Ատալանտան վերադառնում է․ Ռոման չդիմացավ Ատալանտայի հիանալի պրեսինգին🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։
Խաղը միանգամից մեկնարկեց հռոմեացիների խփած գոլով։ 3-րդ րոպեին հերթական գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը՝ օգնելով աչքի ընկնել Էդին Ջեկոյին։
«Ռոման» բավական երկար վերահսկում էր խաղի ընթացքը և վստահ տեսք ուներ հանդիպման առաջին խաղակեսում, սակայն երկրորդ խաղակեսում «Ատալանտան», պարզապես, ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։
Ամեն ինչ փոխվեց, երբ խաղադաշտ մտավ Յոսիպ Իլիչիչը, ինչից հետո նա իր անվան դիմաց գրանցեց երկու գոլային փոխանցում և մեկ գոլ՝ նպաստելով «Ատալանտայի»՝ 4։1 հաշվով հաղթանակին։ Բացի Իլիչիչից, Բերգամոն ներկայացնող ակումբի կազմից աչքի ընկան նաև Դուվան Սապատան, Ռոբին Գոսենսն ու Լուիս Մուրիելը։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 21 միավոր և քայլ առ քայլ մոտենում է լավագույն քառյակին։ Ջանպիերո Գասպերինիի սաներն այժմ 7-րդն են և ընդամենը 3 միավորով են զիջում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռոմային»։
# Ա-սերիա, Ատալանտա, Դուվան Սապատա, Էդին-Ջեկո, Լուիս Մուրիել, Հենրիխ-Մխիթարյան, Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենս, Ռոմա