Անձի երկվություն, պատերազմ, մահ, դեպրեսիաներ․ ո՞վ է Յոսիպ Իլիչիչը և ի՞նչ փորձությունների է ենթարկվել
«Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը ծնվել է 1988 թվականի հունվարի 29-ին Պրիեդոր քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի տարածքում, իսկ այժմ պատկանում է Բոսնիա և Հերցեգովինային։
Յոսիպ Իլիչիչը իր ֆուտբոլային ողջ կարիերայի ընթացքում երբեք չի համարվել գերտաղանդավոր ֆուտբոլիստ, ով կկարանա միայնակ լուծել որևէ հանդիպման ելք, սակայն 2017 թվականին նա ընդամենը 5 մլն եվրոյի դիմաց «Ֆիորենտինայից» տեղափոխվեց «Ատալանտա», ինչից հետո նա պարզապես սկսեց վերածնունդ ապրել։ 2019/20 մրցաշրջանում նրա մոտ ակնհայտ երկրորդ շնչառություն է բացվել, ինչի շնորհիվ նա Ալեխանդրո Գոմեսի հետ դարձավ Բերգամոն ներկայանցող ակումբի շարժիչ ուժը։ Նա ավարտված մրցաշրջանում փայլեց ոչ միայն Ա սերիայի, այլև Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Սլովենացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Վալենսիայի» դեմ կայացած խաղում դարձավ պոկերի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4։3 հաշվով։ Այդ հաղթանակի շնորհիվ «Ատալանտան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իլիչիչը մինչ այդ էլ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Տորինոյի» դեմ խաղում, իսկ իր թիմը հաղթել էր գերխոշոր՝ 7։0 հավով։ Այդ խաղում Յոսիպը գոլերից մեկը խփել էր դաշտի կենտրոնից։
Ընդհանուր առմամբ 32-ամյա հարձակվողն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Դժվար էր հավատալ, սակայն 32 տարեկան հասակում Իլիչիչը հասավ իր կարերայի պիկին։ Դրա հիմնական պատճառներից մեկը Ջան Պիերո Գասպերինին էր, ով հատավաց նրան և հնարավորություն տվեց, սակայն կորոնադադարից հետո նա կորած էր։ Ճիշտ է՝ «Ատալանտան» հայտարարում էր, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի, սակայն նա անձնական և առողջական լուրջ խնդիրներ ունի։
Յոսիպ Իլիչիչը 32 տարեկանում սկսեց ցույց տալ իր կարիերայի լավագույն ֆուտբոլը, սակայն, պարզվում է՝ նա լուրջ առողջական խնդիրներ ունի և կայուն մարդ չէ։ Նա ինչերի միջով ասես չի անցել․ նույնիսկ բժիշկները նրա մոտ ախտորոշել են անձի բիպոլյար երկվություն։
Սակայն, ինչի՞ց է նրա մոտ այդ ամենը սկսվել։
Ծանր մանկություն․ պատերազմ և հոր կորուստ, փախուստ պատերազմի պատճառով
Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդու մոտ հասուն կյանքի խնդիրները ժառանգվում են դեռևս մանկուց։ Խոսքը, իհարկե, ինչպես առողջական, այնպես էլ առօրյա խնդիրների մասին է, իսկ Յոսիպ Իլիչիչի մանկությունը իրապես նման է եղել դժոխքի։
Ինչպես արդեն նշեցինք, նա ծնվել է բոսնիական Պրիեդոր քաղաքում։ 1990-ականների սկզբին Հարավսլավիայի Հանրապետությունն անկում ապրեց, ինչից հետո կոնֆլիկտը փոխանցվեց արդեն առանձին պետությունների։ Բոսնիայում պատերազմը վերածվեծ սերբերի և բոսնիացիների միջև ազգամիջյան բախումների, իսկ Պրեդոր քաղաքը դարձավ այն քաղաքներից, որը կողմերը չէին կարողանում կիսել։
Յոսիպ Իլիչիչի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կյանքը ցանկացած պահ կարող էր ավարտվել, քանի որ Պրիեդորում ամեն օր փոխհրաձգություններ էին տեղի ունենում, իսկ ամեն Աստծո առավոտ բեռնատարներով տանում էին զոհվածներին։ Երբ Իլիչիչն ընդամենը 7 ամսական էր այդպիսի մի առավոտ էլ եկավ նրա հոր համար, ում գնդակահարել էին իրենց տանից ոչ հեռու։
Դա Յոսիպի մոր՝ Անայի համար դարձավ վերջին մոհիկանը, ինչից հետո մի քանի ամիս անց նա վերցրեց իր երեխաներին (Յոսիպին և նրա եղբորը՝ Իգորին)՝ փախչելով ավելի ապահով Սլովենիա։
Յոսիպ Իլիչիչը, երբ ներկայանում է հանրությանը, փորձում է չհիշել այդ ամենը և տպավորություն է ստեղծվում, որ նա պետք է չհիշի պատերազմը, քանի որ շատ փոքր է եղել այդ ժամանակ, սակայն, իրականում, ամեն ինչ շատ լավ մնացել է նրա ենթագիտակցության մեջ։
«Նա շատ փոքր էր այդ ժամանակ, և ես հուսով էի, որ նա ոչինչ չի հիշի։ Յոսիպը հաճախ պատերազմի մասին մղձավանջային երազներ էր տեսնում։ Նա գրեթե չի տեսել իր հորը, սակայն հաճախ հարցրել է նրա մասին և տխրել։ Երբեմն նա լաց էր լինում նույնիսկ առանց պատճառի։
Սլովենիայում մենք փախստականներ էինք, այդ պատճառով էլ հոգեբանի մասին խոսք անգամ գնալ չէր կարող, սակայն ես այժմ հասկանում եմ, որ թե՛ մանուկ հասակում, թե՛ պատանեկությունում իմ տղան ունեցել է առողջական խնդիրներ»,- ժամանակին նշել է Յոսիպ Իլիչիչ մայրը սլովենական պարբերական Dnevnik-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հավանական է, որ հենց այդ ժամանակվանից սկսած էլ սկսել են ձևավորվել Իլիչիչի խնդիրները։ Նա երիտասարդ հասակում ամեն ինչ ծայրահեղացրել է և կյանքին սկսել է նայել «սև ակնոցով»։
Այդ ժամանակ նա արդեն լրջորեն զբաղվում էր ֆուտբոլով։ Իլիչիչը համարվում է Սլովենիան ներկայացնող «Բրիտոֆի» սան, որտեղից 2007 թվականին տեղափոխվեց «Բոնիֆիկա», իսկ հաջորդ տարի հայտնվեց «Ինտերբլոկում», ինչից հետո էլ կարելի է ասել՝ սկսվեց նրա պրոֆեսիոնալ կարիերան, սակայն երկու լավ մրցաշրջանից հետո Յոսիպը մնաց առանց ակումբի։ Տհաճ իրավիճակ է, սակայն ցանկացած ֆուտբոլիստ կարիերայի սկզբում կարող է բախվել նման խնդրի, սակայն Իլիչիչի մոտ ամեն ինչ այլ էր․ նրան սկսեց համակել վատ տրամադրությունը՝ թևաթափ անելով նրան։
«Դա իմ կյանքի ամենադժվար փուլերից մեկն էր։ Իմ ծառայություններով հետաքրքրված էին Մոլդովիայից, սակայն ինձ իմ գործակալը խաբեց, ինչից հետո ես մնացի առանց ակումբի։ Ես նույնիսկ մտածում էի բեռնակիր աշխատեմ, իսկ դրանից հետո օրերով հաց չէի ուտում»,- ժամանակին հիշել է Յոսիպ Իլիչիչը։
