Այսօր կկայանա Ֆինալիսիման
Այսօր` հունիսի 1-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած` կկայանա Ֆինալիսիման, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները։

Մրցաշարի ստեղծման գաղափարն ու նախատիպը
2021 թ. դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել ԿՈՆՄեԲՈԼ-ի ղեկավարության հետ, ինչի արդյունքում ստեղծվեց նոր մրցաշար, որն ստացավ Ֆինալիսիմա անվանումը։
Սա յուրահատուկ սուպերգավաթ է, որի շրջանակում հանդիպելու են Եվրոպայի և Կոպա Ամերիկայի չեմպիոնները, տվյալ դեպքում` Իտալիայի և Արգենտինայի հավաքականները, որոնք 2021 թ. իրենց մայրցամաքներում դարձել են հաղթող։


Ֆինալիսիման ժամանակին ունեցել է իր նախատիպը, որը կոչվել է Արտեմիո Ֆրանկիի գավաթ։
Մրցաշարն անցկացվել է երկու անգամ` 1985 և 1993 թվականներին, որը մեկական անգամ հաղթել են Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները։

Հատկանշական է, որ ՈՒԵՖԱ-ն նույնպես չի թաքցնում, որ Ֆինալիսիման Արտեմիո Ֆրանկիի գավաթի իրավահորդն է։
Մրցաշարի նոր գավաթի վրա նույնիսկ նշված են նախորդ հաղթողների տարեթիվն ու անվանումը։

Նշենք, որ Ֆինալիսիմայի գավաթն ամբողջությամբ ունի այս տեսքը, որը կշռում է ոչ ավել ոչ պակաս 8.5 կգ և ունի 40 սմ բարձրություն։

Հավաքականների անցած ճանապարհը
Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ում պայքարն սկսեց խմբային փուլից։
«Սկուադրա աձուրին» ընդգրկված էր մրցաշարի A խմբում և հաղթեց բոլոր 3 խաղերում ու զբաղեցրեց 1-ին հորիզոնականն` իրենից հետ թողնելով Ուելսի (1:0), Շվեյցարիայի (3:0) և Թուրքիայի (3:0) հավաքականներին։

Փլեյ-օֆֆ փուլում Ռոբերտո Մանչինիի թիմը պայքարից դուրս թողեց համապատասխանաբար Ավստրիայի (2:1), Բելգիայի (2:1) և Իսպանիայի (1:1, 11 մ – 4:2) հավաքականներին։

Եզրափակիչում Իտալիան մրցեց Անգլիայի ընտրանու դեմ։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «սկուադրա աձուրին» 11-մետրանոցներով հաղթեց «երեք առյուծներին»` պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Ինչ վերաբերում է Արգենտինայի հավաքականին, ապա «ալբիսելեստեն» Կոպա Ամերիկայի շրջանակում ընդգրկված էր A խմբում։
Լիոնել Սկալոնիի թիմն անցկացրած 4 խաղում վաստակեց 10 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականն` գերազանցելով Ուրուգվայի (1:0), Պարագվայի (1:0), Չիլիի (1:1) և Բոլիվիայի (4:1) հավաքականներին։

Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում արգենտինացիները հաղթեցին նախ Էկվադորին (3:0), ապա Կոլումբիային (1:1, 11 մ – 3:2)։

Եզրափակիչում էլ Արգենտինայի հավաքականը, Անխել Դի Մարիայի խփած գոլի շնորհիվ, 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային` 28 տարի անց դառնալով Կոպա Ամերիկայի չեմպիոն։

Իտալիա vs Արգենտինա. դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուները
Իտալիայի և Արգենտինայի հավաքականներն իրենց հարուստ պատմության ընթացքում միմյանց դեմ անցկացրել են ընդամենը 15 հանդիպում։
Իտալիան տոնել է 6, Արգենտինան` 5 հաղթանակ, ևս 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի։
Ընդ որում` այդ 15 հանդիպումներից միայն 5-ն են եղել պաշտոնական, որոնք բոլորն էլ կայացել են աշխարհի առաջնությունների շրջանակում։
Կողմերը միմյանց դեմ վերջին անգամ պաշտոնական հանդիպում անցկացրել են դեռևս 1990 թ. հուլիսի 3-ին` աշխարհի առաջնության կիսազրափակիչի շրջանակում, երբ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվիով, ինչից հետո Արգենտինան 11-մետրանոցներով հաղթեց մրցակցին ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, սակայն 0:1 հաշվով զիջեց Գերմանիային։

Այդ 15 խաղերում Իտալիայի հավաքականը խփել է 25, իսկ Արգենտինան` 19 գոլ։
Հատկանշական է, որ դիմակայության պատմության ընթացքում երբեք որևէ ֆուտբոլիստ երկու գոլից ավելի չի հեղինակել։
Էցիո Պասկուտին, Օմար Սիվորին (երկուսն էլ` Իտալիա), Դիեգո Արմանդո Մարադոնան, Դանիել Պասարելան և Էվեր Բանեգան (բոլորն` Արգենտինա) դարձել են երկուական գոլի հեղինակ և դիմակայութնան պատմության լավագույն ռմբարկուներն են։

Իտալիա vs Արգենտինա. կողմերի հայտացուցակները
Արգենտինա
Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)
Պաշտպաններ – Նահուել Մոլինա, Նեուեն Պերես (երկուսն էլ` «Ուդինեզե»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա»), Գերման Պեցիելա («Բետիս»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Մարկոս Սենեսի («Ֆեյենորդ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո (երկուսն էլ` «Այաքս»), Մարկոս Ակունյա, Գոնսակո Մոնտիել (երկուսն էլ` «Սևիլիա)
Կիսապաշտպաններ – Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Լեանդրո Պարեդես, Անխել Դի Մարիա (երկուսն էլ` ՊՍԺ), Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), Ալեքսիս Մաքալիսթեր («Բրայթոն»), Ռոդրիգո դե Պաուլ («Ատլետիկո Մադրիդ»), Էզեկիել Պալասիոս («Բայեր»), Ջովանի Լո Չելսո («Վիլյառեալ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Ալեխանդրո Պապու Գոմես, Լուկաս Օկամպոս (երկուսն էլ` «Սևիլիա), Էմիլիանո Բուենդիա («Աստոն Վիլլա»)
Հարձակվողներ – Լեո Մեսսի (ՊՍԺ), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»), Լուկաս Ալարիո («Բայեր»), Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա (երկուսն էլ` «Ինտեր»)

Իտալիա
Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեսիո Կրանիո («Կալյարի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Ջենոա»)
Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Լուիս Ֆելիպե, Մանուել Լացարի (բոլորը` «Լացիո»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո (երկուսն էլ`«Ինտեր»), Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կիելինի (երկուսն էլ` «Յուվենտուս»), Դավիդե Կալաբրիա, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ` «Միլան»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն Պալմերի («Լիոն»), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ` «Ռոմա»)
Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա («Ինտեր»), Դավիդե Ֆրատեզի («Սասուոլո»), Ժորժինիո («Չելսի»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Սանդրո Տոնալի («Միլան»), Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ` «Ռոմա»), Մատեո Պեսինա («Ատալանտա»)
Հարձակվողներ – Անդրեա Բելոտի («Տորինո»), Ֆեդերիկո Բերնարդեսկի, Մոյզե Քին (երկուսն էլ` «Յուվենտուս»), Ջանլուկա Կապրարի («Վերոնա»), Նիկոլո Ձանիոլո («Ռոմա»), Անդրեա Պինամոնտի («Էմպոլի»), Դոմենիկո Բերարդի, Ջանլուկա Սկամակա, Ջակոմո Ռասպադորի (բոլորը` «Սասուոլո»), Մատիա Ձականի («Լացիո»), Լորենցո Ինսինյե, Մատիա Պոլիտանո (երկուսն էլ` «Նապոլի»)

Հանդիպման մրցավարական անձնակազմը
Գլխավոր մրցավար – Պիերո Մասա (Չիլի)
Եզրային մրցավարներ – Քրիստիան Շիման, Կլաուդիո Ռիոս (երկուսն էլ` Չիլի)
Չորրորդ մրցավար – Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Ալեխանդրո Էրնանդես, Խուան Մարտինես (երկուսն էլ` Իսպանիա), Տիագու Մարտինշ (Պորտուգալիա)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
