Գևորգ Ղարիբյանը պարտվեց նաև օլիմպիական ուղեգրի համար գոտեմարտում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտենում է ավարտին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Ինչպես գիտեք, այս աշխարհի առաջնությունը վարկանշային է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի համար։
Ըստ կանոնակարգի` Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում օլիմպիական քաշերում (խմբ.` հունահռոմեական ոճում` 60, 67, 77, 87, 97 և 130 կգ, ազատ ոճում` 57, 65, 74, 86, 97 և 125 կգ քաշերը) չեմպիոնը, փոխչեմպիոնը և բրոնզե մեդալակիրները։
Բացի այդ, բրոնզե մեդալի համար պայքարում պարտված մարզիկները միմյանց մինչև հատուկ գոտեմարտ են անցկացնում` խաղարկելով տվյալ քաշային կարգի հինգերորդ ուզեգիրը։
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) հաղթել էր մեկնարկային գոտեմարտերում և դուրս եկել կիսաեզրափակիչ, սակայն 1:5 հաշվով պարտվեց ճապոնացի Ֆումիտա Կենիչիրոյին։
Ղարիբյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն գոտեմարտի ավարտից 5 վայրկյան ձեռքից բաց թողեց հաղթանակն ու 3:5 հաշվով զիջեց չինացի Լինգուո Չաոյին։
Դրանից հետո էլ 28-ամյա ըմբիշը հնարավորություն ստացավ գոտեմարտել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար, սակայն կրկին ձախողվեց և 0:7 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Մեհդի Նեժադին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Ղարիբյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր