Հանսի Ֆլիկը հայտարարեց, որ հեռանալու է Բավարիայից
Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարերց, որ մրցաշրջանի ավարտից հեռանալու է «Բավարիայից»։
«Այսօր ես ակումբի ղեկավարությանն ասացի, որ ցանկանում եմ խզել պայմանագիրը։ Ցանկանում եմ դա անել ամռանը, ինչը փաստ է։ Հեռանալու մասին իմ ցանկության մասին ես ակնարկել էի Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց անմիջապես հետո։
Ցանկանում եմ ակումբին իմ երախտագիտությունը հայտնել այս հիասքանչի թիմի հետ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։
Ինձ համար անչափ կարևոր էր, որ այդ ամենը թիմին ես անձամբ ասեի քանի որ իմ հեռանալու մասին խոսացկություններ արդեն կային։
Վերջին շաբաթներն ինձ համար հեշտ չտրվեցին, այդ պատճառով էլ շատ կարևոր էր, որ իմ հեռանալու մասին նորությունն ակումբին անձամբ հայտնեի։
Իմ ապագայի հետ կապված ոչինչ դեռևս պարզ չէ։ Ես Գերմանիայի հավաքականի հետ դեռևս որևէ բան չեմ քննարկել։ Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ դիտարկում է Գերմանիայի հավաքականը մարզելու տարբերակը, սակայն այժմ ես պետք է մտածեմ և գիտակցեմ որոշումներս»,- նշել է գերմանացի մասնագետ, ում խոսքերը մեջբերում է Kicker-ը։
Ինչպես գրում է իտալացի հանարահայտ լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, Հանսի Ֆլիկին փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն է։
Ինչ վերաբերում է Ֆլիկին, ապա, ըստ Ռոմանոյի տեղեկությունների, ապա նա ամենայն հավանականությամբ, Եվրո-2020-ի ավարտից հետո, իրոք, կգլխավորի Գերմանիայի հավաքականը՝ փոխարինելով Յոաքիմ Լյովին, ով նույնպես հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
Ըստ օդում կախված տեղեկությունների էլ՝ Ֆլիկը լուրջ կոնֆլիկտ ունի նաև «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև կոնֆլիկտը ծագել է Ժերոմ Բոատենգի հետ պայմանագիր ստորագրել-չստորագրելու հարցում։ Գերմանացի մասնագետը ցանկացել է թիմում պահել Բոատենգին, սակայն ակումբն այդպես էլ պայմանագիր չի առաջարկել 32-ամյա պաշտպանին, ինչի պատճառով նա մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բավարիայի» գլխավոր մարզիչ էր դարձել 2019 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով Նիկո Կովաչին։ Մինչ այս պահը «մյունխենյան մեքենան» նրա գլխավորությամբ անցկացրել է 81 հանդիպում, միջինում վաստակել է 2․57 միավոր, տոնել է 67 հաղթանակ, 7 խաղ ավարտել է ոչ-ոքի, նույնքան խաղ էլ պարտվել է, իսկ գնդակների ընդհանուր հարաբերակցությունը 244։85։ «Բավարիայի» ղեկին Ֆլիկը նվաճել է 6 տիտղոս՝ այդ թվում նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Ժերոմ Բոատենգ, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հասան Սալիհամիջիչ, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա