Իտալական կրքեր Հռոմում․ Ռոման ու Ինտերը գոլառատ ֆուտբոլ են պարգևում🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ռոման» ու «Ինտերը»։
Հանդիպման հենց մեկնարկից միլանյան ակումբի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և 13-րդ րոպին աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, սակայն «ներաձուրիների» հարձակվողները վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Խաղը ակտիվ սկսեցին «Ինտերի» ֆուտբոլիստները, սակայն հաշիվը բացեցին «ջիալառոսիները»։ 17-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին առաջ մղեց «Ռոմային»։
Բաց թողած գոլից հետո միլանյան ակումբի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը մի շարք գոլային պահեր էլ ունեին, սակայն չկարողացան դրանք իրացնել և ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Հանդիպման երկրորդ կեսը «Ինտերի» ֆուտբոլիստները էլ ավելի ագրեսիվ մեկնարկեցին։ 53-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հարձակման ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և հարվածային դիրք դուրս բերեց Լաուտարոյին, սակայն արգենտինացի հարձակվողի անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո «Ռոմային» փրկեց դարպասապահ Պաու Լոպեսը՝ կատարելով գերազանց սեյվ։
Հյուրերի առավելությունն արդեն դարձել էր առավել քան ակնհայտ և գոլն անխուսափելի էր։ 56-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Միլան Շկրինյարը գլխի հիանալի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին, չհանգստանալով ձեռք բերածով, «Ինտերը» նաև առաջ անցավ հաշվի մեջ։ «Կապտասևերեին» առաջ մղեց Աշրաֆ Հակիմին, ով դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
Խփած երկրորդ գոլից հետո Անտոնիո Կոնտեի սաները հիմնականում նահանջեցին, իսկ «Ռոման» նետվեց առաջ՝ փրկելու խաղը։ «Գայլերը» ակտիվացան, ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, ինչն էլ տվեց իր տրամաբանական արդյունքը։
Հանդիպման 87-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ջանլուկա Մանչինին 1 միավոր փրկեց «Ռոմայի» համար։
Այսպիսով, երկու թիմերն էլ հիանալի ֆուբտոլ ցուցադրեցին և կիսեցին միավորը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Այս ոչ-ոքիից հետո հռոմեացիները վաստակեցին 34 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» 37 միավորով 2-րդն է՝ առաջատար «Միլանին» զիջելով 3 միավոր։
# Ա-սերիա, Աշրաֆ Հակիմի, Ինտեր, Լորենցո Պելեգրինի, Հենրիխ-Մխիթարյան, Միլան Շկրինյար, Ջանլուկա Մանչինի, Ռոմա