Դրամա Բիրմինգհեմում. Արսենալը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Աստոն Վիլլայի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Բիրմինգհեմցիները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «զինագործների» համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով բացեցին հաշիվը։
Տանտերերի ուրախությունը բավական կարճ տևեց. Միկել Արտետայի թիմը 16-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Բուկայո Սական։
Նախքան ընդմիջում «Վիլլայի» ֆուտբոլիստները կրկին առաջ անցան հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինիոն։
Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից «զինագործները» նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։
Լոնդոնյան ակումբը մեծ ճնշում էր գործադրում Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ինչն էլ տվեց իր արդյունքը. 61-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հիանալի հարվածով հաշիվը 2:2 դարձրեց Ալեքսանդր Զինչենկոն։
Այդ գոլից հետո կողմերը բազմիցս կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել, սակայն վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Արսենալի» ֆուտբոլիստները, ովքեր խաղավերջում հաղթանակ կորզեցին և երկու գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։
Նախ 90+3-րդ րոպեին Ժորժինիոյի կատարած հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո այն անդրադառնալով Էմիլիանո Մարտինեսից, հայտնվեց դարպասում, ապա 90+8-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին գրավեց դատարկ դարպասն ու դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Արսենալը» 4:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, ինչից հետո վաստակեց 54 միավոր և կրկին գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Աստոն Վիլլան», 28 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Զինչենկո, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Արսենալ, Բուկայո Սակա, Գաբրիել Մարտինելլի, Էմիլիանո Մարտինես, Ժորժինիո, Միկել Արտետա, Ունայ-Էմերի, Օլի Վոթկինս, Ֆիլիպե Կոուտինիո