Ալի Դաեի . «Իրականում ես 111 գոլ եմ խփել հավաքականի կազմում»
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Ֆրանսիայի դեմ, իսկ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Պորտուգալացիների կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հավաքականի կազմում իր գոլերի քանակը հասցրեց 109-ի։
Այդ ցուցանիշի շնորհիվ 36-ամյա հարձակվողը կրկնեց Իրանի հավաքականի լեգենդար նախկին հարձակվո Ալի Դաեիի ցուցանիշը. այժմ այս ֆուտբոլիստներն ամենաշատն են դարձել գոլի հեղինակ հավաքանների մակարդակով։
Ամեն դեպքում, վերջերս AS-ին տված հարցազրույցի ընթացքում իրանցի նախկին հարձակվողը նշել է, որ հավաքականի կազմում դարձել է 111 գոլի հեղինակ։
– Ես սպասում էի, որ Կրիշտիանու Ռոնալդուն կգերազանցի իմ ռեկորդը։ Իրականում ես հավաքականի կազմում 111 գոլ եմ խփել, սակայն դա որևէ նշանակություն չունի։ Վստահ եմ` նա իր խաղաոճի և խաղամակարդակի շնորհիվ ավելին կխփի։
– Այսինքն, Դուք սպասո՞ւմ եք, որ Կրիշտիանուն կգերազանցի ձեր արդյունքը։
– Այո՛, ես համոզված եմ։ Նա արժանի է այս ռեկորդին։ Երբ նման ֆուտբոլիստը կրկնում է իմ ռեկորդը, այն ինձ հավասար է ևս մեկ ռեկորդի։ Դա մեծ պատիվ է ինձ համար։
– Կրիշտիանուն ասել է, որ Դուք իր կուռքն եք։
– Կարծում եմ, որ նա համեստություն է արել` իմ մասին արտահայտվելով նմամ կերպ, սակայն ես շատ երախտապարտ եմ նրան,- եզրափակել է Դաեին։
Հավելենք, որ Ալի Դաեին, իրոք, Իրանի հավաքականի կազմում խփել է 111 գոլ։ 2002 թ. Ասիական խաղերի շրջանակում նա երկու գնդակ է ուղարկել Աֆղանստանի հավաքականի դարպասը, սակայն, ՖԻՖԱ-ն դրանք չի համարում նրա ռեկորդի մի մասը, քանի որ ֆուտբոլային գլխավոր ֆեդերացիան համարում է, որ այդ գոլերը խփվել են Իրանի օլիմպիական, այլ ոչ թե գլխավոր հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալի Դաեի, Ասիական խաղեր, ԵՎՐՈ-2020, Իրանի Հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական