Թրիլլեր Թուրինում. Յուվեն գոլառատ խաղում հաղթեց Տորինոյին 🎥
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Ալիանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Տորինոն»։
«Ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յան Կարամոն առաջ մղեց հյուրերին։
Իվան Յուրիչի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 16-րդ րոպեին «Յուվեի» հախուռն գրոհը հուժկու հարվածով եզրափակեց Խուան Կուադրադոն և հավասարեցրեց հաշիվը։
Բուռն մեկնարկից հետո կողմերը մասամբ հանգստացրին խաղը, սակայն նախքան ընդմիջում ևս մեկական գնդակով փոխանակվեցին, ընդ որում, կրկին բավական արագ։
Նախ 43-րդ րոպեին «Տորինոյին» առաջ մղեց Անտոնիո Սանաբրիան, ապա 45+1-րդ րոպեին «զեբրերի» կազմից աչքի ընկավ Դանիլոն` գոլի հեղինակ դառնալով անկյունայինի խաղարկումից հետո։
Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն անցավ հավսար պայքարում, սակայն 66-րդ րոպեին «տորոն» աչքի ընկնելու հիանալի պահ ուներ, բայց Կարոլ Լինետիի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասաձողը։
Այդ դրվագից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու երկու գնդակի առավելություն ստացավ. 71-րդ ու 81-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Գլեյսոն Բրեմերն ու Ադրիեն Ռաբիոն։
Պետք է նշենք, որ այս խաղում «Յուվենտուսը» 4 գոլ խփեց, որոնցից 3-ը ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո։
Այսպիսով, «բյանկոներիները» 4:2 հաշվով համառ պայքարում հաղթեցին «Տորինոյին», վաստակեցին 35 միավոր և բարձրացան 7-րդ հորիզոնական։
«Տորինոն», 31 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադրիեն Ռաբիո, ԱՆտոնիո Սանաբրիա, Գլեյսոն Բրեմեր, Դանիլո, Իվան Յուրիչ, Խուան Կուադրադո, Մասիմիլիանո-Ալեգրի, Յան Կարամո, Յուվենտուս, Տորինո