Արսենալ – Չելսի հանդիպման մրցավարը 119 տարվա ցուցանիշ է կրկնել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում «Արսենալը» Պիեր-Էմերեիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեց «Չելսիին»՝ ռեկորդային՝ 14-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Այդ հանդիպումն աչքի ընկնավ մրցավարական մի շարք սկանդալային որոշումներով։ Կարծում ենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը հանդիպման 73-րդ րոպեին սխալմամբ խաղադաշտից հեռացրեց «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, իսկ 79-րդ րոպեին «ազնվականների» հարձակվող Թեմի Աբրահամը հնարավորություն ստացավ մեն-մենակ հայտնվել «Արսենալի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի դիմաց, սակայն արգենտինացի դարպասապահը դուրս եկավ իր տեղից և որսաց գնդակը, սակայն, տպավորություն էր, թե Մարտինեսը սեփական տուգանային հրապարակի մատույցներից դուրս է որսացել գնդակը, ինչի համար պետք է հեռացվեր խաղադաշտից։
Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը, սակայն, այս առումով չէ, որ արժանի է հիշատակման։ Բանն այն է, որ 41-ամյա անգլիացի մրցավարը 1901 թվականից ի վեր առաջին մրցավարն է, որ իր մրցավարական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է նշանակվում Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար։ Վերջին անգամ նման դեպք պատահել էր Արթուր Քինգսկոթի հետ, երբ երկու տարի անընդմեջ անգլիացի մրցավարը սպասարկել է գավաթի եզրափակիչը։
Սովորոբար յուրաքանչյուր տարի այլ մրցավար է նշանակվում եզրափակիչ հանդիպման համար և Անգլիայի մրցավարաների կոմիտեն այդ փաստը բացատրում է նրանով, որ անգլիացի մրցավարի կարիերայի գագաթնակետը համարվում է հենց Անգլիայի գավաթի եզրափակչի սպասարկումը, սակայն համաճարակային տարին խառնեց բոլորի խաղաքարտերը։
Թվում է, թե Covid-19-ը չպետք է որևէ նշանակություն ունենար, սակայն այս տարվա եզրափակիչն անցկացվում էր դատարկ տրիբունաների ներքո և նշանակել այնպիսի մրցավարի, ով դեռևս չի սպասարկել գավաթի եզրափակիչ հանդիպում, անարդադարցի կլիներ․ չէ՞ որ նա զրկված էր լինելու հանդիպումը տոնական մթնոլորտում դատելու հնարավորությունից։
Ճակատագրի հեգնանք Էնթոնի Թեյլորը արդեն երրորդ անգամ է սպասարկում «Արսենալ» – «Չելսի» եզրափակիչ հանդիպում։ Առաջին դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 2-ին, երբ կողմերը մրցում էին Սուպեր գավաթի շրջանակում։ Այդ խաղում «զինագործները» Ալեքս Օքսյլեդ-Չեմբերլենի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեցին մրցակցին։
Երկրորդ «Արսենալ» – «Չելսի» եզրափակիչը, որը կայացել է Էնթոնի Թեյլորի սպասարկմամբ, կայացել է 2017 թվականի մայիսի 27-ին՝ գավաթի եզրափակչի շրջանակում։ Այդ խաղում նույնպես հաղթել են «Արսենալի» ֆուտբոլիստները և կրկին գրանցվել է 2։1 հաշվիվը։ Այդ խաղում 4-րդ րոպեին «Արսենալին» առաջ է մղել Ալեքսիս Սանչեսը, 76-րդ րոպեին «թոշակառուների» կազմից պատասխան գնդակը խփել է Դիեգո Կոստան, սակայն կարճ ժամանակ անց՝ 79-րդ րոպեին, «զինագործներին» հաղթանակ է պարգևել Արոն Ռեմզին։
Փաստորեն, կողմերի միջև կայացած այն եզրափակիչները, որոնք սպասարկել է Էնթոնի Թեյլորը, ավարտվել են «Արսենալի» նվազագույն առավելությամբ։ Հատկանշական է, որ 2017 թվականին կայացած գավաթի եզրափակիչում Էնթոնի Թեյլորը նույնպես կարմիր քարտով պատժել է «Չելսիի» ֆուտբոլիստներից մեկին։ Սիմուլիացիայի համար երկրորդ դեղին քարտն է ստացել Վիկտոր Մոզեսը։
