Թրիլլեր Էլ Վակրայում. Սերբիան ու Կամերունը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
ԱԱ-2022-ի G խմբի 2-րդ տուրում Սերբիայի հավաքականն Էլ Վակրայում մրցեց Կամերունի ընտրանու դեմ։
Հանդիպման սկզբնամասն անցավ բալկանների առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացան բացել հաշիվը։
Դեռ ավելին` «առյուծներն» անկյունայինի խաղարկումից հետո 29-րդ րոպեին Ջան-Շարլ Կաստալետոյի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Դրագան Ստոյկովիչի սաների պատասխանը չուշացավ, ովքեր նախքան ընդմիջման գնալը նախ հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 45+1-րդ ու 45+3-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ստրահինիա Պավլովիչն ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ կամերունցիների դարպասապահ Դևիդ Էպասին նաև երրորդ գնդակը հանեց սեփական դարպասից. 53-րդ րոպեին սերբերի առավելությունը մեծացրեց Ալեքսանդր Միտրովիչը։
Թվում էր` սերբերն այս առավելությունն այլևս ձեռքից բաց չեն թողնի, սակայն այդ սցենարի հետ ոչ մի կերպ համաձայն չէին Ռիգոբեր Սոնգի սաները, ովքեր ընդամենը 3 րոպեում` 63-րդ ու 66-րդ րոպեներին, միանման երկու գոլեր խփեցին և շոկի ենթարկեցին բալկաններին. գոլերը խփեցին Վենսան Աբուբաքարն ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։
Հանդիպման վերջնամասում սերբերն ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն, քան մրցակիցը, սակայն Ֆիլիպ Կոստիչն ու Ալեքսանդր Միտրովիչը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
Բրազիլիա – Շվեյցարիա
G խումբն այս խաղից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Բրազիլիա – 3 միավոր
- Շվեյցարիա – 3 միավոր
- Կամերուն (անցկացրած երկու հանդիպում) – 1 միավոր
- Սերբիա (անցկացրած երկու հանդիպում) – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Ալեքսանդր Միտրովիչ, Դրագան Ստոյկովիչ, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Ժան-Շարլ Կաստալետո, Կամերունի հավաքական, Մունդիալ-2022, Ռիգոբեր Սոնգ, Սերբիայի հավաքական, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Ստրահինիա Պավլովիչ, Վենսան Աբուբակար, Քաթար-2022, Ֆիլիպ Կոստիչ