Արսենալի դժոխքը շարունակվում է?
Անգլիական Պրեմիեր 30-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Բրայթոնին»։
Առաջին խաղեկսում երկու ակումբներն էլ աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին։ «Արսենալի» գրոհներն ավելի վտանգավոր էին, հատկապես կարելի է առանձնացնել 31-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետի դրվագը, երբ ձախ եզրից Բուկայո Սակայի կատարած փոխանցումից հետո ֆրանսիացի հարձակվողը հարվածեց, սակայն տանտերերի դարպասապահ Մեթյու Ռայանը փրկեց իր թիմին վերահաս վտանգից։
Առաջին խաղակեսում հիշատակման է արժանի նաև 36-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյի ստացած ծանր վնասվածքը։ Տանտերերի հարձակվող Նիլ Մոպեյը հարվածային դիրք էր դուրս գալիս, սակայն «զինագործների» դարպասապահ Բերնդ Լենոն տեղից դուրս եկավ՝ կանխելով վտանգավոր պահը, սակայն այդ դրվագում կողմերը բախվեցին միմյանց, ինչի պատճառով գերմանացի դարպասապահը կարծես թե լուրջ վնասվածք ստացավ։
Լոնդոնյան ակումբի բուժանձնակազմը մոտ 5 րոպե գերմանացի դարպասապահին օգնություն էին ցույց տալիս, ինչից հետո նրան պատգարակի վրա տարան դեպի հանդերձարան։
Լենոյի փոխարեն հանդիպումը շարունակեց արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ էր և պահերով լի։ 66-րդ րոպեին աչքի ընկնելու հնարավորություն ուներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, սակայն գաբոնցի հարձակվողի կատարած հարվածից հետո Ռայանը կրկին փրկեց իր թիմին։
Լոնդոնյան ակումբը, 69-րդ րոպեին, այնուամենայնիվ, բացեց հանդիպման հաշիվը։ «Բրայթոնի» չստացված գրոհից հետո հյուրերը նետվեցին հակագրոհի, որը վերածվեց դիրքային գրոհի, ինչի արդյունքում Բուկայո Սական հարձակման աջ եզրում գտավ Նիկոլա Պեպեին, ով շրջանցեց մրցակցի պաշտպաններից մեկին և ձախ ոտքի պտտեցրած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։
«Բրայթոնը» շատ արագ հավասարեցրեց հաշիվը։ 75-րդ րոպեին տանտերերի խաղարկած անկյունային հարվածից հետո Լյուիս Դանկը խառնաշփոթ իրավիճակում գրավեց Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը։
80-րդ րոպեին Օբամեյանգը քիչ մնաց կրկին առաջ մղեր «զինագործներին», բայց նրա կատարած հեռահար հարվածից հետո փայլուն սեյվի հեղինակ դարձավ Մեթյու Ռայանը։
Մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին «Բրայթոնը» բազաքայլ գրոհ իրականացրեց, ինչի արդյունքում Նիլ Մոպեյը մեն-մենակ դուրս մնաց Մարտինեսի դիմաց և գրավեց դարպասը՝ դրամատիկ հաղթանակ պարգևելով «Բրայթոնին»։
Այս հաղթանակի շնորհիվ, «Բրայթոնը» վաստակեց 32 միավոր՝ մի փոքր հեռանալով վտանգավոր գոտում։ Այժմ Գրեհեմ Փոթերի սաները զբաղեցնում են 15-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 40 միավորով մնաց 9-րդը։
# ԱՊԼ, Արսենալ, Բերնդ Լենո, Բուկայո Սակա, Բրայթոն, Լյուիս Դանկ, Նիլ Մոպեյ, Նիկոլա Պեպե, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