Դրամա Հռոմում. Ինտերը գերգոլառատ խաղում հաղթեց Յուվեին` դառնալով Իտալիայի գավաթակիր🎥
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին, Նիկոլո Բարելայի հիանալի գոլի շնորհիվ, առաջ անցան հաշվի մեջ։
Թուրինյան ակումբը բաց թողած գոլից հետո բավական արագ` 22-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը։ Հարվածային դիրքում էր հայտնվել Դուշան Վլահովիչը, սակայն հիանալի սեյվի հեղինակ դարձավ «Ինտերի» դսրպասապահ Սամիր Հանդանովիչը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկը շոկային ստացվեց Սիմոնե Ինձզագիի թիմի համար, քանի որ թուրինյան ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 52-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Ալեքս Սանդրոն ու Դուշան Վլոհիվը։
Այդուհանդերձ, 79-րդ րոպեին «բյանկոներիների» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Լաուտարո Մարտինեսի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցացար Պաոլո Վալերին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, 11-մետրանոց նշանակեց թուրինյան ակումբի դարպասին, որն անվրեպ իրացրեց Հական Չալհանօղլուն։
Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
95-րդ րոպեին Մասիմիլիանո Ալեգրիի սաները ևս մեկ 11-մետրանոց բերեցին իրենց թիմի դարպասին. այս անգամ դրվագի հակահերոս դարձավ Մաթիաս դե Լիխտը, ով սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Նիկոլո Բարելայի նկատմամբ։
Գնդակին այս անգամ մոտեցավ Իվան Պերեշիչն ու դիպուկ հարվածով առաջ մղեց արդեն «Ինտերին»։
102-րդ րոպեին էլ Պերիշիչը հեռահար հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ` դնելով այս հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Ինտերը» գերգոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»` պատմության մեջ 8-րդ անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ալեքս Սանդրո, Դուշան Վլահովիչ, Ինտեր, Իվան Պերիշիչ, Իտալիայի-Գավաթ, Լաուտարո Մարտինես, Լեոնարդո-Բոնուչի, Հական Չալհանօղլու, Մաթիաս դե Լիխտ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Նիկոլո Բարելա, Սիմոնե Ինձզագի