«YOU’LL NEVER WALK ALONE»-ը, հնարավոր է, դառնա Բարսայի մարզադպրոցի կարգախոսը
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է ակումբի հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։
Լապորտան նշել է, որ նա իր թիմի հետ ունի կառավարման եզակի մոդել, որը պետք է կառուցված լինի «Լա Մասիայի» (խմբ․՝ «Բարսելոնայի» մարզադպրոցի անվանումը), մարզական հավակնությունների, տնտեսական պատասխանատվության և համաշխարհային ասպարեզում Կատալոնիայի ներկայացվածության վրա։
«Երբ սիրում ես, քեզնից գալիս է միայն լավագույնը, և մենք այստեղ ենք, քանի որ սիրում ենք «Բարսան»»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է նրա պաշտոնական կայքը։
Բացի դրանից, Լապորտայի կայքում նշվում է, որ «Լա Մասիան» պետք է դառնա անհատականացման հիմնական աղբյուր ակումբի համար։ Հաղորդվում է, որ եթե Ժոան Լապորտան հաղթի նախագահական ընտրություններում, ապա «Բարսելոնայի» մարզական դպրոցի կարգախոս կդարձնի հանրահայտ You Will Never Walk Alone արտահայտությունը (խմբ․՝ հայերեն՝ դու երբեք մենակ չես լինի), որը ֆուտբոլային աշխարհում առավել հայտնի է որպես «Լիվերպուլի» օրհներգ։
Հավելենք, որ «You Will Never Walk Alone» երգը գրվել է 1945 թվականին ամերիկացի կոմպոզիտորներ Օսկար Համերշտայնի Երկրորդի և Ռիչարդ Ռոջերսի կողմից։ Երգը գրվել է «Կարուսել» ֆիլմի համար։
Այն պաշտոնապես համարվում է «Լիվերպուլի» օրհներգը, որը մերսիսայդյան ակումբի երկրպագուներն առաջին անգամ կատարել են 1965 թվականին Անգլիայի գավաթի հանդիպումներից մեկի ժամանակ։
# Youll never walk alone, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա Մասիա, Լիվերպուլ