Գերմանիայի ֆուտբոլային միությունը Ֆլիկին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում
Գերմանիայի հավաքականում, հնարավոր է, շուտով կրկին մարզչական փոփոխություն տեղի ունենա։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Գերմանիայի ֆուտբոլային միությունը դժգոհ է ներկայիս գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի կատարած աշխատանքից։
«Բունդեսմանշաֆթը» վերջին 15 խաղերում տոնել է միայն 4 հաղթանակ, իսկ վերջին 4 խաղերում կրել 3 պարտություն։
Աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Բերնդ Նոյենդորֆը Ֆլիկին ևս երկու հանդիպման հնարավորություն է տվել` ապացուցելու, որ ի զորու է մարտունակ հավաքական պատրաստել Եվրո-2024-ի համար, որը տնային է լինելու «բունդեսմանշաֆթի» համար։
Հաղորդվում է, որ ԳՖՄ-ն սկսել է նաև Ֆլիկին փոխարինելու տարբերակներ դիտարկել։
Նշվում է, որ 58-ամյա մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուները Յուլիան Նագելսմանը, Օլիվեր Գլասները, Շտեֆան Կունցն ու Ռոդի Ֆյոլերն են։
Հավելենք, որ ներկայումս Գլասները մարզում է «Այնտրախը», Կունցը` Թուրքիայի հավաքականը, իսկ Ռուդի Ֆյոլերը զբաղեցնում է Գերմանիայի ֆուտբոլային միության սպորտային տնօրենի պաշտոնը։
Ֆյոլերը 2000-04 թթ. արդեն մարզել է Գերմանիայի հավաքականը, որի ղեկին ԱԱ-2002-ին հասել է մինչև եզրափակիչ` 0:2 հաշվով զիջելով Բրազիլիային։
Ավելացնենք, որ Գերմանիայի հավաքականը սույն թվականի սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում է անցկացնելու և կմրցի համապատասխանաբար Ճապոնիայի ու Ֆրանսիայի դեմ։
Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2021 թ. օգոստոսին` փոխարինելով Յոաքիմ Լյովին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բերնդ Նոյենդորֆ, Գերմանիայի հավաքական, Գերմանիայի ֆուտբոլային միություն, Եվրո-2024, ընկերական-հանդիպումներ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուլիան Նագելսման, Շտեֆան Կունց, Ռուդի Ֆյոլեր, Օլիվեր Գլասներ