Եվրո-2020. Ֆրանսիա – Գերմանիա
Հունիսի 15-ին կավարտվի Եվրո-2020-ի 1-ին տուրը, իսկ նախքան ավարտվելը մրցաշարի F խմբում թոփագույն հանդիպում ունենք. աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։
Մրցող կողմերի մարզավիճակները
Ֆրանսիա – Աշխարհի գործող չեմպիոնները վերջին 10 խաղերում տոնել են 7 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և կրել 1 պարտություն` գնդակների 16:6 հարաբերակցությամբ։
Այդ 10 խաղերի ընթացքում «եռագույնների» միակ պարտությունը եղել է բավական անսպասելի. Ֆրանսիան 2020-ի նոյեմբերի 12-ին ընկեըական խաղում սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց Ֆինլանդիայի ընտրանուն։
Սակայն, պետք է նշենք, որ Դիդիե Դեշամի սաները վերջին 4 խաղերում հաղթել են ընդհանուր 9:0 հաշվով։
Գերմանիա – «Բունդեսմանշաֆթը» վերջին 10 խաղերում տոնել է 6 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, նույնքան խաղում էլ պարտվել է` գոլերի 22:15 հարաբերակցությամբ։
Յոաքիմ Լյովի սաները վերջին շրջանում ակնհայտ խաղային խնդիրներ ունեն։ Գերմանացիները նախորդ խաղերում երկու տարօրինակ պարտություն կրեցին։ Խոսքը, իհարկե, Հյուսիսային Մակեդոնիայի (1:2) և Իսպանիայի (0:6) հավաքականներից կրած պարտությունների մասին է։
Գերմանիայի հավաքականը նույնսիկ եթե հաղթանակ է տոնում որևէ խաղում, ապա չկա նախկին վստահությունն ու կարգապահությունը, ինչի մասին են խոսում նաև պաշտպանությունում բազմաթիվ սխալները։
Հավաքականների կորուստները խաղից առաջ
Ֆրանսիան – հանդիպմանը մոտենում է առանց կորուստների
Գերմանիա – Լեոն Գորեցկա (ազդրի վնասվածք). հարցականի տակ է նաև Յոնաս Հոֆմանի մասնակցությունը
Հավանական մեկնարկային կազմեր
Ֆրանսիա
Դարպասապահ – Ուգո Լյորիս
Պաշտպաններ – Բենջամեն Պավար, Ռաֆայել Վարան, Պրեսնել Կիմպեմբե, Լյուկա Էրնանդես
Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե, Ադրիեն Ռաբիո, Պոլ Պոգբա
Հարձակվողներ – Անտուան Գրիզման, Կարիմ Բենզեմա, Կիլիան Մբապե
Գերմանիա
Դարպասապահ – Մանուել Նոյեր
Պաշտպաններ – Մաթս Հումելս, Անտոնիո Ռյուդիգեր, Մաթիաս Գինտեր
Կիսապաշտպաններ – Ռոբին Գոսենս, Իլկայ Գյունդողան, Տոնի Կրոս, Յոզուա Կիմիխ
Հարձակվողներ – Թոմաս Մյուլլեր, Կայ Հավերց, Սերժ Գնաբրի
Դիմակայության պատմությունը
Կողմերը միմյանց դեմ 31 հանդիպում են անցկացրել. առավելությունը Ֆրանսիայի հավաքականի կողմն է, որը տարել է 14 հաղթանակ, իսկ գերմանացիների ակտիվում կա 10 հաղթանակ, ևս 7 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
Ֆրանսիայի հավաքականն այն քիչ մրցակիցներից է Գերմանիայի համար, որի դեմ խաղերում հաղթանակների ու պարտությունների բացասական հարաբերակցություն ունի։
Ընդհանրապես, «եռագույնները» «բունդեսմանշաֆթի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն են։ Խոսքը նաև վերջին տարիների մասին է։ Դեշամի թիմը Գերմանիայի դեմ կայացած վերջին 5 խաղերից երեքում հաղթել է, 2 հանիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
Գերմանիայի հավաքականը վերջին անգամ ֆրանսիացիներին հաղթել են 2014 թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում` առավելության հասնելով 1:0 հաշվով։
Այս դիմակայության լավագույն ռմբարկուները Ժուսթ Ֆոնտենն ու Անտուան Գրիզմանն են, ովքեր դարձել են 4-ական գոլի հեղինակ։
Հանդիպման գլխավոր մրցավարը
Ֆրանսիա – Գերմանիա հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները` Կառլոս Դել Սերո Գրանդեի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Խուան Յուստեն և Ռոբերտո Ալոնսոն։
Հանդիպման չորրորդ պաշտոնյա է նշանակվել սերբ Սրջան Յովանովիչը, իսկ VAR համակարգի պատասխանատուները լինելու են Խուան Մարտինես Մունուերան, Խոսե Սանչեսը, Ինիգո Պրիետոն և Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Դիդիե Դեշամ, ԵՎՐՈ-2020, Կառլոս Դել Սեռո Գրանդե, Յոհաքիմ Լյով, Ֆրանսիայի հավաքական