Լևանդովսկին վերերկրային ֆուտբոլ է ցուցադրում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ մյուխնենյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն 12-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ 9-րդ րոպեին «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոյի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Շլագերը գնաց, դիտեց այդ դրվագի տեսակրկնապատկերը և կանադացի պաշտպանին պատժեց կարմիր քարտով։
Նույնիսկ այդ փաստը չընկճեց Հանսի Ֆլիկի սաներին, ովքեր 18-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Սերժ Գնաբրիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։
Ինչ-որ պահից «Շտուտգարտի» պաշտպանությունը սկսեց քանդվել՝ գնդակները մեկը մյուսի հետևից հանելով սեփական դարպասից։ Նախքան ընդմիջման գնալը մյունխենյան ակումբը ևս երեք գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը։
Այդ երեք գնդակներից երկուսը գրանցվեց Լևանդովսկու անվան դիմաց, ով այս խաղում դարձավ արդեն հեթ-տրիկի հեղինակ, իսկ մեկ գոլ էլ խփեց Սերժ Գնաբրին։
Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում, դարձել է արդեն 35 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Անդրե Սիլվայից («Այնտրախտ») առաջ անցնելով 14 գնդակով։
Լեհ հարձակվողը վստահորեն շարժվում է դեպի պատմական ռեկորդ։ Բունդեսլիգայի 1971/72 մրցաշրջանում «Բավարիայի» մեկ այլ լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերն, անցկացրած 34 խաղում, դարձել է 40 գոլի հեղինակ, ինչը մեկ մրցաշրջանի ընթացքում երբևէ լավագույն արդյունքն է։
Ինչպես հասկացաք, կողմերն ընդմիջման գնացին 4։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսում «բավարական մեքենան» թուլացրեց տեմպը, քանի որ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը հանված էին։
Պելեգրինո Մատրացոյի թիմը փորձեց օգտվել այդ փաստից և քանակական առավելությունից՝ բեկում մտնցնելով այս խաղում, սակայն հյուրերի մոտ ոչինչ չէր ստացվում, իսկ խաղում այդպես էլ այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, «Բավարիան» 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ, վաստակեց 61 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգի» անվան դիմաց կա 57 միավոր։
«Շտուտգարտն» էլ մնաց 36 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Սիլվա, Բավարիա, Բունդեսլիգա, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Շտուտգարտ, Պելեգրինո Մատրացիո, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի