Էվերտոնը պահպանեց տեղը, Լեսթերն ու Լիդսը դուրս մնացին Պրեմիեր լիգայից 🎥
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին տուրից հետո իմացանք նաև այն ակումբների անունները, որոնք դուրս մնացին մրցաշարից ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգան երկրորդ դիվիզիոնում` Չեմպիոնշիփում։
«Էվերտոնը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ և 57-րդ րոպեին Աբդուլայե Դուկուրեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Շոն Դայչի թիմը վաստակեց 36 միավոր և առաջնությունն ավարտեց 17-րդ հորիզոնականում` պահպանելով տեղը Պրեմիեր լիգայում։
«Բորնմութը» մնաց 39 միավորով և առաջնությունն ավարտեց 15-րդ հորիզոնականում։
«Լեսթերը», չնայած սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին», 34 միավորով, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը և 8 տարի անց դուրս մնաց Պրեմիեր լիգայից։
«Աղվեսների» գոլերը խփեցին Հարվի Բարսն ու Վաութ Ֆասը, իսկ «մրճահարների» կազմից աչքի ընկավ Պաբլո Ֆորնալսը։
«Վեսթ Հեմը», 40 միավորով, առաջնությունն ավարտեց 14-րդ հորիզոնականում։
Վերոնշյալ հանդիպումներին զուգահեռ «Լիդսն» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Յորքշիրյան ակումբը գրեթե ոչինչ չկարողացավ առաջարկել «խցաններին» ` պարտվելով 1:4 հաշվով։
«Տոտենհեմի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով առաջնությունն ավարտեց` խփած 30 գոլով։
Անգլիացի գոլահարը լավագույն ռմբարկուների պայքարում զիջեց միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, ով խփեց 36 գոլ։
Լոնդոնյան ակումբի կազմից մեկական գոլ էլ խփեցին Պեդրո Պորոն ու Լուկաս Մոուրան։
«Լիդսի» կազմից էլ աչքի ընկավ Ջեք Հարիսոնը։
Սեմ Էլարդայսի թիմը մնաց 31 միավորով և զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը` դուրս մնալով Պրեմիեր լիգայից։
«Տոտենհեմը» վաստակեց 60 միավոր և առաջնությունն ավարտեց 8-րդ հորիզոնականում։
Հավելենք, որ «Լեսթերից» ու «Լիդսից» բացի, Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի արդյունքներով առաջնությունից դուրս է մնացել նաև «Սաութհեմպտոնը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդուլայե Դուկուրե, ԱՊԼ, Բորնմութ, Էվերտոն, Լեսթեր, Լիդս, Լուկաս Մոուրա, Հարի Քեյն, Հարվի Բարնս, Շոն Դայչ, Պաբլո Ֆորնալս, Պեդրո Պորո, Ջեք Հարիսոն, Սեմ Էլարդայս, Վաութ Ֆես, Վեսթ Հեմ, Տոտենհեմ