Արդարությունը վերականգնվում է․ Աստորիի մահվան գործով մի շարք մանրամասներ են հայտնի դարձել
2018 թվականի մարտի 4-ին ֆուտբոլային ողջ աշխարհը ցնցեց իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահը։ «Մանուշակների» պաշտպանը մահացել էր հյուրանոցի իր համարում (որպես ավագ՝ նրան առանձին սենյակի հնարավորություն էր տրվել) «Ուդինեզեի» դեմ խաղից առաջ։
Բժշկական հետազոտության արդյունքով հայտարարվեց, որ մահը վրա է հասել բրադիարիթմիայի հետևանք (խմբ․՝ սրտի զարկերը մեկ րոպեում պակասում են 60-ից): Ավելի ուշ Ֆլորենցիայի դատախազությունը սեփական հետազոտությունից հետո եկավ այն եզրահանգման, որ մահվան պատճառը սրտամկանային հատվածի ի ծնե արատն էր, որը բերում է արիթմիայի։ Աստորիի դեպքում մահը վրա է հասել սրտի զարկերի դանդաղեցումից, և եթե նա սենյակում մենակ չլիներ կարող էր և փրկվել։
Ansa-ի տվյալներով, Աստորին հաջողությամբ է անցել բժշկական բոլոր հետազոտությունները, մինչդեռ սթրես-թեստի ժամանակ ծանրաբեռնվածությունից պետք է որ ի հայտ գար արիթմիա, որի դեպքում բժիշկներն արգելում են սպորտով զբաղվել։ Նման դեպք բժիշկները պարտավոր են ավելի խորը հետազոտություն նշանակել։
Դատախազությունը հրապարակել է միանգամից երեք հետազոտության արդյունքներ․
1․ 2014 թվականի հուլիսին «Կալյարիի» բժիշկ Ֆրանչեսկո Ստանյոն թույլատրել է Աստորիին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, մինչդեռ այդ տարիքում նրա մոտ արդեն ի հայտ էին եկել սրտի հետ կապված խնդիրներն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, որը հետագայում հանվեց, երբ պարզվեց, որ ստորագրությունը կեղծված է եղել։շ
2․ «Ֆիորենտինայում» ֆուտբոլիստը միանգամից երկու անգամ է բուժզննում անցել՝ 2016 և 2017 թվականներին, սակայն, հետագայում պարզվել է, որ ակումբի բժիշկ Ջիորջիո Գալանտիի երկու ստորագրություններն էլ եղել կեղծված։ Գալանտին չի անցկացրել բժշկական անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, իսկ Աստորիի առողջության վիճակի մասին հաշվետվությունը փոփոխվել է նրա մահվան մասին զեկույցում։
3․ Գալանտին ճանաչվել է մեղավոր և դատարանի որոշմամբ դատապարտվել 1․5 տարվա ազատազրկման։ Այդ պատիժն էլ դատախազ Անտոնիո Նաստաստին փոխել է մինչև 1 տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև Գալանտին Աստորիի կնոջը՝ Ֆրանչեսկա Ֆիորետիին ու դստերը՝ Վիկտորիային կվճարի 1 մլն եվրո տուգանք։
«Ես երջանիկ եմ և հպարտ, որ արդարությունը վերականգնվեց։ Հույս ունեմ այս ամենը կարող է գոնե մեկ մարդու կյանք փրկել ապագայում»,- հայտարարել է Աստորիի կինը։
Ֆուտբոլիստի մայրն այլ կարծիքի է․ դեռ 2018 թվականին Corriere della Sera-ին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ մեղավորներ չի փնտրում, պարզապես ուզում է իմանալ իր որդու մահվան պատճառը։ «Միևնույն ժամանակ ես չեմ ուզում, որ մեկ ուրիշն անցնի նրա միջով, ինչով ես եմ անցել, ես ուզում եմ, որ իմ Դավիդի մահն իզուր չլինի»,- հայտարարել է նա։
Հետագայում Վենետիկի համալսարաններից մեկը հետազոտություն է անցկացրել՝ պարզելով, որ Աստորիի հիվանդությունը բավական լուրջ է, որի հետևանքով 35 մարզիկից մահանում է 4-ը։ Նման հիվանդություն ունենալու դեպքում սպորտով զբաղվելը 5 անգամ մեծացնում է մահվան հավանականությունը։ Դրա հետևանքով 2007 թվականի օգոստոսի 28-ին ընդամենը 22 տարեկան հասակում մահացավ նաև «Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Անտոնիո Պուերտան։
Եվրոպայի ամենահին բուհերից մեկը՝ Պադովայի համալսարանը, նույնպես հետազոտություն է անցկացրել և պարզել, որ հանկարծամահության 800 դեպքերից 100-ը գրանցվում են մարզիկների մոտ։
Corriere della Sera-ի հրապարակած տեղեկությունների համաձայն այդ հիվանդությունն ունեցող մարդկանց 20 %-ի դեպքում որևէ հստակ ախտանշանով չի դրսևորվում։ Նշվում է, որ Աստորիի վերջին հետազոտությունների ժամանակ ոչ մի խնդիր ի հայտ չի եկել, այդ պատճառով էլ Գալանտիի փաստաբան Զիգֆրիդ Ֆենիեսը նշում է․
«Դատավճիռը զարմացնում է ինձ։ Հաշվի առնելով դատական փաստաթղթերի բովանդակությունը՝ այս գործում Գալանտիի պատասխանատվությունը պարզ և տեսանելի չի եղել»։
Սպասվում է, որ Ֆենիեսը պատրաստվում է դատարանի կայացրած վճիռը բողոքարկել, ինչի հետևանքով բացառված չէ, որ քաշքշուկները շարունակվեն։
Հավելենք, որ Դավիդե Աստորին «Միլանի» մարզադպրոցի սան էր, որի համակարգում հանդես է եկել 2001-2008 թթ․։ Այդ ընթացքում 2006-2007 թթ․ վարձակալությամբ խաղացել է «Պերգոլետզե», իսկ 2007-2008 թթ․՝ «Կրեմոնեզե» ակումբներում։
Աստորին հանդես է եկել «Կալյարիի» (2008-2015 թթ․), «Ռոմայի» (2014-2015 թթ․, վարձակալություն) կազմում, իսկ 2015 թ․ մինչև մահ պաշտպանել է «Ֆիորենտինայի» գույները։
Նախքան մահն Աստորին ակումբային կարիերայի շրջանակում անցկացրած 379 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկին կենտրոնական պաշտպանը 1 գոլի հեղինակ է դարձել նաև Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 14 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնիո Պուերտա, Դավիդե Աստորի, Կալյարի, Միլան, Ջիորջիո Գալանտի, Ռոմա, Սևիլիա, Ֆիորենտինա, Ֆրանչեսկա Ֆիորետի, Ֆրանչեսկո Ստանյո