Արսենալը մտադիր է ձեռք բերել Ման. Սիթիի ևս մեկ ֆուտբոլիստի
«Արսենալը», 2023/24 մրցաշրջանին ընդառաջ, մտադիր է լուրջ տրանսֆերներ իրականացնել և փորձել ավելի մարտունակ կազմ ունենալ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու և Չեմպիոնների լիգայում պատվով հանդես գալու համար:
Արդեն հայտնի է դարձել, որ «զինագործների» կիսապաշտպան Գրանիտ Ջական, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է լոնդոնյան ակումբի շարքերը և տեղափոխվելու է «Բայեր Լևերկուզեն»:
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը, շվեյցարացի կիսապաշտպանի փոխարեն «Արսենալը» մտադիր է պայմանագիր կնքել Իլկայ Գյունդողանի («Մանչեսթեր Սիթի») հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան շատ է ցանկանում 32-ամյա ֆուտբոլիստին տեսնել իր թիմում, ում հետ արդեն ծանոթ է «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիներից, երբ Պեպ Գվարդիոլայի օգնականն էր 2016-19 թվականներին:
Այդուհանդերձ, Գյունդողանն իր ապագայի վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացրել, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» համար մրցաշրջանը դեռևս չի ավարտվել: «Քաղաքաբնակներն» Անգլիայի գավաթի եզրափակիչի շրջանակում հունիսի 3-ին մրցելու են «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում հունիսի 10-ին՝ «Ինտերի» դեմ:
Ընդ որում, գերմանացի ֆուբտոլիստին իր շարքերում է ցանկանում է տեսնել նաև «Բարսելոնան», որն արդեն պայմանագիր է առաջարկել վերջինիս:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հենց «բլաուգրանան» է ֆավորիտ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու հարցում:
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես չի կորցրել հույսը Գյունդողանի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի վերջինս չլքի «քաղաքաբնակների» շարքերը:
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիից» արդեն ձեռք է բերել երկու ֆուտբոլիստի: Խոսքը Գաբրիել Ժեզուսի և Ալեքսանդր Զինչենկոյի մասին է, որոնց տրանսֆերի դիմաց «զինագործները» վճարել են համապատասխանաբար 52 և 35 մլն եվրո:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գրանիտ Ջակա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա, տրանսֆերներ