՝ ընթացիկ մրցաշրջանում Ռամոսի խփած 10 գնդակներից 6-ը եղել են 11 մետրանոց հարվածից, սակայն այդ գոլերից շատերը եղել անչափ կարևոր ակումբի համար։
Բացի արդյունավետությունից, Ռամոսը նաև խաղային առումով անչափ կարևոր նշանակություն ունի «Ռեալի» համար, քանի որ «արքայական» ակումբի գրեթե բոլոր գրոհները սկսվում են հենց Ռամոսի առաջին փոխանցումից, իսկ ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանի փոխանցումների 90,9 %-ը հասնում են հաջողության։ Ռամոսը նաև կտրող փոխանցումների վարպետ է և մեկ խաղում միջինը կատարում է 6,9 երկար փոխանցում, իսկ պաշտպանվելիս էլ Ռամոսը բավականին բարելավել է իր խաղը վերջին շրջանում։ Ընթացիկ մրցաշրջանում նա միջինը մեկ խաղում 3 անգամ գնդակը հեռացնում է սեփական տուգանային հրապարակից և ընդամենը 0,6 անգամ է դրիբլինգի արդյունքում թույլ տվել, որ մրցակիցները շրջանցեն իրեն։
Ընդհանրապես, չենք վախենա ասել, որ Սերխիո Ռամոսը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Բացի խաղային առումներից, Ռամոսը ֆանտաստիկ առաջատար է թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Զգացվում է, որ երբ առաջնությունը անորոշ ժամանակով կանգնած էր, Ռամոսը անդադար մարզվել է։
Կենտրոնական պաշտպան – Դիեգո Կառլոս
Ակումբ – «Սևիլիա»
Հանդիպումներ – 34
Գոլեր – 2
Գոլային փոխանցումներ – 0
Շատերը կնշեն, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց «Սևիլիայի» 27 պաշտպան Դիեգո Կառլոսի, այլ ոչ օրինակ «Ատլետիկո Մադրիդի» պաշտպաններից մեկի վրա։ Շատ պարզ պատճառով․ քանի որ «Ատլետիկոյի» պաշտպաններից անչափ դժվար է որևէ մեկին առանձնացնել, երկրորդն էլ՝ մարդիդյան ակումբի կենտրոնական պաշտպաններն ընթացիկ մրցաշրջանում կայուն խաղով աչքի չեն ընկել։ «Հնդկացիների» կենտրոնական պաշտպաններից ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Ֆելիպեն, ով խաղադաշտում հայտնվել է ընդամենը 24 անգամ։
Ընտրությունը կանգ է առել Դիեգո Կառլոսի վրա նաև այն պատճառով, անդալուսական ակումբը բաց է թողել ընդամենը 34 գոլ և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ այդ ցուցանիշով կիսում է 3-4-րդ հորիզոնականը։ Բացի դրանից, «Սևիլիան» առաջնության վերջնամասը ֆանտաստիկ անցկացրեց։ Կայացած 10 խաղերից ոչ մեկում անդալուսական ակումբը չպարտվեց՝ տանելով 5 հաղթանակ, նույնքան հանդիպում էլ ավարտվեց ոչ-ոքի։ Այդ խաղերից 6-ում «Սևիլիան» դարպասն անառիկ պահեց, դե իսկ Դիեգո Կառլոսն էլ իր թիմի պաշտպանության նախարարն է։
Ինչպես Էմերսոնը, այնպես էլ Դիեգո Կառլոսը իր առաջին մրցաշրջանն է անկացնում Լա լիգայում։ Նա նախորդ տարի ֆրանսիական «Նանտից» 15 մլն եվրոյի դիմաց համալրեց «Սևիլիայի» շարքերը և անչափ արագ ամրագրեց իր տեղը մեկնարկային կազմում։
Կառլոսն ընթացիկ մրցաշրջանում բավականին հաջող է խաղում պաշտպանվելիս․ նա միջինը մեկ խաղում 5 անգամ գնդակը հեռացնում է սեփական տուգանային հրապարակից․ այդ ցուցանիշով նա «Վալյադոլիդի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի հետ առաջատար է։ Կառլոսը նաև գրեթե միշտ ստանդարտ խաղարկումների ժամանակ միանում է իր թիմի գրոհներին և միջինը մեկ խաղում 0․6 հարված է կատարում մրցակցի դարպասին, նա նաև երկար փոխանցումների վարպետ է՝ 4․7 անգամ կատարելով երկար փոխանցում։ Նրա կարճ փոխանցումներն էլ են լավ մակարդակի, քանի որ 53․9 փոխանցումներից 85%-ը հասնում են հասցեատիրոջը։
