Իսպանական գրանդը, հնարավոր է, վարձակալի Ժոաու Կանսելուին
«Բավարիայի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի ապագան կրկին մշուշոտ է։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, մյունխենյան ակումբը «Մանչեսթեր Սիթիին» հայտնել է, որ վարձակալության ավարտին չի գնելու պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Մանկունյական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփորձի վաճառել 28-ամյա պաշտպանին, սակայն «Սիթիի» ղեկավարները հասկանում են, որ պետք է դիտարկել Կանսելուին մեկ անգամ ևս վարձավճարով այլ ակումբի տրամադրելու տարբերակը։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Բարսելոնան», որը մտադիր է ամրապնդել պաշտպանության աջ եզրը։
Գործարքի կայացմանը կարող է նպաստել այն հանգամանքը, որ «բլաուգրանայի» ղեկավարությունն ու Կանսելուի գործակալ Ժորժե Մենդեշը բավական ջերմ հարաբերություններ ունեն։
Ըստ վերջին տեղեկությունների` կատալոնական ակումբը նույնպես դիտարկում է 28-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը։
Հավելենք, որ Ժոաու Կանսելուն վերջերս է «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվել «Բավարիա», որի կազմում անցկացրել է 7 հանդիպում` դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալացի ֆուտբոլիստն սկզբնական շրջանում մշտապես հայտնվում էր մյունխենյան ակումբի մեկնարկային կազմում, սակայն այժմ չի ստանում բավարար խաղաժամանակ և հիմնականում դուրս է գալիս փոխարինման կամ առհասարակ մնում է պահեստայինների նստարանին։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» միջև կնքված վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ժոաո Կանսելու, Ժորժե Մենդեշ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