Իլիչիչը հաղթահարեց այդ ամենը։ Նրան պայմանագիր առաջարկեց Սլովենիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Մարիբորը», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Եվրոպա լիգայում, սակայն խորը մելանխոլիան նրա մոտից չանհետացավ։
Իտալիա, «Պալերմո», «Ֆիորենտինա», անձի բիպոլյար երկվության ախտորոշում
«Մարիբորում» ունեցած վառ ելույթների շնորհիվ Յոսիպ Իլիչիչը հայտնվեց իտալական Ա սերիայում։ 2010 թվականի օգոստոսի 27-ին «Պալերմոն» 2․3 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց խաղացողի տրանսֆերային իրավունքները։
Թվում էր՝ Իլիչիչի կյանքը ճիշտ ուղու վրա է․նա սկսեց հանդես գալ Էդինսոն Կավանիի և Խավիեր Պաստորեի հետ, բավականին հաջող մրցաշրջաններ անցկացրեց սիցիլիական ակումբի կազմում՝ 107 խաղում խփելով 25 գոլ և դառնալով 18 գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո 2013 թվականին արդեն 9 մլն եվրոյի դիմաց համալեց «Ֆիորենտինայի» շարքերը, սակայն մանուկ հասակում ստացած հոգեբանական տրավմաները սկսեցին իրենց զգացնել տալ։ Յոսիպի տրամադրությունը պարբերաբար կտրուկ անկում էր ապրում։
Իլիչիչը մի օր լավ վիճակում էր լինում, ուրախ, իսկ մեկ օր էլ՝ մռայլ և տխուր։ Յոսիպի կինը՝ Թինան, պատմում է, որ այդ ժամանակ նրա անկեղծ բարությունը պահի տակ վերածվում էր կտրուկ հիստերիայի, ինչից հետո նրա մոտ խոր սթրես էր սկսվում։
«Նա կարող էր օրերով ոչինչ չուտել և չխմել, չնկատել ո՛չ ինձ, ո՛չ էլ երեխաներին։ Այդ օրերին ես վախենում էի նույնիսկ նրան մոտ գնալ, Յոսիպը հաճախ խոսում էր ինքնասպանության մասին»,- հիշել է նրա կինը Թինա Պոլովինան, ում մասին մենք դեռ կանդրադառնանք։
Հոգեբանական այդ վիճակը սկսեց ազդել նաև նրա մրցելույթների վրա։ Հարցրե՛ք «Ֆիորենտինայի» ցանկացած երկրպագուի և նրանք ձեզ կպատասխանեն, որ Յոսիպին նույնականացնում են անկայունության հետ։
Իլիչիչն այդ ժամանակ որոշեց մեկնել Նեապոլ՝ հանրահայտ հոգեթերապևտ Պիետրո Մարանջելոյի մոտ, ով էլ ֆուտբոլիստի մոտ ախտորոշեց ոչ թե սովորական դեպրեսիա, այլ անձի բիպոլյար երկվություն։
«Անձի բիպոլյար երվությունը հոգեկան խանգարման մի տեսակ է, որն ունի քրոնիկական բնույթ։ Այն կարող է տարբեր կերպ արտահայտվել։ Հիմնականում այն արտահայտվում է տրամադրության կտրուկ փոփոխություններով։ Հիվանդությունը կարող է ունենալ երեք փուլ՝ 1․ դեպրեսիա(ընկճախտ), 2․ մանիա (տրամադրության վերելք), 3․ռեմիսիա (երբ ամեն ինչ նորմալ է)»,- նշել է ռուս հայտնի բժիշկ Վյաչեսլավ Ֆիլաշիխինը։
Հետաքրքիր է, որ բիպոլյար երկվության մանիայի փուլում ո՛չ հիվանդը, ո՛չ էլ նրա շրջապատը չեն զգում որևէ խնդիր տվյալ մարդու հետ կապված։ Այդ փուլում նրանք հիպերակտիվ են, չեն հոգնում, նույնիսկ կարող են լուրջ մասնագիտական հաջողություններ գրանցել։ Այդ հիվանդությամբ տառապողները, բնականաբար, սիրում են տվյալ վիճակը և չեն զգում, որ դա հիվանդություն է և չեն դիմում որևէ բժշկի։
2018 թվական․ ընկերոջ՝ Դավիդե Աստորիի մահ, լիմֆատիկ հանգույցների բորբոքում
Բոլորս ենք հիշում և հարգում իտալացի նախկին պաշտպան Դավիդե Աստորիի մահը, ով 2018 թվականի մարտի 4 հեռացավ կյանքից։ Աստորին այդ ժամանակ «Ֆիորենտինայի» ավագն էր և իր թիմի հետ մեկնել էր Ուդինե՝ մասնակցելու «Ուդինեզեի» դեմ հանդիպմանը։ Նա քնել էր և այլևս չէր արթնացել, իսկ բժիշկները նրա մոտ սրտի կանգ էին արձանագրել։ Աստորին ընդամենը 31 տարեկան էր։
Դավիդե Աստորին և Յոսիպ Իլիչիչը բավականին մտերմիկ հարաբերություններ ունեին։ Ճիշտ է՝ սլովենացի ֆուտբոլիստը 2017 թվականի ամռանն արդեն տեղափոխվել էր «Ատալանտա», սակայն նրանք շարունակում էին պարբերաբար կապի մեջ լինել։
Դավիդե Աստորիի մահը կրկին սրեց Իլիչիչի հիվանդությունը․
«Օրեր շարունակ ես չէի կարողանում քնել, քանի որ անդադար մտածում էի Դավիդի հետ կատարվածի մասին»,- հետագայում նշել է Յոսիպ Իլիչիչը։
2018 թվականի ամռանն արդեն քիչ էր մնում մահանար հենց ինքը՝ Իլիչիչը։ Այդ տարվա ամռանը նա Բերգամոյում հանգստանում էր իր բնակարանում, երբ պարանոցի շրջանում սկսեց կտրուկ ցավեր զգալ։ Նա դիմել էր բժշկի, որոնք նրա մոտ ախտորոշել էին լիմֆատիկ հանգույցների բորբոքում։ Դրանից օրեր անց նրա մոտ այդ ամենը սկսել էր բարդանալ, իսկ բորոբոքումը սկսել էր տարածվել ատամների և դնչի հատվածում։ Դրանից հետո նրան բժիշկները վայրկյանական հոսպիտալացրին, քանի որ եթե այդ վարակը տարածվեր նրա ամբողջ օրգանիզմում, հավանական էր, որ նա հայտնվեր կոմայի մեջ և այդպես մահանար։
Բժիշկները նրան հակաբիոտիկներ տվեցին այնքան ժամանակ, մինչև վարակը չսկսեց նահանջել։ Նրա վզի և պարանոցի հատվածն այնպես էր վնասվել, որ նա նույնիսկ չէր կարողանում ոչինչ խոսել և ուտել։
Երբ նա հոսպիտալացված էր, նրան ամեն օր այցելում էին նրա կինը և խաղընկերները։ Բժիշկների օպերատիվ արձագանքի ու մտերիմների խնամքի շնորհիվ նրանք փրկեցին Իլիչիչի կյանքը, բայց այդ ամենը նրա մոտ արթնացրել էր անձի երկվության դեպրեսիվ փուլը։
«Այդ ժամանակ ես վախենում էի նույնիսկ քնել։ Չէի կարողանում մոռանալ Աստորիի հետ կատարվածը և մտածում էի՝ ի՞նչ կլինի, եթե ես էլ չարթնանամ։ Ես միայն մեկ միտք ունեի․ մնալ ողջ և լինել ընտանիքիս հետ։ Այդ ժամանակ ես նույնիսկ չէի կարողանում քայլել կամ վազել, իսկ ֆուտբոլի վերադառնալու մասին նույնիսկ չէի մտածում»,- հիշում է Իլիչիչը։
Յոսիպ Իլիչիչը այդ վիճակից հիմնականում դուրս եկավ իր կնոջ՝ Թինա Պոլովինայի շնորհիվ, և քանի որ նա կարևոր կերպար է այս պատմության շրջանակում, մի փոքր պատմենք նրա մասին։
Զույգը ծանոթացել է 2009 թվականին, երբ Յոսիպ Իլիչիչը դեռևս հանդես էր գալիս «Ինտերբլոկի» կազմում: Նա մարզվում էր Znak մարզահամալիրում և մարզումներից մեկի ժամանակ նկատեց իր ապագա կնոջը, ով պրոֆեսիոնալ թեթևաթլետ էր։ Թինա Պոլովինան նույնպես մարզվում էր այդ մարզահամալիրում և նրանք սկսեցին հանդիպել։
Զույգը 2016 թվականին ամունսացել է և արդեն ունի երկու դուստր։ Իլիչիչը իր գոլերի մեծ մասը նվիրում է հենց Թինային։
Երբ 2018 թվականին Իլիչիչի հետ դժբախտություն պատահեց, հենց Թինան էր մշտապես խնամում նրան, իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերին «Ատալանտայի» կազմում կրկին գոլի հեղինակ էր դառնում և նվիրում կնոջը։
«Մենք միասին պայքարեցինք և հաղթեցինք։ Յոսիպը կատարյալ տղամարդ է և հայր։ Ես երբեք նրան մենակ չեմ թողնի»,- նշել է Թինա Պոլովինան։
Նոր դեպրեսիա․ կորոնավիրուս
Լիմֆատիկ հանգույցների բորբոքման պատճառով «Ինտերը» հրաժարվեց ձեռք բերել Իլիչիչի տրանսֆերը, ինչն էլ միանշանակ նրա օգտին եղավ։ Ջան Պիրեո Գասպերինիի շնորհիվ նա գտավ հիանալի մարզչի և ընկերոջ, ինչպես նաև դարձավ Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, սակայն Իլիչիչի խնդիները վայրկյանների ընթացում չանհետացան։
«Ատալանտայի» կազմում Իլիչիչին սկսեցին անվանել «տատիկ»՝ պատճառաբանելով, որ շատ փխրուն է և ունի մարդկանց հոգատարության կարիքը։
«Յոսիպը բոլորի վրա հույս է կապում․ նա էությամբ այդպիսին է և մենք փորձում ենք հոգ տանել և օգնել նրան»,- հաստատել է «Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Պապու Գոմեսը։
Խաղընկերների և Գասպերինիի շնորհիվ, Իլիչիչը վերջապես վերգտավ իրեն և սկսեց կայուն ֆուտբոլ ցուցադրել։ Կտրուկ տրամադրության ակումներ նույնպես չէին նկատվում կամ էլ դրանք այնքան թույլ են եղել, որ ֆուտբոլային արդյունքների վրա չեն ազդել։ Այդպես էր մինչև 2020 թվականի փետրվար, ինչից հետո Իտալիայում վրա հասավ կորոնավիրուսի համաճարակը։
Ի դժբախտություն Իլիչիչի՝ Իտալիայում կորոնավիրուսի հիմնական աղբյուրներից մեկը հենց 120 հազար բնակչություն ունեցող Բերգամոն էր։ Ժամանակի ընթացքում քաղաքային իշխանությունները սկսեցին ձեռքից բաց թողնել վերահսկողությունը, իսկ հոսպիտալներում այլևս տեղ չկար հիվանդների համար։ Չորս ամվսա ընթացքում Բերգամոյում մահացավ 670 մարդ։ Թվում է՝ այնքնան էլ շատ չէ, սակայն Բերգամոյի համար դա հավասար է Նյու-Յորքի 45 հազար և Ուհանի 65 հազար մահերին։
Նման իրավիճակը դժվար է նույնսիկ սովորական առողջ մարդու համար, իսկ Յոսիպ Իլիչիչի նման փխրուն մարդկանց համար բազմապատիկ դժվար է։ Դեռևս գարնանն ակնհայտ էր, որ Իլիչիչը դժվար է հաղթահարում կորոնաճգնաժամը։
