ԵԼ․ ՄՅՈՒ-ն գնդակ գլորելով դուրս եկավ 1/4 եզրափակիչ, իսկ Ինտերը՝ կարգի շնորհիվ🎥
Գրեթե 6 ամիս անց եվրագավաթային մրցաշարերը վերադարձան։ Օգոստոսի 5-6-ին կայանում են Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումները։
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց ԼԱՍԿ-ի դեմ։ Այդ դիմակայության առաջին խաղում մանկունյական ակումբը սույն թվականի մարտի 13-ին հյուրընկալվելիս հաղթել էր 5։0 հաշվով՝ լուծելով քառորդ եզրափակչի բոլոր հարցերը։ Պատասխան խաղում էլ Օլե-Գունար Սուլշերը մի շարք առաջատար ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն էր տվել, սակայն նույնիսկ այդ փաստը չխանգարեց, որ պատասխան խաղում մանկունյական ակումբը կրկին հաղթի։
«Կարմիր սատանաներն» այս անգամ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան մրցացկի նկատմամբ՝ հաղթելով ընդհանուր 7։1։ Խաղի հաշիվը 55-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Ֆիլիպ Վիզինգերը, սակայն շատ չանցած՝ 57-րդ րոպեին, Ջեյսի Լինգարդը խփեց պատասխան գնդակը։ 88-րդ րոպեին էլ փոխարինման դուրս եկած Անտոնի Մարիսալը հաղթանակ պարգևեց անգլիական ակումբին։
Հավելենք, որ «ՄՅՈՒ»-ն մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում կմրցի «Կոպենհագենի» դեմ։
Զուգահեռաբար «Ինտերը» Գելզենկիրխենում մրցում էր «Խետաֆեի» դեմ։ Այդ դիմակայության առաջին հանդիպումը պետք է կայանար մարտի 13-ին, սակայն հայտնի պատճառներով այն այդպես էլ չկայացավ։ Որոշում կայացվեց, որ դիմակայությունն անցկացնել մեկ խաղով՝ չեզոք մարզադաշտում։
Խաղն անցավ լարված, սակայն հավասար պայքարում։ Երկու կողմերն էլ ունեին աչքի ընկնելու լավ հնարավորություններ, բայց ամեն դեպքում, «ներաձուրիները» իրենց ավելի բարձր կարգի շնորհիվ մրցակցի դարպասը երկու գնդակ ուղարկեցին․ աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Քրիստիան Էրիկսենը։
Հավելենք, որ հանդիպման 76-րդ րոպեին, երբ «Ինտերը» դեռևս հաղթում էր 1։0 հաշվով, Մադրիդի արվարձանը ներկայանող ակումբը վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Խորխե Մոլինայի կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։
Այսպիսով, «Ինտերը» նույնպես նվաճեց ԵԼ քառորդ եզրափակչի ուղեգիր և սպասում է իր մրցակցին։ Այդ մրցակիցը կլինի կա՛մ «Բայերը» կա՛մ էլ «Ռեյնջերսրը»։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում գերմանական ակումբը Գլազգոյում հաղթել է 3։1 հաշվով։
# Անտոնի Մարսիալ, Եվրոպա-լիգա, Ինտեր, ԼԱՍԿ, Կոպենհագեն, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյսի Լինգարդ, Ռոմելու-Լուկակու, Քրիստիան-Էրիկսեն