Աֆրիկայի Ազգերի գավաթ. Կոմորյան Կղզիները գերխոշոր անակնկալ մատուցեցին` պայքարից դուրս թողնելով Գանային🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի հավաքականը C խմբի շրջանակում մրցեց մրցաշարի նորեկ Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։
Հանդիպումը գանացիների համար անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 4-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Էլ Ֆարդուն առաջ մղեց Կոմորյան Կղզիներին։
«Սև աստղերի» դժբախտությունները շարունակվեցին 25-րդ րոպեին, երբ Գանայի հավաքականի ավագ Անդրե Այուն կոպիտ գործեց մրցակցի դարպասպահի նկատմամբ ու պատժվեց կարմիր քարտով։
Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով Միլովան Ռաևացի սաներն ավելի լավ տեսք ունեին և 40-րդ րոպեին կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Թոմաս Փարթիի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով։
Երկորդ կեսի մեկնարկն էլ անցնում էր հիմնականում հավասար պայքարում, սակայն 62-րդ րոպեին կղզիաբնակները կրկնապատկեցին իրենց առավելությունը. աչքի ընկավ Ահմեդ Մոգնին։
Գանացիները բաց թողած երկրորդ գոլից հետո չկոտրվեցին և շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը. նախ 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիչմոնդ Բոակյեն, ապա 77-րդ րոպեին` Ալեքսանդր Ջիկուն։
Այդուհանդերձ, այս խաղում վերջին խոսքն ասացին Կոմորյան Կղզիների հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր 85-րդ րոպեին հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, որը եզրափակեց Ահմեդ Մոնգին` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, կոմորները 3:2 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեցին Գանայի նկատմամբ։
Այս պարտության հետևանքով Գանան մնաց ընդամենը 1 միավորով, եզրափակեց C խումբը` լքելով հետագա պայքարը։
Կոմորյան Կղզիները վաստակեց 3 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, սակայն դեռևս պարզ չէ` մրցաշարի նորեկները կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, թե` ոչ։
C խմբում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Մարոկկոյի (7 միավոր) և Գաբոնի հավաքականները (5 միավոր)։
Նշենք, որ Կոմորյան Կղզիների հավաքականը միայն 2003 թվականին է անդամակցել Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային, իսկ ՖԻՖԱ-ին` 2005 թվականին։
Հատկանշական է, որ այս հավաքականը մինչ այս երբեք չէր հաղթահարել Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլն ու մրցաշարի խմբային փուլին մասնակցում է առաջին անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա, Գանայի հավաքական, Կոմորյան Կղզիների հավաքական, ՖԻՖԱ