Ատլետիկոն, առանց Սուարեսին տեղյակ պահելու, գումար է վճարել Բարսելոնային
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան», ամեն դեպքում, Լուիս Սուարեսի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխությունից որոշակի գումար է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը «Բարսային» վճարել է 5 մլն եվրո, որին հետագայում հնարավոր է ավելանա նաև 6 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։
Ավելի վաղ «Բարսան» հաղորդել էր միայն այդ 6 մլն եվրո բոնուսի մասին։
Ենթադրվում է, որ գործարքի վերջնական գինն այդպես էլ չբարձրաձայնվեց այն պատճառով, որ Սուարեսը կատալոնական ակումբից ցանկանում էր հեռանալ անվճար, քանի որ «Բարսելոնան» չէր ցանկանում նրան պահել պայմանագրի վերջին տարում։
Այնուամենայնիվ, «Ատլետիկոն» ու «Բարսան» խաղացողի տրանսֆերի հարցում «բարիշել» են 5 մլն եվրոյի շուրջ՝ տեղյակ չպահելով ուրուգվայցի հարձակվողին։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2014-2020 թթ․։ «Էլ պիստոլերոն» կատալոնական ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 283 հանդիպում՝ դառնալով 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։
Սուարեսը 2020 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց «Ատլետիկո», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 23 խաղ և դարձել 16 գոլի հեղինակ։ Այդ բոլոր գոլերը ուրուգվայցին խփել է Լա լիգայի շրջանակում և ներքին առաջնության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լուիս-Սուարես, տրանսֆերներ