Դոնարուման հեռանում է Միլանից․ հայտնի է, թե ով կփոխարինի նրան
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման , ազատ գործակալի կարգավիճակով, կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն առաջիկա շաբաթներին։ 22-ամյա դարպասապահի՝ ակումբից հեռանալու մասին արդեն ակնարկել է «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին․
«Մեր ճանապարհները բաժանվում են, և ես կարող եմ միայն ամենայն բարիք մաղթել այդպիսի զգայուն տղային, ինչպիսին Ջիջոն է»,- նշել է 52-ամյա ֆունկցիոները Twitch-ի ուղիղ եթերի ընթացքում, որը մեջբերում է MilanNews.It-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանն» ու Դոնարուման ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Իտալացի դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան «կարմրասևերի» ղեկավարներից պահանջել է 12 մնլ եվրո տարեկան աշխատավարձ, սակայն միլանյան ակումբը պատրաստ է վճարել միայն 7 մլն եվրո։
Արդեն հայտնի է նաև, թե ով է «Միլանում» փոխարինելու Ջանլուիջի Դոնարումային։ Դոնարումայի փոխարինողը դառնալու է Լիգա 1-ի նորընծա չեմպիոն «Լիլի» դարպասապահ Մայք Մանյանը։
Ռոմանոն գրում է , որ 25-ամյա ֆրանցիացի դարպասապահն արդեն բուժզզնում է անցել միլանցիների համար և մոտ ժամանակներս մինչև 2026 թ․ հունիսի 30-ը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ՝ տարեկան 2․8 մլն եվրո աշխատավարձով։ «Ռոսոներիները» Մայք Մանյանի տրանսֆերի դիմաց «Լիլին» կվճարեն 13 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիլ, Մայք Մանյան, Միլան, Մինո Ռայոլա, Ջանլուիջի Դոնարումա, տրանսֆերներ