Դիբալան հեռանալու է Յուվենտուսից. կողմերի միջև բանակցությունները ձախողվել են
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թուրինյան ակումբից։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի հարձակվողի ու «բյանկոներիների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։
Աղբյուրի փոխանցմամբ` «Յուվենտուսի» ղեկավարության ու Դիբալայի գործակալ Խորխե Անտունի միջև վերջին հանդիպումը կայացել է մարտի 21-ի առավոտյան` Թուրինում, սակայն այն որևէ արդյունք չի տվել։
Բանակցությունների ձախողումից հետո 28-ամյա հարձակվողը վերջնական որոշել է հեռանալ «Յուվենտուսից»։
Հատկանշական է, որ 2021 թ. հոկտեմբերին Դիբալան մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրած եղել թուրինյան ակումբի հետ, որը պետք է ստորագրվեր այդ տարվա դեկտեմբերին, ինչի մասին հայտարարվել էր նաև հրապարակային։
Այդուհանդերձ, «Յուվենտուսի» ղեկավարությունը փոխել է դիրքորոշումը և ցանկացել սպասել մինչև 2022 թ. մարտ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, կողմերի միջև նոր բանակցությունները ձախողվել են, որի պատճառների մասին չի բարձրաձայնվում։
Այսպիսով, Պաուլո Դիբալան 2022 թ. հունիսի 30-ից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թուրինյան ակումբից։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 283 հանդիպում` դառնալով 113 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո