«Բարսելոնան» հետաքրքրված է երկու թոփ պաշտպանի ծառայություններով
«Բարսելոնան» մտադիր է 2026թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նվազագույնը մեկ բարձրակարգ պաշտպան ձեռք բերել, հաստատում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի մարզչական շտաբն ուսումնասիրել է շուկան։ Հաշվի առնելով պաշտպանական ցանկալի որակները` գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի ընտրությունը կանգ է առել Յոշկո Գվարդիոլի («Մանչեսթեր Սիթի») և Ալեսանդրո Բաստոնիի («Ինտեր») վրա։
Երկու պաշտպաններն էլ հիանալի են խաղում ձախ ոտքով, նրանց առաջին փոխանցման ճշգրտությունը բարձր մակարդակի է, փորձառու են ու համեմատաբար երիտասարդ։
Բացի դա, Ֆլիկին դուր է գալիս, որ երկու պաշտպաններն էլ կարողանում խաղալ նաև ձախ եզրից։
Բաստոնիի ու Գվարդիոլի պայմանագրերն իրենց ակումբների հետ կսպառվեն 2028թ. հուլիսի 1-ին։
«Բարսելոնան» հուսով է, որ նախքան ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը կկարողանա համապատասխանել Իսպանիայի Լա լիգայի սահմանած «1:1» օրենքին, ինչը թույլ կտա ակումբին խուսափել ֆինանսական սահմանափակումներից։
«Բլաուգրանան» ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանի դիրքում կադրային լուրջ խնդիրների է բախվել։
Վերջերս Անդրեաս Քրիստենսենը ծանր վնասվածք է ստացել ու երկար ժամանակով շարքից դուրս մնացել։ Դանիացի պաշտպանը նաև, մեծ հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։
Ռոնալդ Արաուխոն հոգեբանական լուրջ խնդիրներ ունի և այժմ Իսրայելում հատուկ բուժման կուրս է անցնում։
Ստեղծված իրավիճակում Ֆլիկը նոմինալ ձախ պաշտպան Ժերար Մարտինին խաղադաշտ է դուրս բերում պաշտպանության կենտրոնում։ Այդ դիրքում հաճախ խաղում է նաև հենակետային կիսապաշտպան Էրիկ Գարսիան։
26-ամյա Բաստոնին «Ինտերում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 278 խաղում խփել է 7 գոլ, կատարել 29 ասիստ։
23-ամյա Գվարդիոլը «Մանչեսթեր Սիթիում» է 2023թ. օգոստոսից` 117 խաղում գրանցելով 13 գոլ ու 9 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեսանդրո Բաստոնի, Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Ժերար Մարտին, Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