Ձախ պաշտպան – Պերվիս Էստուպինիան
Ակումբ – «Օսասունա»
Հանդիպումներ – 35
Գոլեր – 1
Գոլային փոխանցումներ – 6
Եվս մեկ ֆուտբոլիստ, ով իր առաջին ամբողջական մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայում, և ընդհանրապես մեծ ֆուտբոլում։ Երիտասարդ պաշտպանն այս հավաքականում պայքարից դուրս է թողել ինչպես Ժորդի Ալբային, այնպես էլ Ֆերլան Մենդիին։ Ժորդի Ալբան ընթացիկ մրցաշրջանը պարզապես ձախողեց, իսկ Ֆերլան Մենդին կա՛մ բացակայում էր վնասվածքների պատճառով, կա՛մ որակազրկված էր կա՛մ էլ մարզչական շտաբը նրան թողնում էր պահեստայինների նստարանին։ Էստուպինիանի փոխարեն կարող էր հայտնվել նաև «Սելտայի» պաշտպան Լուկաս Օլասան, սակայն, ամեն դեպքում, ընտրել ենք հենց 21-ամյա էկվադորցի ֆուտբոլիստին։
Էստուպինիանն ընթացիկ մրցաշրջանում կատարել է 6 գոլային փոխանցումը, իսկ այդ ցուցանիշը ձախ պաշտպանների շրջանակում լավագույնն է։ Էստուպինիանը բավականին արագաշարժ է, ինչն էլ նրան օգնեց միջակ «Օսասունայի» կազմում ցուցադրել բավականին լավ ֆուտբոլ ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձավելիս։ Էստուպինիանը միջինը մեկ խաղի ընթացքում 2․4 անգամ կասեցնում է մրցակցի գրոհները և 1․7 անգամ կատարում է գնդակի ուղիղ խլում, ինչը եզրային պաշտպանի համար անչափ լավ ցուցանիշ է։ 21-ամյա պաշտպանը հարձակվելիս 1․1 անգամ գնդակը «կախում» է դեպի մրցակցի տուգանային հարված և կատարում է 1․2 «կարևոր» փոխանցում։ Բացի այս ամենից, երիտասարդ պաշտպանը բավականին լավ տեխնիկական որակներով է օժտված, ինչն էլ նրան օգնում է 1․7 անգամ հաջողված դրիբլինգի դիմել։
Էստուպինիանը «Օսասունայի» կազմում հանդես է գալիս վարձավճառով, քանի որ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վոթֆորդին»։ Երիտասարդ պաշտպանի հաջող խաղն արդեն գրավել է «Բարսելոնայի» սկաուտների ուշադրությունը և կանեն ամեն ինչ, որպեսզի ձեռք բերեն երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստնին։
Հենակետային կիսապաշտպան – Կազեմիրո
Ակումբ – «Ռեալ Մադրիդ»
Հանդիպումներ – 34
Գոլեր – 4
Գոլային փոխանցումներ – 3
Կարծում ենք՝ օրինաչափ է, որ «Ռեալի» ֆուտբոլիստներն այս հավաքականում գերակշռում են։ Բացի նրանից, որ այդ թիմը հռչակվեց Լա լիգայի չեմպիոն, նրա խաղացողների մեծ մասը գրեթե ողջ մրցաշրջանը բավականին բարձր մակարդակով են անցկացրել։
Կազեմիրոն այս դիրքում շատ մրցակիցներ չուներ, սակայն կային որոշ ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես հաջող մրցաշրջան են անցկացրել։ Կարելի է առանձնացնել, օրինակ, «Ատլետիկո Մադրիդից» Թոմա Փարթիին, «Խետաֆեից» Դավիդ Թիմորին, «Գրանադայից» Յանխել Էրերային, դե իսկ Սերխիո Բուսկետսն էլ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» լուսավոր կետերից մեկն էր, սակայն Կազեմիրոն հավասարը չուներ։
