Գրանիտ Ջական հեռանալու է Արսենալից և մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Արսենալի» կիսապաշտպամ Գրանիտ Ջական ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործների» և շվեյցարացի ֆուտբոլիստի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության։
Որպեսզի 30-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. ամռանը չհեռանա անվճար, լոնդոնյան ակումբը պատրաստ է նրան վաճառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը, ամենայն հավանականությամբ, դառնալու է «Բայերը», որը տրանսֆերի հարցում բավական հաջող բանակցություններ է վարում «զինագործների» հետ։
«Դեղագործները» տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 15 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Ջական «Բայերի» հետ նաև մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել։
Այդուհանդերձ, գործարքը դեռևս վերջնական կայացած չէ, քանի որ Ջական ցանկանկանում է կենտրոնանալ մրցաշրջանի վերջին հանդիպումների վրա։
Հավելենք, որ շվեյցարացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայում խաղալու մեծ փորձ ունի, քանի որ 2012-16 թթ. հանդես է եկել «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում։
Ջական Բունդեսլիգայի շրջանակում անցկացրել է 108 հանդիպում` դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ջական «Արսենալի» շարքերը համալրել է 2016 թ. ամռանը, որի կամզում մինչ օրս դաշտ է դուրս եկել 295 անգամ` դառնալով 21 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Գրանիտ Ջակա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո