Անգլիական գրանդն ավարտին է հասցրել Կալաֆիորիի տրանսֆերը
«Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալի» կազմում։
Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Կողմերը տրանսֆերն իրականացնելու համար այժմ փոխանակվում են անհրաժեշտ փաստաթղթերով։
Ըստ աղբյուրի` «զինագործները» Կալաֆիորիի տրանսֆերի դիմաց «ռոսոբլուին» վճարելու են 50 մլն եվրո։ Գումարը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։ Իտալացի պաշտպանի տրանսֆերի հաջորդ վաճառքից էլ «Բոլոնիան» նաև մասնաբաժին է ունենալու։
Ավելի վաղ հայտնի էր տարձել, որ վերոնշյալ գումարի 50 տոկոսն ստանալու է Կալաֆիորիի նախորդ ակումբը` շվեյցարական «Բազելը»։
Ֆուտբոլիստն «Արսենալի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ռիկարդո Կալաֆիորին «Բոլոնիա» էր տեղափոխվել 2023 թ. օգոստոսին, որի կազմում 33 խաղում դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բոլոնիա, Ռիկարդո Կալաֆյորի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո