Ազարի ու Անչելոտիի հարաբերությունները վերջնականապես խաթարվել են
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ու ակումբի հարձակվող Էդեն Ազարի հարաբերությունները կտրուկ սրվել են։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, այժմ Անչելոտին ու Ազարը գրեթե չեն շփվում. նրանց հարաբերությունները վերջնականապես սառել են։
Բելգիացի ֆուտբոլիստը կարծում է, որ «Պապա Կառլոն» չի կատարել իր խոստումը և ստել է իրեն։
32-ամյա ֆուտբոլիստը զգում է, որ իտալացի մասնագետն իրեն արհամարհում է և խիստ հիասթափվել է ստեզծված իրավիճակից։
2022 թ. դեկտեմբերի վերջին Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտնեց, որ Ազարը լինելու է այն ֆուտբոլիստներից մեկը, ով շատ խաղաժամանակ է ստանալու մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Այդուհանդերձ, այդ պահից ի վեր Ազարն մասնակցել է միայն Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերենոյի» դեմ հանդիպմանը (1:0)` դաշտում անցկացնելով միայն 68 րոպե։
Մյուս բոլոր հանդիպումները 32-ամյա ֆուտբոլիատը կա՛մ բաց է թողել վնասվածքի պատճառով կա՛մ մնացել է պահեստայինների նստարանին։
Առհասարակ, Ազարը վերջին անգամ Լա լիգայի շրջանակում որևէ հանդիպման մասնակցել է 2022 թ. սեպտեմբերի 11-ին 5-րդ տուրում «Մալյորկայի» դեմ կայացած խաղում (4:1)։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբի մարզչական շտաբն Ազարի հիասթափությունը նորմալ է համարում, քանի որ նման էմոցիաները բնորոշ են այն խաղացողներին, ովքեր հազվադեպ են խաղադաշտ դուրս գալիս:
Դրան զուգահեռ, «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը կարծում են, որ Ազարի բախտը վնասվածքների հարցում այնքան էլ չի բերել, և չնայած դրան, նա իրեն շարունակում է պահել պրոֆեսիոնալի նման և խնդիրներ չի ստեղծում ակումբի համար։
Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, սակայն մինչ օրս «սերուցքայինների» կազմում անցկացրել է ընդամենը 73 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