28-ամյա բրազիլացին «Ռեալի» դաշտի կենտրոնական հատվածի միակ ֆուտբոլիստն է, ում փոխարինելը գրեթե անհնար է, ով դարձել է իր թիմի խաղը հավասարակշռող օղակ։ Ստանալով փոխանցում կենտրոնական պաշտպաններից՝ Կազեմիրոն հիանալի է սկսում իր թիմի գրոհները, ինչը շարունակում է անել նաև մրցակցի գրոհները քանդելիս։ Կազեմիրոն ընթացիկ մրցաշջանում միջինը մեկ խաղում 2․8 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները, ինչը երրորդ ցուցանիշն է, 2 անգամ էլ գնդակի ուղիղ խլում է կատարել։ Նա նաև մշտապես օգնում է իր թիմին ստանդարտ իրավիճակների ժամանակ և ամեն խաղում 1․9 անգամ գնդակը հեռացնում է սեփական տուգանային հրապարակից։ Բրազիլացին նաև հասցնում է հարձակվել և հեռահար հարվածների սիրահար է, այդ պատճառով էլ նա հետակետայինի համար բավականին բարձր հարվածների ցուցանիշ ունի՝ միջինը մեկ խաղում հարվածելով 1․3 անգամ։ Ինչպես նշեցինք, նա նաև խաղ կառուցելու վարպետ է և յուրաքանչուր խաղում կատարած 6․6 երկար փոխանցումներով փորձում է գտնել հարձակվողներին։
Կարծում ենք՝ այպիսի բազմաֆունցիոնալ հենակետայինն էլ ավելի կուժեղացնի մեր առանց այդ էլ հզոր խորհրդանշական հավաքականը։
Կենտրոնական կիսապաշտպան – Սանտի Կասորլա
Ակումբ – «Վիլյառեալ»
Հանդիպումներ – 34
Գոլեր – 11
Գոլային փոխանցումներ – 9
Այս հավաքականում չէինք կարող չընդգրկել 35-ամյա Սանտի Կասորլային, ով միանշանակ արդեն լեգենդար ֆուտբոլիստ է։ Կասորլան «Արսենալում» հանդես գալու տարիներին 2016 թվականի հոկտեմբերի 20-ին վնասվածք ստացավ։ Կոճի վնասվածքի պատճառով նա բաց թողեց ոչ ավել, ոչ պակաս 618 օր։ Այդ վնասվածքից հետո վտանգ կար, որ Կասորլան նույնիսկ կարող է մնալ առանց ոտքի, սակայն նա չընկճվեց, ենթարկվեց մի շարք վիրահատությունների և 2018 թվականի օգոստոսի 18-ին հարազատ «Վիլյառեալի» կազմում վերադարձավ խաղադաշտ։
Դժվար է հավատալ, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը արդյունավետության առումով իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում։ Սանտի Կասորլան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն դարձել է 15 գոլի հեղինակ, որոնցից 11-ը խփել է հենց Լա լիգայի շրջանակում։ Հատկանշական է, որ ներքին առաջնություններում սա նրա երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Լավագույն ցուցանիշը գրանցվել է 2012/13 մրցաշրջանում, երբ նա իր առաջին մրցաշրջանն էր անցկացնում Պրեմիեր լիգայի շրջանակում․ այդ ժամանակ իսպանացի կիսապաշտպանը մասնակցեց առաջնության բոլոր հանդիպումներին և դարձավ 12 գոլի հեղինակ։ Լա լիգայի շրջանակում դեռևս մեկ հանդիպում կա․ միգո՞ւցե 35-ամյա կիսապաշտպանը փորձի կրկնել իր լավագույն ցուցանիշը։
Այս դիրքում հայտնվելու համար Կասորլայի հիմնական մրցակիցներն էին Տոնի Կրոսը, Արթուրո Վիդալը, Դանի Պարեխոն և իհարկե Մարտին Էդեգորը, ով ամենահավանականն էր, որ կարող էր ընդգրկվել մեր խորհրդանշական հավաքականում, սակայն նախապատվությունը տվել ենք հենց Կասորլային, քանի որ Էդեգորը մրցաշրջանի միջնամասից սկսած պարզապես սկսեց վատ ֆուտբոլ ցուցադրել։ 36-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալի» դեմ խաղում նորվեգացի խավբեքը խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ մինչև այդ վերջին անգամ Լա լիգայի շրջանակում արդյունավետ գործողությամբ աչքի էր ընկել 2019 թվականի դեկտեմբերի 22-ին․․․ Կասորլան մրցաշրջանի վերջնամասը բավականին հաջող անցկացրեց․ մինչ այս նա մասնակցել է կայացած բոլոր 10 հանդիպումներին՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Հատկանշական է, որ առաջնության վերսկսումից հետո «դեղին սուզանավի» ֆուտբոլիստները վերելքով հանդես եկան՝ 9-րդ տեղից ցատելով 5-րդ հորիզոնական, ինչն էլ թույլ տվեց նրանց Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերել։
