Օբամեյանգի վերադարձը․ Արսենալը քիչ-քիչ բարելավում է դիրքերը🎥
Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը, որի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կարողացավ 3։0 հաշվով առավելության հասնել «Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ, ինչի շորհիվ աստիճանաբար բարելավում է դիրքերը։
Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։ Նախ 50-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը, ապա 11 րոպե անց Բուկայո Սական կրկնապատկեց այն։ Եվս 10 րոպե անց գաբոնցի հարձակվողն արդեն դուբլ գրանցեց իր ակտիվում՝ ձևավորելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։0։
Ընդհանրապես, 31-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանը բավական անհաջող է անցկացնում։ Պերմեիր լիգայի շրջանակում Օբամեյանգը խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ՝ դառնալով ընդամենը 5 գոլի հեղինակ։ ԱՊԼ-ի շրջանակում գաբոնցին վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր նախորդ տարվա դեկտոմբերի 16-ին, երբ գրավեց «Սաութհեմպտոնի» դարպասը։
Հարկ է նշել, որ «զինագործները» ողջ խաղի ընթացքում ունեին բացահայտ տարածքային առավելություն և ավելի վտանգավոր էին գրոհում մրցակցի համեմատ, որն էլ արտացոլվեց խաղի վերջնական հաշվի տեսքով։
Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի սաները վաստակեցին 27 միավոր և բարձրացան լավագույն տասնյակ։ Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» ակումբը զիջում է 10 միավոր։
«Նյուքասլը» մնաց նախապես վաստակած 19 միավորով, որին համարժեք է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Միկել Արտետա, Նյուքասլ, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