Ֆանտաստիկ Կևին դե Բրոյնե!!! Դե Բրոյնեն միայնակ բեկեց Դանիայի դեմ խաղը` հաղթանակ պարգևելով իր թիմին🎥
Եվրո-2020-ի B խմբի շրջանակում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում ընդունեց Բելգիային։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Դանիայի հավաքականը Յուսուֆ Պոուլսենի խփած գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած արագ գոլը կարծես սառը ցնցուղ լիներ բելգիացիների համար, որոնք ոչ մի կերպ ուշքի չէին գալիս, իսկ տանտերերը վտանգավոր գրոհը մեկը մյուսի հետևից էին անցկացնում խաղասկզբում։
Հանդիպման 10-րդ րոպեին, համաձայան պայմանավորվածության, երկու հավաքականների ֆուտբոլիստները, Քրիստիան Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով ընդհատեցին հանդիպումը, և մարզադաշտում հավաքված բոլոր մարդիկ սկսեցին ծափահարել։
Հատկանշական է, որ Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս հենց «10» համարի մարզաշապիկով
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենրը, առանց որևէ մեկին բախվելու, վայր ընկավ և ուշագնաց եղավ, ինչի պատճառով խաղը երկար ժամանակով դադարեցվել էր։
Ընդհանրապես ողջ առաջին խաղակեսում Բելգիայի հավաքականն անկահասկանալի ֆուտբոլ էր ցուցադրում և ոչինչ չէր կարողանում առաջարկել մրցակցին, քանի որ Կասպեր Հյուլմանի սաները պարզապես հիասքանչ էին խաղում։
Ամեն դեպքում, առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին դանիացիների նվազագույն առավելությամբ։
Հանդիպման ընդմիջմանը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Դրիս Մերտենսի փոխարեն դաշտ մտցրեց Կևին դե Բրոյնեին, ով էլ բեկեց այս հանդիպման ընթացքը։
Երկրորդ կեսի մեկնարկն անցնում էր հավասար պայքարում, սակայն Բելգիայի հավաքականն իր առաջին իսկ լուրջ վտանգավոր գրոհը վերածեց գոլի. 55-րդ րոպեին բազմաքայլ գրոհը Կևին դե Բրոյենի փոխանցումից հետո եզրափակեց Տորգան Ազարը։
Հանդիպման հյուրերը խփած գոլից հետո վստահություն զգացին և սկսեցին տիրել նախաձեռնությանը, ինչն էլ նպաստեց, որ 70-րդ րոպեին արդեն Բելգիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։
Ռոմելու Լուկակուն հարձակման աջ եզրով անցում ձեռնարկեց, ինչից հետո գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գտնվող Էդեն Ազարին, վերջինս էլ հարվածային դիրք դուրս բերեց Կևին դե Բրոյնեին, ով էլ հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 2:1` հօգուտ բելգիացիների։
Բաց թողած երկրորդ գոլից հետո դանիացիները կրկին ակտիվացան, ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր։
75-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Մարտին Բրեյթվեյթը, սակայն «Բարսելոնայի» հարձակողի հարվածից հետո փայլեց Բելգիայի դարպասպաահ Տիբո Կուրտուան։
87-րդ րոպեին Բրեյթվեյթը աչքի ընկնելու ևս մեկ շանս ստացավ, սակայն այս անգամ նրա գլխով կատարած հարվածից հետո «կարմիր սատանաներին» փրկեց դարպասաձողը։
Ի վերջո, Բելգիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, B խմբի շրջանակում վաստակեց 6 միավոր և ապահովեց իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում։
Դանիայի հավաքականն էլ դեռևս միավոր չունի և եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը։
Այս խմբի 2-3-րդ հորիզոնականները կիսում են Ռուսաստանի և Ֆինլանդիանի հավաքականները, որոնք ունեն 3-ական միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Դանիայի Սուպերլիգա, ԵՎՐՈ-2020, Էդեն-Ազար, Թորգան Ազար, Կասպեր Հյուլման, Կևին դե Բրոյնե, Յուսուֆ Պոուլսեն, Ռոբերտո Մարտինես, Ռոմելու-Լուկակու, Քրիստիան-Էրիկսեն