Բորիս Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԱԱ-2022-ի ուղեգիր` առանց անցումային հանդիպումներին մասնակցելու
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինան պետք է մասնակցի աշխարհի 2022 թ. առաջնությանը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ջոնսոնը «լավ գաղափար» է անվանել այն առաջարկը, ըստ որի, Ուկրաինային պետք է մեխանիկորեն շնորհվի աշխարհի առաջնության ուղեգիր` առանց անցումային հանդիպումներ անցկացնելու։
Այդուհանդերձ, հայտնի չէ` արդյո՞ք Բորիս Ջոնսոնը տեղյակ է, որ Ուկրաինան պետք է Շոտլանդիայի դեմ անցումային հանդիպում անցկացնի, իսկ հաղթանակի դեպքում էլ մրցի Ուելսի ընտրանու դեմ, թե` ոչ։
Հիշեցնենք, որ Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հետաձգվել է. այն պետք է կայանար մարտի 24-ին։
Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը նշել էր, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար կլինի, որ Եվրո-2028-ի կամ Եվրո-2032-ի անցկացման իրավունքը տրվի Ուկրաինային։
«Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլիներ, եթե մրցաշարի անցկացման իրավունքը փոխանցվեր Ուկրաինային»,- Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բորիս Ջոնսոն, Մունդիալ-2022, Շոտլանդիայի հավաքական, Ուելսի հավաքական, Ուկրաինայի հավաքական, Քաթար-2022