Թրիլլեր Հռոմում. Լացիոն ու Ուդինեզեն գերանհավանական խաղում չպարզեցին հաղթողին🎥
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց «Լացիոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեցին հյուրերը. գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Բետուն։
32-րդ րոպեին Ուդինեից ժամանած հյուրերը «Օլիմպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառեցին արդեն 0:2 հաշիվը։
«Լացիոյի» չստացված գրոհը կասեցնելուց հետո Լուկա Գոտիի սաները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Բետուն դաշտի կենտրոնում արագության շնորհիվ առաջ անցավ «արծիվների» կենտրոնական պաշտպաններից, մեն-մենակ հայտնվեց Պեպե Ռեյնայի դիմաց, շրջանցեց վերջինիս ու գրավեց դատարկ դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։
Բաց թողած երկրորդ գոլից անմիջապես հետո` 34-րդ րոպեին, տանտերերը Չիրո Իմոբիլեի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։
Այդուհանդերձ, առաջին կեսի վերջին խոսքն ասացին «Ուդինեզեի» ֆուտբոլիստները, ովքեր 44-րդ րոպեին կրկին նետվեցին արագ հակագրոհի, որն այս անգամ եզրափակեց Նաուել Մոլինան։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Ուդինեզեի» ստացած երկու գնդակի առավելության պայմաններում` 3:1։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից Մաուրիցիո Սարիի սաները կերպարանափոխված տեսք ունեին և շատ արագ հետ բերեցին երկու գոլի տարբերությունը։
Նախ 51-րդ րոպեին Պեդրոն հաշիվը դարձրեց 2:3, ապա 56-րդ րոպեին հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Միլինկովկիչ-Սավիչը։
Խփած երրորդ գոլից վայրկայններ անց` 57-րդ րոպեին, տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. «Ուդինեզեի» վտանգավոր գրոհը կասեցնելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ կենտրոնական պաշտպան Պատրիկը։
Ստացած կարմիր քարտը մի փոքր կոտրեց «արծիվների» գրոհների տեմպը, սակայն 69-րդ րոպեին մրցող կողմերի կազմերը հավասարվեցին, քանի որ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտով պատժվեց նաև «Ուդինեզեի» երրորդ գոլի հեղինակը` Նաուել Մոլինան, ով նույնպես հեռացվեց դաշտից։
Տևական ժամանակ դաշտում դիրքային պայքար էր ընթանում, սակայն 79-րդ րոպեին «Լացիոյի» ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։
Հռոմեական ակումբը հարձակման ձախ եզրում վաստակել էր տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո Ֆրանչեսկո Աչերբին հաշիվը դարձրեց 4:3։
Հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Պիչինինին սկզբում չհաշվեց Աչերբիի գոլը և արձանագրեց խաղից դուրս իրավճակ, սակայն մոտ 2-3 րոպե VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ ունեցած տարբեր քննարկումներից հետո, ի վերջո, հաշվեց դարպասի գրավումը։
Թվում էր` «Լացիոն» հաղթանակ կկորզի և տպավորիչ comeback կանի, սակայն այդ սցենարի հետ բացարձակ համաձայն չէին հյուրերը, որոնց հաջողվեց ապահովել այս հանդիպման դրամատիկ ավարտը։
Մրցավարի կողմից ավելացված 9-րդ րոպեին «Ուդինեզեի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։
Բոլորը սպասում էին, որ Ֆերնանդո Ֆորիստիերին բարձր փոխանցում կկատարի դեպի տուգանային հրապարակ, սակայն Ֆորիստիերին փոխանցեց տուգանայինի մատույցներում գտնվող Տորգայ Արսլանին, ով էլ դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 4:4` փրկելով իր թիմին պարտությունից։
Հավելենք, որ հյուրերի խփած գոլից հետո բախում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի արդյունքում դաշտից հեռացվեց նաև «Ուդինեզեի» կիսապաշտպան Վուոլասը։
Այսպիսով, այս գերդրամատիկ հանդիպումն ավարտվեց 4:4 հաշվով։
«Լացիոն» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն», 16 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բետու-Ուդինեզե, Լացիո, Լուկա Գոտի, Մաուրիցիո Սարի, Նահուել Մոլինա, Ուդինեզե, Չիրո Իմոբիլե, Պեդրո, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Տորգայ Արսլան, Ֆրանչեսկո Աչերբի