Արսենալը կենդանության նշույլներ է ցույց տալիս․ «զինագործները» վերջապես ուրախացնում են 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
«Արսենալը», որն ընթացիկ մրցաշրջանում դժգույն ֆուտբոլ է ցուցադրում և լավ օրեր չի ապրում, վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին։
«Չելսիի» դեմ կայացած խաղում «զինագործները» բավականին լավ տեսք ունեին և հաղթեցին 3։1 հաշվով։
Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեցին Ալեքսանդր Լակազետի, Գրանիտ Ջակայի և Բուկայո Սակայի գոլերը։ Հատկապես տպավորիչ ստացվեց Սակայի գոլը, ով աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ՝ «կախած» հարվածով դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։
«Չելսիի» ֆուտբոլիստները կարողացան պատասխանել միայն 87-րդ րոպեին խփած Թեմի Աբրահամի գոլով, իսկ 90+1-րդ րոպեին հաշիվը կարող էր էլ ավելի կրճատվել, եթե Ժորժինիոն չվրիպեր 11-մետրանոց նշակետից․ այդ դրվագում «Արսենալին» փրկեց Բերնդ Լենոն։
Այսպիսով, գրեթե երկու ամիս անց «Արսենալը» Պրեմիեր լիգայում կրկին հաղթանակ է տոնում։ Վերջին անգամ Միկել Արտետայի թիմը հաղթել էր սույն թվականի նոյեմբերի 1-ին, երբ հյուրընկալվելիս 0։1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
«Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 17 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական, իսկ «Չելսին» 26 միավորով հանգրվանել է 6-րդ հորիզոնականում։
# Ալեքսանդր-Լակազետ, ԱՊԼ, Արսենալ, Բերնդ Լենո, Բուկայո Սակա, Գրանիտ Ջակա, Թեմի-Աբրահամ, Ժորժինիո, Միկել Արտետա