Էսպանյոլը դրամատիկ պայքարում դուրս մնաց Լա լիգայից 🎥
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում «Էսպանյոլը» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։
Հանդիպումն ունեցավ բավական դրամատիկ ընթացք ու ավարտ։
Առաջին կեսում «չղջիկներն» ունեին խաղային առավելություն և 38-րդ րոպեին Դիեգո Լոպեսի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Տանտերերի հաջողությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 40-րդ րոպեին «թութակները» խփեցին պատասխան գոլն. աչքի ընկավ Սեզար Մոնտեսը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Ընդմիջմանը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ ԼուիսԳարսիան դաշտ դուրս բերեց դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթին, ով էլ 50-րդ րոպեին արդեն «Էսպանյոլին» առաջ մղեց հաշվի մեջ։
Երկար ժամանակ հյուրերը պահպանում էին հաղթական հաշիվն ու թվում էր, ի վերջո, կհասնեն առավելության, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Վալենսիայի» ֆուտբոլիստները, ովքեր 90+3-րդ րոպեին կտրուկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Սամուել Լինոն և անչափ կարևոր ոչ-ոքի կորզեց «չղջիկների» համար։
Այս արդյունքից հետո «Վալենսիան» վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը` շարունակելով պայքարել տեղը Լա լիգայում պահպանելու համար։
41-ական միավոր ունեն նաև «Կադիսն» ու «Խետաֆեն», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 13-րդ ու 14-րդ հորիզոնականները։
«Վալենսիան» վերջին տուրից առաջ միայն 2 միավորով է գերազանցում 18-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վալյադոլիդին»։
Նշենք, որ 16-րդ և 17-րդ հորիզոնականները զբաղեցնող «Սելտան» ու «Ալներիան» էլ իրենց ակտիվում ունեն 40-ական միավոր։
Հավելենք, որ այս ոչ-ոքիից հետո «Էսպանյոլը» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը` դուրս մնալով Լա լիգայից։
«Թութակները» հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Իսպանիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում` Սեգունդայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո Լոպես, Էսպանյոլ, Լա-լիգա, Լուիս Գարսիա, Մարտին Բրեյթվեյթ, Ռուբեն Բարախա, Սամուել Լինո, Սեզար Մոնտես, Վալենսիա