Բարսելոնան չի հասցրել իրականացնել Օլմոյի տրանսֆերը
«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն տրանսֆերային պատուհանի վերջին օրը մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «ցլերը» կատալոնական ակուբին թույլ են տվել բանակցել Օլմոյի հետ, իսկ դրան զուգահեռ, «Լայպցիգի» ներկայացուցիչները, տրանսֆերի ֆինանսական հարցով, քննարկումներ են ունեցել «Բարսելոնայի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր էր համաձայնեցրել «բլաուգրանասի» հետ։ Նա համաձայնել էր նաև ստանալ ավելի ցածր աշխատավարձ, քան վաստակում է «Լայպցիգում»։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագրում նաև հավելավճարների կետեր պետք է լինեին։
Հատկանշական է, որ, չնայած «կապտանռնագույնները» պայմանագիր էին համաձայնեցրել Օլմոյի հետ, միևնույնն է, նույնը անել «Լայպցիգի» հետ չստացվեց, քանի որ «Բարսելոնան» խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստ է եղել վճարել 58 մլն եվրո, սակայն գերմանական ակումբը ցանկացել է նրա վաճառքից ստանալ 75 միլիոն, այդ իսկ պատճառով էլ կատալոնացիները չեն կարողացել ավարտին հասցնել այս գործարքը։
Չնայած գործարքի տապալմանը` «Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրություն ցուցաբերել իր նախկին սանի հանդեպ։ Ինքը` Օլմոն, նույնպես կողմ է կատալոնական ակումբ վերադառնալուն։
Սպասվում է, որ «բլաուգրանասն» այս գործարքին կվերադառնա 2022 թվականին։
Հիշեցնենք, որ Դանի Օլմոն «Բարսելոնայի» սան է, որի մարզադպրոցի համակարգում հանդես է եկել 2007-2014 թթ., ինչից հետո համալրել է Զագրեբի «Դինամոյի» շարքերը, իսկ 2020 թ. հունվարից պաշտպանում է «Լայպցիգի» գույները։ «Ցլերի» մարզաշապիկով իսպանացի կիսապաշտպանն անցկացրել է 61 հանդիպում` դառնալով 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Օլմո, Լայպցիգ, տրանսֆերներ