Բարսելոնան ապագայում Խավիին փոխարինելու թեկնածու ունի
«Բարսելոնան» Միկել Արտետային դիտարկում է որպես ապագայում ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածու։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, խոսքը ներկա պահի կամ մոտ ապագայի մասին չէ, քանի որ այժմ «Բարսելոնան» շարունակում է հույսեր կապել Խավիի հետ և վստահում է նրան։
Այնուամենայնիվ, «Արսենալի» ղեկին Արտետայի կատարած աշխատանքը գրավել է կատալոնական ակումբի ուշադրությունը:
Արտետան «Բարսելոնայի» սան է և «Մանչեսթեր Սիթիում» ընդգրկված է եղել Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում ու, ըստ «բլաուգրանայի» ղեկավարության, նա ունի բոլոր որակները, որպեսզի ապագայում գլխավորի ակումբը։
Բացի դրանից, «Բարսելոնայի» ղեկավարները կարծում են, որ Արտետան հիանալի է ծանոթ ակումբի գաղափարախոսությանը։
Հաղորդվում է, որ 40-ամյա մասնագետի թեկնածությունը «Բարսելոնան» կդիտարկի այն ժամանակ, երբ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր կլինի։
Նշվում է, որ «Բարսային» դուր է գալիս ոչ միայն «Արսենալի» խաղաոճն Արտետայի գլխավորությամբ, այլև թիմը ղեկավարելու նրա սկզբունքները։
Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե ինչպես է մարզիչը լուծել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ ունեցած կոնֆլիկտը։
Արտետայի` ապագայում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելուն կարող է խթանել նաև այն հանգամանքը, որ վերջինս հիանալի հարաբերություններ ունի կատալոնական ակումբի գլխավոր տնօրեն Մատեու Ալեմանիի և սպորտային տնօրեն Յորդի Կրոյֆի հետ։
Այդուհանդերձ, ակնկալվում է, որ Խավին դեռևս մի քանի մրցաշրջան կշարունակի մարզել «Բարսելոնան»։
Արտետան նույնպես չի պատրաստվում լքել «զինագործների» շարքերը և մինչև 2025 թ. հունիսի 30-ը գորոծղ պայմանագիր ունի «Արսենալի» հետ։
Ամեն դեպքում, «կապտանռնագույնների» ղեկավարությունը շարունակելու է հետևել Արտետայի շուրջ զարգացող իրադարձություններին և կատարած աշխատանքին։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թ. դեկտեմբերին։
«Արսենալն» Արտետայի գլխավորությամբ 2020 թ. դարձել է Անգլիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Խավի, Միկել Արտետա