Սույն թվականի մայիսին Corriere della Sera-ի լրագրողներից մեկը կապ է հաստատել Իլիչիչի նախկին թարմգանիչ Անտոնիո Սիվեկի հետ․
«Ժամանակ առ ժամանակ ես զանգահարում եմ նրան, որպեսզի տեղեկանամ նրա որպիսության մասին, սակայն այժմ Յոսիպը չի պատասխանում զանգերիս։ Վերջին անգամ երբ խոսել ենք, նա նշում էր, որ վախենում է այս համաճարակից և անհանգստանում է իր դստրերի համար։ Նա ցանկանում է իր աղջիկների համար լավ հայր լինել, քանի որ իր հորը գրեթե չի տեսել։ Բերգամոն նմանվել էր մարտադաշտի․ շտապօգնության մեքենաների ձայն, դիակների հաշվում, զինվորական բեռնատար մեքենաներ և այլն։ Այդ ամենը վստահաբար նրան հիշեցրել է իր մանկությունը, հատկապես՝ պատերազմը։ Վախից նրա ոտքերը քարացել են և նա վստահ չէ, որ կկարողանա այլևս խաղադաշտ վերադառնալ»,- նշել է Սիվեկը։
Ավելի շատ տեղեկատվություն է հաղորդել La Repubblica-ի լրագրող Ֆրանկո Վաննին․
«Ինքնամեկուսացման ընթացքում Իլիչիչի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Նա նույնիսկ չի կարողանում անել տարրական առօրյա որոշ գործողություններ։ Նա կտրել է բոլոր սոցիալական կապերը և միայն բժիշկները կարող են ասել, թե իրականում ինչ է կատարվում նրա հետ»։
Հաշվի առնելով Յոսիպ Իլիչիչի բժշակական անկետան՝ այդ ամենը նման է եղել նրա հիվանդության դեպրեսիոն փուլին։ Հատկապես, «քարացել են ոտքերը» բնորոշումը, ըստ շատ մասնագետների, անչափ տիպիկ է անձի բիպոլյար երկվությանը։
Տրամաբանական էր, որ կորոնադադարից հետո նա չկարացավ այն նույն ֆուտբոլը ցուցադրել, ինչին արդեն սովորել էինք մինչ այդ։ Նա առաջնության վերսկսումից հետո խաղադաշտում հայտնվեց 5 անգամ և ոչ մի դեպքում խաղադաշտում չի եղել 69 րոպեից ավելի՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։ «Վալենսիայի» դարպասը պոկեր և «Տորինոյի» դարպասը հեթ-տրիկ գրանցած տղայից մնացել էր միայն ստվերը։ Հատկանշական է, որ Corriere dello Sport-ի տեղեկություններով 32-ամյա ֆուտբոլիստը կորոնադադարի ընթացքում մոտ 5 կգ քաշ է կորցրել։
Կնոջ հավանական դավաճանություն
Սլովենացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտում հայտնվել է սույն թվականի հուլիսի 11-ին։ Այդ օրը Բերգամոն ներկայացնող ակումբը հյուրընկալվել էր առաջնության առաջատար «Յուվենտուսին» և քիչ էր մնում հաղթեր, սակայն, խաղավարտին մոտ՝ 90-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեց 2։2։
Այդ խաղում Իլիչիչը փոխարինվեց 58-րդ րոպեին, և եթե այդքան էլ կարողացավ խաղադաշտում անցկացնել, ապա մեծ հաջողություն էր, քանի որ դրանից հետո նա մնացած խաղերում նույնիսկ չի հայտավորվել իր թիմի հայտացուցակում։ Օգոստոսի սկզբին Ջան Պիերո Գասպերինին հայտարարեց, որ Իլիչիչը բաց է թողնելու ՉԼ 1/4 քառորդ եզրափակչի շրջանակում կայանալիք ՊՍԺ-ի դեմ դեմ հանդիպումը։
