Խետաֆեն խնդիրներ չստեղծեց․ Կումանի թիմն իր բարձրության վրա էր🎥
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները խաղը բավական ակտիվ մեկնարկեցին և արդեն 4-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Լեո Մեսսիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
8-րդ րոպեին, ի վերջո, արգենտինացի ֆուտբոլիստը խփեց իր գոլը՝ բացելով խաղի հաշիվը։
«Կապտանռնագույնների» ուրախությունը երկար չտվևեց, քանի որ 12-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը․ Անխել Ռոդրիգեսի հարվածից հետո գնդակն արդարդաձավ Կլեման Լանգլեցի և հայտնվեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասում, իսկ գոլը գրանցվեց ֆրանսիացի պաշտպանի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ։
28-րդ րոպեին Ռոնալդ Կումանի սաները կրկին հաշվի մեջ առաջ անցան։ «Խետաֆեի» Սոֆիան Չակլան, փորձելով հետ փոխանցում կատարել դարպասապահ Դավիդ Սորիայի ուղղությամբ, չնկատեց, որ վերջինս շատ է առաջ եկել իր տեղից և գնդակը պատհամամբ ուղարկեց սեփական դարպասը՝ դառնալով բավական զվարճալի ինքնագոլի հեղինակ։
33-րդ րոպեին էլ կրկին իր խոսքն ասաց Լեո Մեսսին։ 33-ամյա հարձակվողը հայտնվել հարվածային դիրքում․ նրա առաջին հարվածից հետո գնդակը կրկին դիպավ դարպասաձողին, սակայն երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը, իսկ հաշիվը դարձավ արդեն 3։1։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ երկրորդ կեսը մեկնարկել էր հանգիստ պայքարում և մինչև 68-րդ րոպե, բառի ամենաուղիղ իմաստով, դաշտում ոչինչ չէր կատարվում, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «Խետաֆեի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Էնես Ունալը։
Նույնիսկ այդ խփած գոլը Պեպե Բորդալասի սաներին չստիպեց ավելի ակտիվ գործել, որոնք գրեթե ոչինչ չէին կարողանում առաջարկել մրցակցին։
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա առաջին կեսից հետո տպավորություն էր, թե Ռոնալդ Կումանի սաները չեն ցանկանում խաղալ և հանդիպումը մոտեցնում էին հաղթական ավարտին։
Խաղավարտին մոտ, ամեն դեպքում, «բլաուգրանասը» մի պահ կրկին ակտիվացավ և 87-րդ րոպեին խփեց 4-րդ գոլը, որն անկյունային խաղարկումից հետո իր ակտիվում գրանցեց Ռոնալդ Արաուխոն՝ ուղղելով իր սխալը։ Հենց ուրուգվայցի պաշտպանն էր իր թիմի դարպասին 11-մետրանոց հարված բերել։
Բայց, սա դեռ վերջը չէր, քանի որ 90+3-րդ րոպեին Անտուան Գրիզմանն արդեն իր թիմի համար 11-մետրանոց հարված վաստակեց, որն ինքն էլ անվրեպ իրացրեց՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Բարսելոնան» վստահ խաղով 5։2 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Հատկանշական է, որ «Խետաֆեն» այս խաղում երկու գոլ խփեց՝ մրցակցի դարպասին կատարելով ընդամենը 1 դիպուկ հարված։ Բանն այն է, որ հյուրերի առաջին գոլի դրվագում Անխելի հարվածից հետո գնդակը չէր ընթանում դարպասը, սակայն, անդրադառնալով Լանգլեից, հայտնվեց մրցակցի դարպասում։
Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 68 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Առաջատար «Ատլետիկոն» ունի 73, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալը»՝ 70 միավոր, սակայն «Բարսելոնան», մրցակցիների համեմատ, մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Խետաֆեն» էլ մնաց 31 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am