Անհավանական գոլառատ հանդիպումներ իտալական Ա սերիայից?
Իտալական Ա սերիայի շրջանակում ընթանում է 26-րդ տուրը։ Ինչպես գիտեք, այս տուրի մի շարք հանդիպումներ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, սակայն այսօր կայացած երկու հանդիպումները մեզ ուրախացրին անհավանական գոլառատությամբ։
«Ատալանտան» շարունակում է պարզապես հիացնել։ Ջամպիերո Գասպերինի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ անգամ մրցակցի դարպասն ուղարկում են 7 գնդակ։ Բերգամոն ներկայացնող ակումբի հերթական զոհը հետնապահների թվում ընթացող «Լեչչեն» էր։
«Ատալանտան» հյուրընկալվելիս հաղթեց 2։7 հաշվով։ Տանտերերը դիմացան միայն մեկ խաղակես, երբ կարողացան 0։2 հաշվի ժամանակ հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը 5 անպատսխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Հյուրերի կազմում կրկին փայլուն մարզավիճակ է հավաքում Դուվան Սապատան, ով այսօր դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հիանալի հանդիպում անցկացրեց նաև Յոսիպ Իլիչիչը․ նրա հաշվին գրանցվեց մեկ գոլ և երկու գոլային փոխանցում։ Հյուրերի կազմից աչքի ընկան նաև Լուիս Մուրիելն ու Ռուսլան Մալինովսկին, իսկ Ջուլիո Դոնատին դարձավ ինքնագոլի հեղինակ։ Տանտերերի կազմից գոլի հեղինակ դարձան նույն Դոնատին և Ռիկարդո Սապոնարան։
«Ատալանտան» վաստակեց 48 միավոր և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, իսկ «Լեչչեն» 25 միավորով 16-րդն է։
Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղի պայքարում «Ատալանտայի» հիմնական հետապնդող «Ռոման» հյուրընկալվելիս նույնպես գոլառատ, սակայն ավելի բարդ խաղում հաղթեց «Կալյարիին»։ Խաղն ավարտվեց 3։4 հաշվով։
Խաղն ընդհանուր առմամբ անցել է հյուրերի առավելությամբ, սակայն սիցիլիական ակումբն էլ իր պահերը բաց չի թողել։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժոաո Պեդրոն, մեկ գոլ էլ գրանցեց Գաստոն Պերեյրոն։
«Ռոմայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջասթին Կլյուվերտը և Հենրիխ Մխիթարյանը։
«Ռոման» այս խաղից հետո վաստակեց 45 միավոր՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 32 միավորով 11-րդն է։
# Ա-սերիա, Ատալանտա, Դուվան Սապատա, Ժոաո Պեդրո, Լեչչե, Լուիս Մուրիել, Կալյարի, Հենրիխ-Մխիթարյան, Յոսիպ Իլիչիչ, Ջասթին Կլյուվերտ, Ռոմա, Ռուսլան Մալինովսկի