Պաշտոնապես «Ատալանտան» հայտարարել էր, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի, սակայն Սլովենական որոշ պարբերականների լրագրողներ օգոստոսի սկզբին նրան նկատել էին Լյուբլյանայի օդանավակայանում։ Այդ փաստից շատերը սկսեցին եզրափակցնել, որ Յոսիպը մեկն է հայրենիք՝ կրկին բուժելու անձի երկվության խնդիրները։
Սակայն, որոշ իտալական ԶԼՄ-ներ Իլիչիչի՝ Սլովենիա մեկնելու հետ կապված իրենց տարբերակն առաջ քաշեցին։ Tuttosport-ը գրում է, որ Գասպերինին «Յուվենտուսի» դեմ խաղից հետո Իլիչիչին թույլատրել է հանգստանալ և մեկնել հայրենիք, սակայն ֆուտբոլիստը որևէ մեկին չի զգուշացրել մեկնելուց առաջ։ Նա մեկնել է Սլովենիա, գնացել է իր և կնոջ տուն, սակայն Թինա Պոլովինային բռնացրել է իրեն դավաճանելիս։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թինան Իլիչիչին «փոխել» էր Չերնոգորիայի հանդբոլի հավաքականի խաղացող Ստեֆան Պոլիտիչի հետ։
Այդ տեղեկատվությունը տարածվեց գրեթե ողջ աշխարհում, սակայն, Թինա Պոլովինայի՝ Յոսիպ Իլիչիչին դավաճանության հետ կապվածվ փաստեր գրեթե չկան։ Դրա միակ փաստն այն է, որ սլովենացի ֆուտբոլիստը Instagram-ի իր օգտահաշվից սկսել է ջնջել իր և կնոջ համատեղ լուսանկարները։ Որոշ ոչ այնքան վստահելի աղբյուրներ գրում էին, որ Իլիչիչը հենց կնոջ դավաճանության պատճառով է ՊՍԺ-ի դեմ խաղը բաց թողնելու։ Գրում էին, որ Իլիչիչը կնոջ դավաճանության մասին գիտեր դեռևս Իտալիայում գտնվելու ժամանակ, քանի որ տանը գաղտնի տեսախցիկներ է տեղադրել, որոնք Թինան մոռացել է անջատի։
Այդ լուրերին «Ատալանտայի» բազմաթիվ երկրպագուներ հավատացել են։ Նախկինում Թինա Պոլովինան «Ատալանտայի» երկրպագուների սիրելին է եղել և նույնիսկ երկու անգամ հաղթել է գեղեցկության մրցույթում՝ առաջ անցնելով Բերգամոն ներկայացնող ակումբի մյուս ֆուտբոլիստների կանանցից։ Թինայի դավաճանության մասին լուրերից հետո Յոսիպ Իլիչիչի Instagram-ը հեղեղվեց կնոջ մասին վիրավորական մեկնաբանություններով, ինչից հետո ֆուտբոլիստը փակեց մեկնաբանությունների բաժինը։ Այդ ամենից հետո Թինո Պոլովինան Instagram-ում պատասխանեց թե՛ երկրպագուներին, թե՛ իր ամուսնուն՝ գրելով հետևյալը․
«Ես չեմ դավաճանել»։
Հատկանշական է, որ Թինա Պոլովինայի դավաճանության մասին լուրերը կարծես թե կեղծ են եղել և դրա համար չկան համապատասխան ապացույցներ, իսկ հանրահայտ պարբերականները դրա մասին նույնիսկ չեն էլ անդրադարձել։ Վերջերս Corriere dello Sport-ը ուղիղ կերպով նշել էր, որ Թինա Պոլովինայի դավաճանության մասին լուրերը միայն կեղծիք են և ստոր սուտ։
