Եկա, տեսա, հաղթեցի!!! Պոչետինոն մարզչական կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց🎥
Հունվարի 14-ին Լանսի «Բոլար-Դելելիս» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն ու «Մարսելը»։
Հանդիպումը հիմնականում անցավ փարիզյան ակումբի առավելությամբ, որը հենց մեկնարկային րոպեներից էլ տիրել էր նախաձեռնությանը՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր։ Այդ գոլային պահերից մեկն էլ 39-րդ րոպեին վերածվեց գոլի, որի հեղինակը դարձավ Մաուրո Իկարդին։
Երկրորդ խաղակեսում լրիվ հակառակ պատկերն էր, քանի որ պրովանսյան ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն, այդ առավելությունը չէր ստացվում վերածել որակի։
75-րդ րոպեին Անդրե Վիլաշ-Բոաշի սաները հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Վալենտին Ռոժյեն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։
«Մարսելը» չօգտագործեց իր պահերը և աշխատեց ֆուտբոլում չգրված օրենքներից մեկը․ «Չես խփում դու, խփում են քեզ»։ Հանդիպման 85-րդ րոպեին փարիզյան ակումբը վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Նեյմարը։
Խաղավերջում «Մարսելի» ֆուտբոլիստներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դմիտրի Պայեն։ Հետագայում «Մարսելի» ֆուտբոլիստներին ավելին անել չհաջողվեց, և ՊՍԺ-ն հաղթեց 2։1 հաշվով։
Այսպիսով, «Փարիզը» հոբելյանական՝ 10-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի սուպեր գավաթակիր։ Մաուրիսիո Պոչետինոն «Պարի Սեն-Ժերմենի» ղեկին նվաճեց իր առաջին տիտղոսը։ Հատկանշական է, որ այդ տիտղոսը, ընդհանրապես, արգենտինացի մասնագետի մարզչական կարիերայում դարձավ առաջինը։ Մինչ այդ նա «Էսպանյոլը», «Սաութհեմպտոնը» և «Տոտենհեմը» մարզելիս չէր կարողացել նվաճել որևէ տիտղոս։
# Մաուրիսիո-Պոչետինո, Մաուրո-Իկարդի, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիայի Սուպեր գավաթ