Coppa Italia. Նապոլին շարունակում է գավաթի պաշտպանության գործընթացը 🎥
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Սպեցիային» և կարողացավ 4։2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչ փուլում։
Հանդիպման մեկնարկային րոպեներից Ջենարո Գատուզոյի սաները խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին և արդեն 5-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց նեապոլցիների սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին։
Ոգևորված ձեռքբերածով՝ տանտերերը մղվեցին գրոհի՝ զարգացնելու իրենց հաջողությունը։ Արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց։
Ընդհանրապես, խոսելով առաջին խաղակեսի մասին, կարելի է ասել, որ այն գլխավորապես ընթացավ միայն «Սպեցիայի» դարպասի մատույցներում։
Բանն այն է, որ սկսած 20-րդ րոպեից՝ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ գնդակ էր հայտնվում «Սպեցիայի» լիտվացի դարպասապահ Տիտաս Կրապիկասի պաշտպանած դարպասում։
Գոլերով աչքի ընկան Իրվինգ Լոզանոն՝ 20-րդ րոպե, Մատեո Պոլիտանոն՝ 30-րդ րոպե և Էլիֆ Էլմասը՝ 40-րդ րոպե։
Բնականաբար, երկրորդ խաղակեսում Գատուզոյի սաները ցանկանում էին հանդիպումը տանել դեպի տրամաբանական ավարտ։
Ամեն ինչ կարծես թե ըստ հաղթող կողմի սցենարի էր ընթանում, սակայն 70-րդ և 73-րդ րոպեներին հյուրերի ֆուտնոլիստներ Էմանուել Գյասին և Ջենարո Ակամպորան կարողացան գրավել Դավիդ Օսպինայի պաշտպանած դարպասը՝ դարձնելով հաշիվը՝ 4։2։
Ինչպես պարզվեց հետագայում՝ ավելին «Սպեցիայի» տղաներին չհաջողվեց անել։
Այսպիսով, Իտալիայի գավաթի գործող չեմպիոնները շարունակում են պայքարը մրցաշարի կիսաեզրափակչում, որի շրջանակում մրցելու են «Ատալանտայի» դեմ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ատալանտա, Դավիդ Օսպինա, Էլիֆ Էլմաս, Էմանուել Գյասի, Իտալիայի-Գավաթ, Իրվինգ Լոզանո, Կալիդու Կուլիբալի, Մատեո Պոլիտանո, Ջենարո Ակամպարո, Ջենարո Գատուզո