Սույն թվականի օգոստոսի վերջին Իլիչիչը Instagram-ի stories բաժնում տեղադրել էր իր և կնոջ լուսանկարը։ Այդ ամենը շատերն ընկալեցին որպես դավաճանության մասին լուրերի հերքում, սակայն ակնհայտ երևում է, որ այդ լուսանկարում Իլիչիչը ընկճված տեսք ունի, իսկ լուսանկարի վրա որևէ գրություն չկա։
Եվ կրկին հոգեթերապևտ
Այ իսկ դեպերսիայի մասին լուրերը, իրոք, կեղծ չեն, ինչի պատճառով էլ Յոսիպ Իլիչիչը հուլիսի սկզբից մեկնել է Սլովենիա։ Օգոստոսի 10-ին սլովենական Ekipa24-ի ներկայացուցիչներից մեկը Իլիչիչին նկատել է հայտնի հոգեթերապևտ Լուկա Գորանիչի հետ։ Լրագրողները գտել էին Լուկային, սակայն նա չի բացել չակերտները․
«Ես չեմ կարող խոսել Յոսիպի խնդիրների մասին, քանի որ դա վնասում է բժշկական էթիկան ։ Կարող եմ միայն ասել, որ, հնարավոր է, նա այլևս չվերադառնա խաղադաշտ»։
Հատկանշանակ է, որ Լուկա Գորանիչը Իլիչիչի վիճակը չի ծայրահեղացրել և կարծես թե կորոնավիրուսային համաճարակի պատճառով իր տեսածների պատճառով նա կրկին բախվել է խոր դեպրեսիայի։ Այդ ամենն էլ փաստում են, որ Յոսիպ Իլիչիչը դժվարությամբ կվերադառնա խաղադաշտ, քանի որ համատեղել դեպրեսիան և ընդհանրապես ցանկացած մասնագիտություն, գրեթե անհնար է։
Դեպրեսիան իր հերթին բազմապատկում է ինքնասպանություն գործելու հավանականությունը։ Ֆուտբոլիստների շրջանում իսնքնասպանության դեպքերը անմասն չեն։ Հիշենք Գերմանիայի հավաքականի և «Հանովերի» նախկին դարպասապահ Ռոբերտ Էնկեի դեպքը, երբ ֆուտբոլիստը 2009 թվականին իրեն նետել էր գնացքի տակ։
Սակայն, հավանական է, որ Իլիչիչի մոտ բանը դրան չի հասնի, և նա կվերադանռա խաղադաշտ։ Վերջերս՝ օգոստոսի 20-ին, La Gazzetta dello Sport-ը գրել էր, որ սլովենացի ֆուտբոլիստը կտրուկ բարելավել է ինչպես իր հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական վիճակը և վերադարձել է արդեն Իտալիա՝ միանալով «Ատալանտային»։ Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում նա սկսել է նախապտասրտվել նոր մրցաշրջանին և արդեն բավականաչափ քաշ է հավաքել և քայլ առ քայլ փորձում է մարզավիճակ ձեռք բերել։
«Ատալանտայի» երկրպագուները ակումբի մարզաբազայի դարպասների վրա մի պաստառ են կախել, որի վրա գրված է «Mola mia Josip. Bergamo è con te» (Չհանձնվե՛ս Յոսիպ, Բերգամոն քեզ հետ է!!!)։
Վստահ ենք՝ Յոսիպ Իլիչիչը նույնիսկ իր թշնամուն չի ցանկանա այն ամենը, ինչի միջով ինքն է անցել, սակայն ցանկանում ենք նշել մեկ բան․ երբե՛ք մի հանձնվեք կյանքում, միշտ հավատացեք ձեր ուժերին, ինչի շնորհիվ էլ կհասնեք ձեր երազանքներին։
Սիրե՛ք ֆուբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Միքայել Մելիքբեկյան
# Ա-սերիա, Ատալանտա, Դավիդե Աստորի, Թինա Պոլովինա, Յոսիպ Իլիչիչ, Չեմպիոնների-լիգա, Պալերմո, ՊՍԺ, Ջանպիերո Գասպերինի, վերլուծություն, Ֆիորենտինա