Բացի այն, որ Կասորլան արդյունավետությամբ է աչքի ընկնում, նա նաև բավականին որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Նա միջինը մեկ խաղում 2 «կարևոր» փոխանցում է կատարում և 3․7 երկար փոխանցում, իսկ ընդհանրապես նրա փոխանցումների 86․2 %-ը ճշգրիտ են լինում։ Կասորլայից գնակը խլելը անչափ բարդ է, ինչի արդյունքում նա 1․4 անգամ դիմում է հաջող դրբլինգի։
Ենթահարձակվող – Ռաուլ Գարսիա
Ակումբ – «Ատլետիկ Բիլբաո»
Հանդիպումներ – 34
Գոլեր – 15
Գոլային փոխանցումներ – 1
Ենթահարձակվողի դիրքում նախապատվությունը տվել ենք «Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստ Ռաուլ Գարսիային, ով ներքին առաջնությունում արդյունավետության առումով լավագույն մրցաշրջանն է անցկացնում, սակայն, պետք է նշենք, որ 34-ամյա Գարսիան ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի մեծ մասը խփել է կենտրոնական հարձակվողի դիրքում։ Գարսիան հարվածային անցկացրեց հատկապես առաջնության վերջնամասը․ մասնակցեց 9 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Ռաուլ Գարսիային մեր հավաքականում չընդգրկել պարզապես չէինք կարող, ով, չնայած 34 տարեկան է, սակայն դաշտում անհավանական աշխատանք է կատարում։ Գարսիային բորոշող ռուսերեն հիանալի բառ կա՝ работяг, ով անդադար շարժվում է՝ փնտրելով հարվածելու հնարավորություն։ Նա մշտապես միտված է դեպի դարպասը, ինչն էլ նրան օգնում է մեկ խաղում միջինը կատարել 2․3 հարված։ Կարելի է նշել, որ բասկ ֆուտբոլիստի ամենաուժեղ կողմը գլխով խաղն է, ինչ էլ թույլ է տալիս 6․1 անգամ հաղթող դուրս գալ օդային մենապայքարներում։ Այդ ցուցանիշով Գարսիան Լա լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների շրջանակում երկրորդն է՝ զիջելով միայն «Ալավեսի» կենտրոնական հարձակվող Խոսելուին (8․8 հաղթած օդային մենապայքար)։ Հատկանշական է, որ Գարսիան գլխով հիանալի խաղի համար ունի միջակ՝ 184 սմ հասակ։
Երբեմն կարող է տպավորություն ստեղել, թե 34-ամյա ֆուտբոլիստը դանդաղաշարժ է, սակայն դա միայն պատրանք է, քանի որ նա Լա լիգայի շրջանակում անցկացրած 34 հանդիպման ընթացքում միջինը մեկ խաղում 1․7 անգամ դիմում է հաջող դրիբլինգի։ Նա հաջողությամբ օգնում է նաև պաշտպանությանը՝ 1․6 անգամ կասեցնելով մրցակցի գրոհները և 1․2 անգամ հեռացնելով գնդակը սեփական տուգանային հրապարակից։ Կարճ ասած՝ работяг, ով արժանիորեն տեղ զբաղեցրեց մեր խորհրդանշական հավաքականում։
Ձախ վինգեր – Լուկաս Օկամպոս
Ակումբ – «Սևիլիա»
Հանդիպումներ – 32
Գոլեր – 14
Գոլային փոխանցումներ – 3
Ձախ վինգերի դիրքում նախապատվությունը տվել ենք «Սևիլիայի» 26-ամյա վինգեր Լուկաս Օկամպոսին, ով ավելի շատ նախընտրում է հանդես գալ աջ եզրից, սակայն Օկամպոսն այնքան հաջող ու լավ մրցաշրջան է անցկացնում, որ շատ էինք ցանկանում նրան ընդգրկել մեր կազմում, և էլ ինչ վինգեր, եթե չի չկարողանա հանդես գալ հարձակման երկու եզրերում էլ։ Սակայն, պետք է նշենք, որ Օկամպոսն իր կարերայի ընթացքում ավելի շատ հանդիպումներ անցակցրել է հենց ձախ վինգերի դիրքում, քան աջ։ 117 հանդիպման մասնակցել է որպես ձախ, 74 հանդիպում՝ որպես աջ վինգեր։
Օկամպոսի փոխարեն ձախից կարող էինք ընգրկել, օրինակ, «Ռեալ Սոսիեդադի» վինգեր Միկել Օյարսաբալին, սակայն «Սևիլիայի» կախվածությունն ավելի մեծ է Օկամպոսից, քան «Սոսիեդադինը» Օյարսաբալից։ Բասկյան ակումբն ավելի թիմային ֆուտբոլ է ցուցարդում և նրանց կազմից որևէ մեկին առանձնացնելն ավելի դժվար է։ Չնայած՝ Օյարսաբալն էլ ընթացիկ մրցաշրջանը բավականին բարձր մակարդակով անցկացրեց՝ անցկացրած 36 խաղում դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Օկամպոսը, ի տարբերություն Օյարսաբալի, ավելի անհատական ֆուտբոլիստ է և սիրում է միայնակ լուծել դրվագի ելքը։ Նա տեխնիկապես բավականին զարգացած ֆուտբոլիստ է, ինչը թույլ է տալիս միջինը մեկ խաղում կատարել 2․1 հաջողված դրիբլինգ, դրան էլ հետևում է այն, որ արգենտնացի ֆուտբոլիստը անընդհատ փորձում է հարվածներ կատարել դարպասին (միջինը մեկ խաղում 2․6 անգամ): Ստացվում է այնպես, որ Օկամպոսը բավականին էֆֆեկտիվ է․ 2․6 հարված, 14 գոլ։ Բացի դրանից, Օկամպոսը հասցնում է նաև օգնել պաշտպաններին՝ 1․7 անգամ կասեցնելով մրցակցի գրոհները։
Ակնհայտ է նաև, որ Օկամպոսն ունի նաև առաջատարի հատկանիշներ, ինչն ապացուցվեց վերջերս՝ հուլիսի 6-ին, Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Էյբարի» դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Արգենտինացի ֆուտբոլիստը նախ 56-րդ րոպեին խփեց իր թիմի միակ և հաղթական գնդակը, իսկ այնուհետև 96-րդ րոպեին վնասվածք ստացած դարպասապահ Տոմաշ Վացլիկի փոխարեն կանգնեց դարպասին, քանի որ Խուլիեն Լոպետեգին այլևս փոխարինումների հնարավորություն չուներ։ Գերպատասպանատու պահին Լուկաս Օկամպոսը համարձակություն ունեցավ կանգնել իր թիմի դարպասապահին, ինչ էլ ապահովեց անհավանան խաղավարտ, քանի որ 100-րդ րոպեին «Էյբարի» ֆուտբոլիստները անկյունային հարվածի իարվունք էին ստացել։ Մրցակցի տուգանային հրապարակում էր հայտնվել նաև բասկյան ակումբի դարպասապահ Մարկո Դիմիտրևիչը։ Իրացված անկյունայինից հետո հարվածային դիրքում հայնտվեց հենց «Էյբարի» դարպասապահը, սական սերբ դարպասապահի հարվածից հետո արգենտինացի հարձակվողը հերոսաբար փրկեց իր թիմին։
Լուկաս Օկամպոսը, ինչպես մեր հավաքականում ընդգրկված բազմաթիվ այլ ֆուտբոիստներ, իր առաջին և լավագույն մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայում`օգնելով «Սևիլիային» նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Հուսանք՝ Օկամպոսը բարձր մակարդակով կշարունակի հանդես գալ նաև հաջորդ մրցաշրջանում, եթե, իհարկե, մնա անդալուսական ակումբում․․․ նրա ծառայություններով արդեն սկսել են հետաքրքրվել մի շարք գրանդ ակումբներ, իսկ ժամանակին նա չկարողացավ ամրագրվել «Միլանի» կազմում։
Աջ վինգեր – Լեո Մեսսի
Ակումբ – «Բարսելոնա»
Հանդիպումներ – 32
Գոլեր – 23
Գոլային փոխանցումներ – 21
Այս դիրքում անհնար էր ընդգրկել որևէ այլ ֆուտբոլիստի։ Միայն պատկերացրեք՝ «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում խփել է 81 գնդակ, որոնցից 44-ը խփվել է հենց Լեո Մեսսիի անմիջական մասնակցությամբ։
