Աղբյուր. «Զախարյանը դիտարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու տարբերակը»
Ինչպես տեղեկացնում է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը, «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ` այս ամենը պայմանավորված է Զախարյանի` 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հավանական «Չելսի» տեղափոխությամբ։
Լոնդոնյան ակումբը դեռևս 2022 թ. ամառային տրասնֆերային պատուհանի վերջին օրերին էր փորձում իրականացնել 19-ամյա ֆուտբոլիստի գործարքը, սակայն, քանի որ Մեծ Բրիտանիայից Ռուսաստան ներկա պահին հնարավոր չէ իրականացնել որևէ դրամական փոխանցում, այն չկայացավ։
Բացի դրանից, Զախարյանը Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից աշխատանքի և ապրելու իրավունք չէր ստանալու։
Խաչատրյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, չնայած Զախարյանը պաշտոնական 4 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում, մեծ է հավանակությունը, որ ՖԻՖԱ-ն ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում թույլ կտա վերջինիս փոխել ֆուտբոլային քաղաքացիությունն ու ներկայացնել Հայաստանը։
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 24-ից սանձազերծված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն փետրվարի 28-ին Ռուսաստանին և ռուսական ակումբներին զրկեցին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելուց։
Այդ որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, ինչի հետևանքով ռուսական ակումբները չեն մասնակցում 2022/23 խաղարկության եվրագավաթային մրցաշարերին, իսկ Ռուսաստանի հավաքականը բաց կթողնի Եվրո-2024-ի որակավորման փուլը։
Ինչ վերաբերում է Արսեն Զախարյանին, ապա 19-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. սեպտեմբերից հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ, Ռուս-ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի հավաքական, ՖԻՖԱ