Էնթոնի Թեյլորը մրցավար է աշխատում սկսած 2006/07 մրցաշրջանից։ Իր առաջին հանդիպումը սպասարկել է 2006 թվականի օգոստոսի 12-ին։ Այդ հանդիպումը եղել է նշանակությամբ չորրորդ դիվիզիոնի՝ Երկրորդ լիգայի երրորդ տուրի «Վրեքսհեմ» 0։0 «Պիտերբորու» հանդիպումը։ Անգլիայի գավաթի շրջանակում Թեյլորը իր նորամուտ նշել է 2007 թվականի նոյեմբերի 10-ին, երբ մրցաշարի առաջին փուլի շրջանակում միմյանց դեմ էին մրցում «Կարլսլայ Յունայթեդը» և Գրիմսբի Թաունը»։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
Էնթոնի Թեյլորը Պրեմիեր լիգայի շրջանակում առաջին հանդիպումը սպասարկել է 2009/10 մրցաշրջանում։ Առաջին սպասարկած խաղը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 3-ին, երբ կայանում էր 21-րդ տուրը, որի շրջանակում նա սպասարկել է «Ֆուլհեմ» 1։0 «Պորթսմութ» հանդիպումը։ Այդ մրցաշրջանում նա սպասարկել է նաև 28-րդ տուրում կայացած «Բիրմինգհեմ» 1։0 «Ուիգան» խաղը։
Թեյլորը 2013 թվականից սկսած համարվում է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցավար։ Չեմպիոնների լիգայի շրջանակում Թեյլորի նորամուտը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 17-ին՝ սպասարկելով մրցաշարի երկրորդ որակավորման փուլի «Սլովան Բրատիսլավա» – «Լյուդոգորեց» դիմակայության առաջին խաղը, որն ավարտվել է 2։1 հաշվով, իսկ ԵԼ դեբյուտը՝ նույն թվականի օգոստոսի 1-ին։ Այդ օրը անգլիացի մրցավարը սպասարկել է երրորդ որակավորման փուլի «Սլասկ Վրոցլավ» 1։0 «Բրյուգե» խաղը։
Հավաքականների մակարդակով առաջին հանդիպումը Թեյլորը սպասարկել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ Այդ օրը անգլիացի մրցավարը դատել է Մ-21 տարեկանների 2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Թուրքիա Մ-21 1։0 Լեհաստան Մ-21 հանդիպումը։
2014/15 մրցաշրջանում Թեյլորն առաջին անգամ սպասարկեց եվրագավաթային խմբային փուլի հանդիպում: 2014 թվականի հոկտեմբերի 23-ին նա սպասարկեց Եվրոպա լիգայի երրորդ տուրի «Ինտեր» 0։0 «Սենտ-Էտիեն» խաղը։
Այդ մրցաշրջանում Թեյլորը սպասարկեց նաև երկու կարևոր եզրափակիչ հանդիպումներ։ Նախ 2015 թվականի մարտի 1-ին Թեյլորի գլխավորությամբ կայացավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 2։0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ, ապա նույն թվականի հուլիսի 19-ին Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում նույն հաշվով Իսպանիան հաղթեց Ռուսաստանի հավաքականին։
2015/16 մրցաշրջանում կայացավ Թեյլորի նորամուտը ՉԼ խմբային փուլում։ Նա երկու անգամ խմբային փուլի հանդիպում սպասարկեց։ Նախ 2015 թվականի նոյեմբերի 3-ին սպասարկեց չորրորդ տուրի «Աստանա» 0։0 «Ատլետիկո Մադրիդ» խաղը, ապա դեկտեմբերի 8-ին՝ վեցերորդ տուրի ՊՍԺ 2։0 «Շախտյոր Դոնեցկ» հանդիպումը։
Այդ մրցաշրջանում նա առաջին անգամ նաև եվրագավաթային փլեյ-օֆֆ փուլի հանդիպում սպասարկեց։ 2016 թվականի մարտին Թեյլորի գլխավորությամբ կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բազել7 0։0 «Սևիլիա» հանդիպումը։
Ընթացիկ՝ 2019/20 մրցաշրջանում կայացել է նաև Թեյլորի ՉԼ փլեյ-օֆֆ փուլի դեբյուտը։ Սույն թվականի մարտի 11-ին ՊՍԺ-ն հենց Էնթոնի Թեյլորի սպասարկած խաղում է 2։0 հաշվով առավելության հասել «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Թեյլորն իր ողջ մրցավարական կարիերայի ընթացքում սպասարկել 551 հանդիպում, որոնցից 258-ը միայն ԱՊԼ-ի շրջանակում։
# FA-Cup, ԱՊԼ, Արսենալ, Էնթոնի Թեյլոր, Չելսի, Չեմպիոնների-լիգա