«Լուն» անհատական առումով միանշանակ Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստն է գրեթե բոլոր ասպեկտներում։ Մեսսիի մասին խոսելու շատ կարիք չկա, պարզապես նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա առաջատար է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են միջինը մեկ խաղում կատարծ հարվածների (4․8), հաջողված դրիբլիգների (5.5), «կարևոր» փոխանցումների քանակով (2․7), ինչպես բոլորից շատ է ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ 21 անգամ։ Ընդ որում, Մեսսին այդ ցուցանիշներով հսկայական առավելություն ունի մոտակա հետապնդողների նկատմամբ։ Բացի այս ամենից, Մեսսին, ըստ Whoscored կայքի, Լա լիգայի բոլոր ֆուտբոլիստների շրջանակում ստացել է ամենաբարձր՝ 8․67 գնահատականը։ Այդ գնահատականը բոլոր մասնակցած հանդիպումներոում ստացած գնահատականի ընդհանուր համագումարն է։ Հատկանշական է, որ արգենտինացի հարձակվողին հաջորդող Կազեմիրոն ստացել է 7․49 գնահատականը։
Տարեց տարի Լեո Մեսսին վերածվում է տիպիկ փյելմեյքերի, ով դաշտում հանդես է գալիս որպես «свободный художник», այսնինքն, նա բառի ամենաուղիղ իմաստով, դաշտում անում է այն, ինչ ցանկանում է։ Հենց դա էլ նրան օգնում է ինչպես կառուցել իր թիմի խաղը, այնպես էլ եզրափակել։ Սակայն, պետք է նշենք, որ արգենտնիացի ֆուտբոլստը վերջին շրջանում ավելի շատ աչքի է ընկնում միայն գոլային փոխանցումներով, քան գոլերով։ Առաջնության վերսկսումից հետո արգենտինացին մասնակցել է 10 հանդիման՝ դառնալով 9 գոլային փոխանցման հեեղինակ։ Մեսսին գոլերից էլ անմասն չի մնացել, սակայն դրանք ընդամենը 4-ն են եղել։ Ընթացիկ մրցաշրջանում Լեո Մեսսին արդեն կատարել է 21 գոլային փոխանցում: Այդ ցուցանիշը Մեսսիի կարիերայում լավագույնն է, իսկ Լա լիգայի ռեկորդը կրկնելու համար անհրաժեշտ է ևս երկու անգամ կատարել արդյունավետ փոխանցում։ 2008/09 մրցաշրջանում Խավին կատարել էր 23 արդյուանվետ ասիստ։ Կարճ ասած, Լեո Մեսսին իր ողջ հմայքով․․․
Ցավոք, Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում բացարձակ միայնակ է մնացել, իսկ նա արդեն 33 տարեկան է և այլևս չի կարողանում նախկինի պես մեկ դրվագով լուծել ողջ խաղի ելքը։ Կլինենք անկեղծ՝ շատ ենք ցանկանում «Բարսելոնային» կրկին տեսնել վերելքում, քանի որ կար մի ժամանակ, երբ այդ թիմից բոլորը սարսափում էին, իսկ Լեո Մեսսին ցուցադրում էր հանճարեղ ֆուտբոլ։ Նա միանշանակ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ լավագույնը։
Կենտրոնական հարձակվող – Կարիմ Բենզեմա
Ակումբ – «Ռեալ Մադրիդ»
Հանդիպումներ – 36
Գոլեր – 21
Գոլային փոխանցումներ – 8
Կարիմ Բենզեմային իրավմամբ կարելի է համարել եվրոպական ֆուտբոլի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը։ 32-ամյա ֆրանսիացի կենտրոնական հարձակվողը երկար տարիներ մնացել է Կրիշտիանու Ռոնալդուի ստվերի ներքո և դարձել էր պորտուգալացի ֆուտբոլիստի մարտավարական խաղընկերը՝ ստեղծելով նրա համար պահեր և տարածություն։ Հենց այդ պատճառով էլ Բենզեման այդպես էլ մինչև վերջ չբացահայտեց իր գոլահարի հատկանիշները։
Ընդհանուր առմամբ, կենտրոնական հարձակվողի դիրքում Կարիմ Բենզեման ուներ մի շարք մրցակիցներ, ինչպես օրինակ, Լուիս Սուարեսը, «Վիլյառեալից» Ժերար Մորենոն, «Սելտայի» առաջատար Յագո Ասպասը, սակայն այս ֆուտբոլիստներն այդքան էլ կայուն ֆուտբոլ չցուցադրեցին ողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ Բենզեման ամենակարևոր պահերին իր խփած գոլերով միշտ օգնում էր «Ռեալին»։
Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում խփել է 21 գնդակ։ Նրա լավագույն մրցաշրջանը համարվում է 2015/16-ը, երբ դարձավ 24 գոլի հեղինակ, իսկ 21 գոլի հեղինակ նա դարձել է նաև 2018/19 և 2011/12 մրցաշրջաններում, այսինքն, նա իր ակտիվում ունի ևս մեկ հանդիպում, որպեսզի ներքին առաջնություններում մեկ մրցաշրջանի ընթացքում երկրորդ արդյունավետ մրցաշրջանը գրանցի։
Ընդհանրապես, Կարիմ Բենզեման բավականին բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, ինչն էլ օգնում է նրան ինչպես երզափակել, այնպես էլ ստեղծել իր խաղընկերների համար, ինչն էլ հանգեցրել է նրան, որ նա Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում միջինը մեկ խաղում կատարել է 1․6 «կարևոր» փոխանցում, իսկ դրա հետևանքը կատարած 8 գոլային փոխանցումներն են։ Բենզեման նաև դարպասին միտված հիանալի հարձակվող է՝ մեկ խաղում միջինը կատարելով 3․4 հարված։ Այդ ցուցանիշով ֆրանսիացին զիջում է միայն Լեո Մեսսիին (5․5 հարված) և «Օսասունայի» արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլային (3․5)։ Բենզեման Լեո Մեսսիից հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ամենաշատը ճանաչված երկրորդ ֆուտբոլիստն է․ 32-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 10 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ցուցանիշով նա երկրորդ հորիզոնականը կիսում է «Ալավեսի» հարձակվող Խոսելուի հետ։ Բենզեմայի հանդիպումների ընթացքում ստացած միջին գնահատակնն էլ 7․46 է՝ զիջելով միայն Լեո Մեսսիին և Կազեմիրոյին։
Գլխավոր մարզիչ – Զինեդին Զիդան
Ակումբ – «Ռեալ Մադրիդ»
Հանդիպումներ – 37
Հաղթանակներ – 26
Ոչ-ոքիներ – 8
Պարտություններ – 3
Խփած գոլեր – 68
Բաց թողած գոլեր – 23
Վաստակած միավորներ – 86
Եկե՛ք համաձայնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զինեդին Զիդանը միանշանակ լավագույնն էր՝ չունենալով գրեթե ոչ մի մրցակից։ Ըստ Interfootball.am-ի՝ նրա մրցակիցները կարող էին դառնալ «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին, ինչպես նաև բասկյան երկու ակումբների՝ «Ատլետիկի» ու «Ռեալ Սոսիեդադի» մարզիչները՝ Գայիսկա Գարիտանոն և Իմանոլ Ալգուասիլը, ովքեր իրենց ակումբների հետ անհավանական աշխատանք են կատարել, սակայն նրանցից ոչ ոք Զիդանի նման չի բալանսավորել թիմը։
Կորոնադադարից հետո ֆրանսիացի մասնագետն այնպիսի պրագմատիզմ էր ներարկել իր թիմին, որ անհնար էր չհիանալ։ «Ռեալը» անցկացրած վերջին 10 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը երեք տարվա դադարից հետո չեմպիոնական տիտղոսը վերադարձնի Մադրիդ։ Այս վերջին մեկ ամսվա ընթացքում «Ռեալը» շատ կազմակերպված տեսք ուներ․ երբ անհրաժեշտ էր հարձակվում էր, անհրաժեշտ էր գնդակ պահել, խնդրեմ․․․ կան Տոնի Կրոսը, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, իսկ երբ պետք էր «արքայական» ակումբը հիանալի պաշտպանվում էր։ Այս ամենը կապացուցենք մի շարք վիճակագրական տվյալներով։
«Ռեալը» ողջ մրցաշրջանի ընթացքում միջինը մեկ խաղում մրցակցներին թույլ է տվել սեփական դարպասին հարվածել ընդամենը 8․7 անգամ, ինչը երկրորդ լավագույն ցուցանիշն է՝ զիջելով միայն «Խետաֆեին» (միջինը մեկ խաղում 7․2 հարված հարձակվողների կողմից), իսկ դեպի մրցակցի դարպասը «արքայական» ակումբը միջին մեկ խաղում հարվածել է բոլորից շատ՝ 15 անգամ, ուղիղ դարպասին կատարած հարվածների քանակով նույնպես «Ռեալի» ֆուտբոլիստներն են առաջատար՝ 6․3 հարված։ Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները միջինը մեկ խաղում միասին վերցրած դիմել են 12․6 հաջողված դրիբլինգի, ինչը երկրորդ ցուցանիշն է «Բարսելոնայից» հետո (13․8 հաջողված դրիբլինգ), ինչի համար կա նաև օբյեկտիվ պատճառ, որի անունն է Լեո Մեսսի։ Ողջ մրցաշրջանի ընթացքում «Ռեալի» ֆուտբոլիստները միջինը գնդակին տիրել են 57 %, իսկ նրանց փոխանցումների ճշգրտությունը եղել է 86․8 %․ այդ երկու ցուցանիշներով էլ «արքայական» ակումբը զիջել է միայն «Բարսելոնային», որը գրանցել է համապատասխանաբար 63․2 և 88․8% ցուցանիշը։ «Ռեալի» ֆուտբոլիստները գնդակի հետ վարվելիս գերթե սխալներ թույլ չեն տվել։ Զիդանի սաները ողջ մրցաշրջանի ընթացքում միջինը մեկ խաղում կատարել են ընդամենը 13․5 անհաջող հպում։ Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնան» այդ ցուցանիշով առաջատարն է (11․7 անհաջող հպում)․ «Ռեալն» այդ արդյունքով երրոդն է։ «Ռեալի» պաշտպանության և կիսապաշտպանության փայլուն խաղի ապացույցն է նաև այն, որ նրանք միջինը մեկ խաղում 7․5 անգամ փակել են մրցակիցների փոխանցումները։ Այս արդյունքով բոլոր ակումբների շրջանակում «սերուցքայինները» զիջում են միայն «Խետաֆեին» (8․2 «բլոկ») և «Օսասունային» (7․6) և կրկին համեմատության համար նշենք, որ «Բարսելոնան» խայտառակ ցուցանիշ է գրանցել՝ միջինը մեկ խաղում «բլոկելով» ընդամենը 5․8 փոխանցում։ Այդ ցուցանիշով «Բարսան» գերազանցում է միայն «Վալենսիային» և «Լևանտեին»․․․
Եվ վերջին վիճակագրական ցուցանիշները, որոնցում «Ռեալը» առավելություն ունի բոլոր նկատմամբ։ Զինեդին Զիդանի սաները հիանալի են խաղում հեռահար փոխանցումների ասպեկտում՝ ողջ մրցաշրջանի կտրվածքով միջինը մեկ խաղում կատարելով 41․9 երկար փոխանցում, իսկ ճշգրիտ կարճ փոխացնումների թվով «Ռեալը» երկրորդն է (456 ճիշտ փոխանցում)` զիջելով «Բարսելոնային» (596.9 ճշգրիտ փոխանցում): «Ռեալն» առաջատար է նաև «կարևոր» փոխանցումների քանակով։ «Ռեալի» ֆուտբոլիստները միջինը մեկ խաղում կատարել են 11․7 փոխանցում, ինչից հետո հարված է հետևել դեպի մրցակցի դարպասը։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ «Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում պարզապես լավագույնն էր գրեթե բոլոր ասպեկտներով․ պարզաես այդ ամենը ցանկացած նաև թվերով ցույց տալ։ Վերջին շրջանում «արքայական» ակումբի միակ թերությունն այն էր, որ նրանք դժվար էին ստեղծում գոլային պահեր՝ գոլերը խփելով հիմնականում 11 մետրանոց հարվածի իրացումի կամ էլ ստանդարտ հարվածի խաղարկումից հետո։
Այսպիսով, Interfootball.am կայքի ընթերցողների համար ներկայացրինք Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի՝ մեր վարկածով կազմված խորհրդանշական հավաքականը։
Բնականաբար կարող են լինել նաև անհամաձայնություններ, քանի որ խորհրդանշական հավաքականներում հաճախ հաշվի չեն առնվում մարտավարական նշանակությունները և անչափ սուբյեկիվ են կազմվում՝ թույլ տալով ստեղծագործել կազմողին։
Ամեն դեպքում, սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Միքայել Մելիքբեկյան
# Ատլետիկ, Բարսելոնա, Բետիս, Դիեգո Կառլոս, Զինեդին-Զիդան, Էմերսոն, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուկաս Օկամպոս, Կազեմիրո, Կարիմ Բեզեմա, Կարիմ-Բենզեմա, Պերվիս Էստուպինիան, Ռաուլ Գարսիա, Ռեալ Մադրիդ, Սանտի-Կասորլա, Սերխիո-Ռամոս, Սևիլիա, Վիլյառեալ, Տիբո-Կուրտուա, Օսասունա