Ժեզուս. «Պորտիմոնենսեն ավելի լավ կպաշտպանվի, քան Բարսելոնան»
«Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 3:0 հաշվով «Բարսելոնային» հաղթելուց հետո պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 8-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Պորտիմոնենսեի» դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը.
«Մեզ պետք է կենտրոնանալ այս հանդիպման վրա, քանի որ սա լրիվ այլ խաղ է լինելու։
«Բարսելոնայի» դեմ հանդիպման հետ համեմատականները տրամաբանական են, սակայն մեր նպատակը նույնն է` հաղթել։ Հաջորդ խաղում հաղթելը նույնքան կարևոր է, որքան չորեքշաբթի օրվա հաղթանակը։
«Պորտիմոնենսեն» քիչ գոլ է բաց թողել, ինչպես «Բենֆիկան», ինչը նշանակում է , որ նրանք լավ են պաշտպանվում, և մեր նպատակն է լինելու մրցակցի պաշտպանությունը ճեղքելը։
Ես վստահ եմ` եթե նույնիսկ «Պորտիմոնենսեն» չհամապատասխանի «Բարսելոնայի» մակարդակին, ապա նրանք կատալոնացիներից ավելի լավ կպաշտպանվեն»,- եզրափակել է 67-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է A Bola-ն։
Հավելենք, որ «Բենֆիկա» – «Պորտիմոնենսե» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։
Նշենք, որ «Բենֆիկան» Լիգա ՆՈՍ-ի շրջանակում անցկացրած 7 խաղերում էլ հաղթել է և, վաստակած 21 միավորով, վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ինչ վերաբերում է «Պորտիմոնենսեին», ապա Պորտիման քաղաքը ներկայացնող ակումբն անցկացրած 7 խաղում վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` այդ ընթացքում բաց թողնելով ընդամենը 4 գոլ։
Նույնքան գոլ են բաց թողել նաև «Բենֆիկայի» ֆուտբոլիստները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, բենֆիկա, Ժորժե Ժեզուս, Լիգա ՆՈՍ, Պորտիմոնենսե