Բրազիլիայի հավաքականը ձախողվեց` չկարողանալով նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր 🎥
Օրեր առաջ մեկնարկել էր Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլը։
Որակավորման փուլին մասնակցում էին լատինաամերիկյան բոլոր 10 հավաքականների Մ-23 թիմերը, որոնք նախնական փուլում բաժանվել էին երկու խմբի` 5-ական մասնակցով։
Խմբերի լավագույն երկու հավաքականները դուրս եկան եզրափակիչ հատված։
Եզրափակիչ խմբում էլ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները նվաճեցին օլիմպիական խաղերի ուղեգիր։
Եզրափակիչ հատվածում հանդես էին գալիս Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի ու Վենեսուելայի Մ-23 հավաքականները։
Փոքրիկ մրցաշարի վերջին` 3-րդ տուրից առաջ Բրազիլիայի հավաքականը, վաստակած 3 միավորով, զբաղեցնում էր 2-րդ տեղը և ուղեգեիրը նվաճելու համար Արգենտինայի դեմ խաղում բավարար էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, սակայն Ռամոն Մենեզեսի սաները 0:1 հաշվով զիջեցին մրցակցին։
Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Լուսիանո Գոնդուն։
Պարագվայն էլ 2:0 հաշվով հաղթեց Վենեսուելային։
Հարավային Ամերիկայի որակավորման փուլի եզրափակիչ խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Պարագվայ Մ-23 – 7 միավոր
- Արգենտինա Մ-23 – 5
- Բրազիլիա Մ-23 – 3
- Վենեսուելա Մ-23 – 1
Այսպիսով, Պարագվայի և Արգենտինայի հավաքականները նվաճեցին օլիմպիական խաղերի ուղեգիր, Բրազիլիան ու Վենեսուելան դուրս մնացին հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը վերջին երկու օլիմպիական խաղերի չեմպիոնն էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինա Մ-23, Արգենտինայի հավաքական, Արգենտինայի օլիմպիական հավաքակամ, Բրազիլիա Մ-23, Բրազիլիայի հավաքական, Բրազիլիայի օլիմպիական հավաքական, Ռամոն Մենեզես, Օլիմպիական_խաղեր