Գործարքը կայացած է. Գլեյսոն Բրեմերը տեղափոխվում է Յուվենտուս
«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «ցլերին» կվճարեն 40+7 մլն եվրո։
Ակնկլավում է, որ բրազիլացի պաշտպանը «Յուվենտուսի» հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։
Նշենք, որ «ծեր սենյորայի» պաշտոնական կայքն արդեն հաստատել է, որ Բրեմերը ժամանել է ակումբի մարզաբազա` բուժզննում անցնելու համար։
Հատկանշական է, որ 25-ամյա պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև «Ինտերը», որը, չնայած դեռևս 6 ամիս առաջ անձնական պայմանագիր էր համաձայնեցրել Բրեմերի հետ, միևնույնն է, չկարողացավ ավարտին հասցնել գործարքը։
«Ներաձուրիները» գործարքի դիմաց «Տորինոյին» առաջարկել էին 30 մլն եվրո + միլանյան ակումբի երիտասարդական թիմի կիսապաշտպան Չեզարես Կասադեիի տրանսֆերային իրավունքները, սակայն «ցլերի» կողմից մերժում են ստացել։
Հավելենք, որ Գլեյսոն Բրեմերը «Տորինոյի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 110 խաղում դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գլեյսոն Բրեմեր, Յուվենտուս, Տորինո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո