Իտալիայում պայքարը թեժ է․ միլանյան ակումբները տոն են տալիս Ա սերիայում🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում կայանում է 13-րդ տուրը։
Առաջնության առաջատար «Միլանը», որը նախորդ երկու խաղերում չէր ճաշակել հաղթանակի բերկրանքը, վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին։ Ստեֆանո Պիոլիի սաներն այս տուրում հյուրընկալվել էին բավականին վառ ֆուտբոլ ցուցադրող «Սասուոլոյին»։
Հանդիպման արդեն 6-րդ վայրկյանին «ռոսոներիները» բացեցին խաղի հաշիվը։ Միլանյան ակումբի ֆուտբոլիստները խաղը սկսեցին դաշտի կենտրոնից և միանգամից մեն-մենակ դուրս բերեցին Ռաֆայել Լեաուին, ով էլ մոտ տարածությունից չվիրպեց՝ խփելով Ա սերիայի պատմության ամենաարագ գոլը։
Միլանցիները շատ արագ կրկնապատկեցին նաև ունեցած առավելությունը․ 26-րդ րոպեին Թեո Էրնանդեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սալեմակերսը։
Խփած երկրորդ գոլից հետո «կարմրասևերը» մի փոքր հանգստացրին հանդիպումը, իսկ «Սասուոլոյի» ֆուտբոլիստները փորձեցին փրկել խաղը, սակայն միայն 89-րդ րոպեին հաջողվեց նրանց մեկ գնդակ հետ բերել․ աչքի ընկավ Դոմենիկո Բերարդին։ Ավելին անել չհաջողվեց Ռոբերտո Դե Ձերբիի սաներին։
Այսպիսով, «Միլանը» հյուրընկալվելիս հաղթեց 1։2 հաշվով և Ա սերիայի շրջանակում շարունակում է մնալ անպարտելի։ Ակումբը վաստակեց 31 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սասուոլոն» 23 միավորով 6-րդն է։
Միլանյան մյուս ակումբն էլ՝ «Ինտերը» շարունակում է հաղթարշավը։
Անտոնիո Կոնտեի թիմն այս տուրում «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Սպեցիային»։ «Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեցին Աշրաֆ Հակիմիի և Ռոմելու Լուկակուի գոլերը, որոնց հյուրերը պատախսնեցին Ռոբերտո Պիկոլիի գոլով։
«Ինտերն» առաջնության շրջանակում տանում է արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը և չեմպիոնական մրցավազքի մեջ է «Միլանի» հետ։ «Կապտասևերը» ունեն 30 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, իսկ «Սպեցիան» 11 միավորով 17-րդն է։
# Ա-սերիա, Ալեքսիս Սալեմակերս, Անտոնիո Կոնտե, Աշրաֆ Հակիմի, Դոմենիկո Բերարդի, Ինտեր, Միլան, Ռաֆայել Լեաու, Ռոբերտո դի Ձերբի, Ռոմելու-Լուկակու, Սասուոլո, Սպեցիա, Ստեֆանո Պիոլի