Հալանդը ճախրում է․ Դորտմունդը չի նկատում Շալկեին 🎥
Շարունակվում է Բունդեսլիգայի 22-րդ տուրը, որի շրջանակում կայացավ հերթական ռուրյան դերբին․ Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Շալկեի» դեմ։
Առաջին խաղակեսում թիմերը բավական բաց ֆուտբոլ ցուցադրեցին։ Միմյանց դարպասի ուղղությամբ կատարեցին ընդհանուր հաշվով 11 հարված, սակայն դիպուկ էին միայն հյուրերը, որոնց 4 հարվածներից երկուսը պսակվեցին գոլերով։
Նախ՝ 42-րդ րոպեին «իշամեղուների» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն դարձավ գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը, ապա՝ 3 րոպե անց նույն Սանչոն հարվածային դիրք դուրս բերեց մյուս հարձակվողին՝ Էրլինգ Հալանդին, ով էլ կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ դառնալով գեղեցկագույն գոլի հեղինակ
Հավելենք, որ նորվեգացի հարձակվողը գոլը պարզապես ֆանտաստիկ ստացվեց։
Կողմերն ընդմիջման գացին 0։2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին «Շալկեի» ֆուտբոլիստները, որոնք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին հյուրերի դարպասի մոտ, սակայն մարզական բախտը երես էր թեքել տանտերերից։
Դրան հակառակ, Էդին Թերզիչի սաները երկրորդ կեսում ընդամենը 3 դիպուկ հարված կատարեցին «Շալկեի» դարպասին, որոնցից երկուսը վերածվեցին գոլի։
60-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո իր թիմի 3-րդ գնդակը խփեց Ռաֆայել Գերեյրուն, իսկ 79-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը կրկին նորվեգացի հրաշամանուկինն էր, ով էլ գրավելով մրցակցի դարպասը՝ ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 0։4։
Այս հաղթանակից հետո «դեղինները» իրենց միավորների քանակը հասցրին 36-ի, որին համապատասխանում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Շալկեին չի փրկում անգամ մարզիչների հաճախակի փոփոխությունը։ Թիմը մրցաշարային աղյուսակի ակնհայտ հետնապահն է՝ 22 հանդիպումներից հետո իր ակտիվում ունենալով ընդամենը 9 միավոր։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Մարկո Ռոյս, Շալկե-04, Ջեյդոն-Սանչո, Ռաֆայել Գերեյրու